Լրահոս
Օրվա լրահոսը

Քարոզչությունը եւ ռեպրեսիաներն այլեւս արդյունավետ չեն

Մայիս 23,2026 10:00 Share

«Գելափի» վերջին հարցման համաձայն, բացի ՔՊ-ից, խորհրդարան են անցնելու 4 ընդդիմադիր ուժեր, որոնք, իրենց հանրագումարով զգալիորեն գերազանցելու են իշխող ուժին: Ինչպես արդեն բազմիցս գրել էի, եթե նույնիսկ այդ հարցումներում կա 4-5 տոկոսանոց անճշտություն, Փաշինյանը ոչ մի շանս չունի ազնիվ ճանապարհով ոչ միայն սահմանադրական, այլեւ պարզ մեծամասնություն դառնալու:

Դա չի նշանակում, սակայն, որ նա չի փորձի երկարաձգել իր իշխանությունը: Հակառակը՝ գրեթե համոզված եմ, որ հունիսի 8-ի հանրահավաքում կշնորհավորի ժողովրդին՝ իր տարած «հաղթանակի» կապակցությամբ եւ ինչ-որ թվեր կհայտարարի: Ես գործնականում բացառում եմ, որ Փաշինյանի նման գործիչն ընդունի ընտրություններում իր պարտությունը: Դրա համար պետք է որոշակի պետական մտածողություն, որից ներկայիս վարչապետն իսպառ զրկված է:

Ինչ գործիքներ կան Փաշինյանի ձեռքում: Դրանք, ըստ էության, երկուսն են՝ քարոզչությունը եւ ռեպրեսիվ ապարատը: Երկուսն էլ, կարծես թե, ամբողջությամբ սպառել են իրենց ռեսուրսը: «Ինսայդերական» «բացահայտումներն», իմ տպավորությամբ, երկարատեւ ազդեցության չունեցան, որքան էլ դրանք ՔՊ-ն, դրա արբանյակ կուսակցությունները, ինչպես նաեւ քարոզիչները փորձեցին «փչել»: Ի դեպ, չեմ կարծում, որ այդ նյութերը թխողները ինչ-որ «ապատեղեկատվության գուրուներ» են: Բավականին կոպիտ աշխատանք է՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի մակարդակի: Իսկ Փաշինյանի եւ ՔՊ-ականների՝ «rap battle»-ի ոճով խայթոցները, ընդունենք, երբեմն բավականին սրամիտ են, բայց այդ խայթոցները 1-2 օրվա կյանք ունեն:

Ռեպրեսիաների ազդեցությունը նույնպես սահմանափակ է: 8 տարում թե՛ քաղաքական գործիչները եւ թե՛ հասարակության ընդդիմադիր մասը սովորել է Փաշինյանի գործելակերպին եւ պատրաստ է դրան: Եթե 10 տարի առաջ օրական 10-20 հոգի ձերբակալվեր եւ 1-2 «լրտես» բացահայտվեր, այն էլ ընտրություններից առաջ, դա հասարակության մեջ շոկ կառաջացներ: (Էլ չասեմ, թե ինչ էին անելու հ/կ-ականները): Հիմա արձագանքը բավականին հանգիստ է:

Ենթադրենք, որ Նարեկ Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը կձերբակալվեն, եւ Մակրոնն ու Ուրսուլան կասեն, որ դա OK է: Չեմ կարծում, որ դա էապես կազդի ընտրությունների արդյունքների վրա: Ավելին՝ գուցե դա ավելի կհամախմբի ընդդիմադիր ընտրազանգվածին: Օրինակ, ես ամենեւին Անդրանիկ Թեւանյանի համակիրը չեմ, բայց նրա դեմ ինչ-որ «լրտեսության» հոդված կարելը պարզապես խայտառակություն եմ համարում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մի րոպե պատկերացնենք, թե սովետի կգբ ն դիմացավ գայթակղությանը եւ գորբաչովներն ու ելցինները չկարողացան քանդեն երկիրը: Ի՞նչ կլիներ, գորբաչովներն ու ելցինները պետական դավաճանության հոդվածով կդատվեին: Ի՞նչ կլինի, եթե մեր այսօրվա ԱԱԾ ն դիմանա գայթակղությանը.. Եթե այնտեղ ազգայինը արժեք ունի, ուրեմն երկիրը չի քանդվի..
    Այսօր աշխարհի բոլոր պետություններն են քանդվում, հերիք է քո ընդամենը մի ռազմավարական օրգանից բռնեն, մնացած ռազմավարական ու առավել եւս ոչ ռազմավարական օրգանները հոժարակամ ոչխարի նման կհետեւեն բռնված օրգանի հետեւից՝ եթե ձվ..ցդ բռնեն, գլուխդ ուրի՞շ ուղղությամբ է գնալու: ԱԱԾ ն մեր ազգի դիմադրողականությունն է, կարող ես ունենալ հզոր բանակ, կարող ես ունենալ հզոր տնտեսություն, բայց եթե չունես ԱԱԾ իմունիտետ, թշնամու էն ամենաքոսոտ թույլ բանակն էլ ու քոչվոր բոմժն էլ քեզ կուտի կպրծնի:
    Ո՞րն է այն թույնը, որը քայքայում է պետությունները: Ինչո՞ւ ամենաժողովրդավար ամենահարուստ երկրները պետական պարտքեր ունեն, որովհետեւ նրանց ֆինանսական բանկային ծառայությունը իրենց անվտանգության ծառայության հետ կոչվո՛ւմ են միայն ազգային, իրականում դրանք վերպետական ապազգային հանցագործ կառույցների ֆիլիալներ են, այդ պարազիտները ազգային փողի, ազգային անվտանգության անվան տակ մտել են պետության օրգանիզմ եւ ներսից հոշոտում են: Համոզված եմ, որ եթե մի տառ ավելացնենք ազգային բառին, ամեն ինչ կշտկվի, դա Հ տառն է՝ Հայ Ազգային Անվտանգության Ծառայություն:

Պատասխանել