ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում Շիրակի մարզում։ Հանդիպումները հիմնականում դահլիճային են․ Սառնաղբյուրում նա խոսեց ճանապարհների ապաշրջափակման մասին։
Ասաց՝ պատմական իրադարձություններ են տեղի ունենում, Հայաստանը ևս մեկ ուղղությամբ երկաթուղային կապ է ստանում․ Ախալքալաք-Կարս երկաթուղով բացվում են մեր ճանապարհները, և ի վերջո շրջափակումը քայլ առ քայլ հաղթահարվում է։
«Ինչպես նախորդ տարվա վերջում Հայաստանը հնարավորություն ստացավ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, հետագայում նաև դեպի Ղազախստան, հետագայում դեպի Չինաստան երկաթուղային կապ ստանալու, հիմա մենք էլի Վրաստանի տարածքով՝ Ախալքալաք-Կարս երկաթուղով հնարավորություն ենք ստանում երկաթուղային կապ ստանալ եվրոպական երկրների հետ և Սիրիայի Արաբական Հանրապետության հետ։
Ես ուզում եմ մենք գնահատենք իրադարձությունը, սա նշանակում է` Հայաստանի համար մեծ շուկաներ են բացվելու, արտահանման հնարավորություններ են բացվում, և սա շատ կարևոր և դարակազմիկ իրադարձություն է։
Կարդացեք նաև
Առաջիկայում մեր բիզնես պատվիրակությունները, մեր արտահանողները կմեկնեն տարածաշրջան, կմեկնեն Թուրքիա, կկազմակերպենք հետագայում Սիրիա, եվրոպական երկրներ, կկազմակերպենք նաև այն երկրները, որոնք Եվրոպական Միության երկիր չեն և որոնց հետ մենք լավ կապեր ու հարաբերություններ ունենք։
Սա շատ էական է, ուզում եմ ասել, որ մեր տնտեսությունը շարունակում է շատ լավ տեմպերով աճել »,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց՝ հիմա կասեք՝ ինչ կապ ունի այս թեման Սառնաղբյուրի հետ, ըստ վարչապետի՝ ինչքան շատ են աճում պետական բյուջեի եկամուտներն, այնքան մեծ հնարավորություն են ունենում տարբեր բնակավայրերում ծրագրեր իրականացնել։
Նա խոսեց նաև Գյումրի- Ախուրիկ երկաթուղու բացման մասին, ասաց ՝ Թուրքիայի կողմից սկսվել են աշխատանքները, երկաթուղին բացվելու է, անդրադարձավ նաև «TRIPP ուղի» նախագծի մասին։
Ըստ նրա, Հայաստանն աշխարհի ծայրամասից քաղաքական ու տնտեսական իմաստով տեղափոխվել ու դարձել է աշխարհի կենտրոն։
«Մենք Մեղրիից ունենալու ենք երկաթուղի, Մեղրիից մտնելու է Նախիջևան, Նախիջևանից Երասխ, Երասխից գալու է Գյումրի, մտնելու է Ախուրիկ, Ախուրիկից մտնելու է Թուրքիա։
Մեր նոր նախագծի իրագործման արդյունքում նաև բացվելու է Իրան-Հայաստան երկաթուղին։ Մենք ունենալու ենք երկաթուղային կապ մինչև Սև Ծով, Բաթումի, Քեթի և Անակլիա նավահանգիստներ», -ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































