«Ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստ լինեն ինչպես ընտրական փուլում իշխանության այս ագրեսիվ վարքագծին, այդպես էլ հետընտրական փուլում», «Առավոտի» զրուցակիցն է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
-Նախընտրական քարոզարշավին վստահաբար հետեւում եք, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք բնութագրում քարոզարշավի առաջին փուլը։ Նիկոլ Փաշինյանի նյարդային, հիստերիկ դրսեւորումները, մեզ արդեն լավ ծանոթ՝ ընդդիմադիրներին «ասֆալտին կփռեմ, պատերին կծեփեմ-2» օպերացիան ինչի՞ համար են, երբ արդեն տեւական ժամանակ է, թե Փաշինյանը, թե մյուս՝ տարբեր տրամաչափի ՔՊ-ականները խոսում էին այն մասին, որ իրենք բարձր վարկանիշ ունեն, սահմանադրական մեծամասնսություն ունենալու խնդիր չունեն։
-Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, վարքագիծը մշտապես կառուցված է եղել հասարակության տարբեր խմբերին՝ միմյանց դեմ թշնամացնելու, բաժանարար գծերի եւ ատելության վրա։ Այդ դրսեւորումները տարբեր փուլերում տարբեր են եղել, նաեւ կանխատեսելի էր, որ դա կարձանագրվի այս քարոզարշավի շրջանակներում։
Ինչ մնում է սահմանադրական մեծամասնություն ունենալուն․ մեկ բան է, եթե դրա հիմքում գիտական հետազոտություններ են, ինչն այս պարագայում բացառված է։ Կա նաեւ այլ հարթություն՝ այս ամենը փաստում է, որ Փաշինյանը պատրաստ է ինչպես ընտրությունները, այնպես էլ իր սահմանած նշաձողը՝ սահմանադրական մեծամասնության մասով, ստանալ ցանկացած գնով՝ ապօրինություններ, բռնություններ, խոշտանգումներ, կալանավորումներ։ Սրանք փոքր ցանկն են անօրինական դրսեւորումների, ինչն այսօր էլ գործում է։ Դրանք այսօր չէ, որ դրվել են գործողության մեջ, պարզապես ընտրական փուլում ավելի ընդգծված տեսք են ստացել։
Կարդացեք նաև
Ակնհայտ է նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր արեւմտյան հովանավորները իրավիճակին աչք կփակեն եւ տարբեր միջազգային, քաղաքական կառույցներում էլ ծածկադմփոց կկազմակերպեն։ Փաշինյանը փորձելու է նաեւ այս «քարտ բլանշը» ունենալով՝ ապօրինությունների շղթան շարունակել։
-Այս ամենի գլուխգործորցը թերեւս «Արարատցեմենտ» գործարանի ազգայնացման գործընթացն է։ Ինչո՞ւ դա հիմա արվեց։ Կարելի՞ է ասել, որ ՀԷՑ-ի ազգայնացումը «մարսեցին», այդ պատճառով էլ շարունակում է իր կամայականությունները։
-Փաշինյանի արածն աշխարհում ամենաանընդունելի գործիքներից է։ Ըստ էության, տեղի է ունենում սեփականության վերաբաշխում։ Դա նոր չէ, որ սկսվել է, բայց հատկապես ագրեսիվ բնույթ է ստացել անցյալ տարվանից՝ ՀԷՑ-ի նկատմամբ, հիմա էլ՝ «Արարատցեմենտի»։ Բնական է, որ սա ակնհայտ քաղաքական գործընթաց է։ Բոլոր այն գործարարները, ովքեր հաշտ են Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ եւ աջակցում են Նիկոլ Փաշինյանի ազգակործան քաղաքականությանը, այս պահին այդ խնդիրը չունեն։ Բայց նաեւ՝ ինչ-որ մի փուլում էլ, կարծում եմ, այդ հաշվեհարդարը նրանց հետ է տեղի ունենալու՝ անկախ այն բանից, թե նրանցից ով եւ որքանով է աջակցել Փաշինյանին կամ ՔՊ-ին։
-Իշխանության մասով հասկանալի է, ընդդիմության մասին ի՞նչ կասեք։ Որո՞նք են ընդդիմության բացթողումները։ Մինչ քարոզարշավի մեկնարկը ուժերի միավորումը չստացվեց, այժմ գոնե հետեւություններ արվո՞ւմ են, հընթացս քայլեր նախատեսվո՞ւմ են իշխանության հնարավոր գործողություններին դիմագրավելու համար։
-Ընդդիմության ամենամեծ խնդիրն այն է, որ ընտրական գործընթացներին մոտենում են դասական կերպով՝ նույնիսկ այն պարագայում, երբ իշխանության որեւէ գործողություն դասական քաղաքականության մեջ չի տեղավորվում։ Այսինքն, իռացիոնալ, ոչ քաղաքական գործընթացին քաղաքական գործիքներով դիմակայելը պարզապես հնարավոր չէ։ Խնդիրն այն չէ, որ դու եւս պետք է գնաս ապօրինի դաշտ մտնես կամ փորձես քո պայքարն այդ հարթությունում տեղավորել։ Ոչ ստանդարտ մեթոդներ պետք է նախապես մշակվեին եւ համաձայնեցվեին բոլոր ընդդիմադիր ուժերի միջեւ։ Դա էր առաջնայինը, որ պետք է արվեր, բայց իմ տեսանկյունից՝ չի արվել։ Սա հիմնական խնդիրն է, որն ընդդիմության գործելաոճում տեսանելի է։
-Տեսակետ կա, որ հնարավոր է նաեւ ընտրություններ տեղի չունենան․ ինչ-որ պատճառ-պատրվակ իշխանությունը կարո՞ղ է գտնել եւ հետաձգել ընտրությունները։
-Իշխանության կողմից հռչակված «հիբրիդային պատրեազմի» վտանգը, դիմակներով կեղծ «ահաբեկչական» խմբերի ի հայտ գալը, ողջ ընդդիմադիր դաշտին այլ երկրի գործակալներ հռչակելը եւ այլն, սրանք բոլորն այն գործընթացներն են, որով իշխանությունը փորձում է ինքն իրեն ապահովագրել՝ ընտրական գործընթացների՝ իր համար ոչ բարեհաջող ընթացքի պարագայում, սրանց հղում տալով ընտրությունները չեղարկել կամ չեղարկել այն արդյունքը, որը կարող է արձանագրվել։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ամեն գնով փորձելու են պահել իշխանությունը՝ ամենադաժան, ամենածանր, ամենաանընդունելի մեթոդներով, որոնք այս ութ տարիներին եղել են իշխանությանն ուղեկցող գործիքակազմը եւ ընդդիմադիր ուժերը պետք է պատրաստ լինեն ինչպես ընտրական փուլում իշխանության այս ագրեսիվ վարքագծին, այդպես էլ հետընտրական փուլում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.05.2026


















































