Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի խնամու տունը կբռնագանձեն ու կվերածեն ծերերի կենտրոնի․ Նիկոլ Փաշինյանը՝ Սառնաղբյուրում

Մայիս 24,2026 14:42 Share

Նիկոլ Փաշինյանն այսօր թե՛  Սառնաղբյուրում, և թե՛ Մարալիկում անդրադարձավ, իր բնութագրմամբ, «պատերազմի եռագլուխ կուսակցություններին»՝ «Ուժեղ Հայաստանին», ԲՀԿ-ին ու  «Մայր Հայաստան» դաշինքին ՝ հայտարարելով, որ նրանք Հայաստանից դուրս փողեր են ծախսում Հայաստանի համար պրոբլեմներ ստեղծելու համար։

Սակայն Նիկոլ Փաշինյանի ասելով՝ այդ պրոբլեմները չեն կարող լինել երկարատև, իսկ հունիսին այլևս գոյություն չեն ունենա։

«Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում պարզ ասում է հետևյալը՝ ես ակնկալում եմ Հայաստանի համար պրոբլեմներ, պարզ է, որ դու ակնկալում ես պրոբլեմներ, մենք էլ ոչ միայն ակնկալում ենք Հայաստանի պրոբլեմների համար լուծում, այլևս լուծել ենք, լուծում ենք Հայաստանի հետ կապված բոլոր պրոբլեմները, այստեղ որևէ կասկած լինել  չի կարող։

Մենք էլ պրոբլեմներ ենք ակնկալում, բայց իրենց համար։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի համար ակնկալում ենք մեծ պրոբլեմներ, որ ինքը շատ երկար ժամանակ նստի բանտում մարտի մեկի գործով։

Ես պրոբլեմներ եմ ակնկալում կալուգացի օլիգարխի համար, որը տասնյակ տարիներով մեր մանկապարտեզների, մեր զորամասերի, ընդhանրապես մեր բնակչության վրա ավել հոսանքի փող է  գրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե ժողովուրդը այս տարվա հունվարին հոսանքի համար ավելի պակաս գումար է վճարել, քան անցած տարվա հունվարին։ Անցած տարվա հունվարին, երբ ՀԷՑ-ը գտնվում էր Սամվել Կարապետյանի տիրապետության տակ, բոլորի վրա ավել գումար էին գրում։

Փաշինյանը հարցրեց՝ գիտեք ով է սա բացահայտել և ինչպես է բացահայտել։

Ըստ նրա, սա բացահայտել է Երևանի պետական համալսարանում տեղադրված սուպերհամակարգիչը։ Պետական բյուջեից 2 կամ 3 միլիոն դոլար են ծախսել այդ համակարգիչը տեղադրելու վրա, տվյալները տվել են սուպերհամակարգչին, այն վերլուծել է ու ֆիքսել, որ այս տարվա  հոսանքի վճարները միլիարդներով պակաս են նախորդից։

«Տասնյակ միլիարդավոր դոլարներ են գողացել ձեզանից՝ հոսանքի ավել գումարներ գրելով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ որոշում են կայացրել, որ կոպեկներով ձեռք բերած ՀԷԿ-ը լինի պետական։

Նա անդրադարձ կատարեց նաև Գագիկ Ծառուկյանի խնամուն, ասաց՝ Ծառուկյան-Գուլոյան կլանից առաջին խոշոր բռնագանձումն են իրականացրել․ Կոտայքի նախկին մարզպետ Կարո Գուլոյանի առանձնատունը, ըստ Նիկոլ  Փաշինյանի, 2,5 միլիոն դոլար շուկայական  արժեքով, այլևս Հայաստանի ժողովրդի սեփականություն ն է և առաջիկայում այնտեղ ստեղծելու են ծերերի խնամքի կենտրոն։

Նա նաև հայտարարեց, որ ֆինանսների նախկին նախարար  (ի նկատի ունի Գագիկ Խաչատրյանին, Ա․ Ն․) առանձնատունն են բռնագանձել, հանել են վաճառքի ԱՄՆ-ում և վաճառքի գնի 70 տոկոսի փոխանցում է տեղի ունենում ՀՀ պետական բյուջեի, իսկ  թե ինչու 70 տոկոսը, դա կապված է ՀՀ օրենսդրության հետ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, այս գումարներով թոշակ են ավելացրել, առողջապահության ապահովագրության համակարգ են ներդրել, դպրոց, ճանապարհ են կառուցել։

Նա հայտարարեց, եթե հունիսի 7-ին իր օգտին չքվեարկեն Գուլոյանի առանձնատունը հետ կգնա Գուլոյանին, ՀԷՑ-ը՝  «կալուգացի օլիգարխին»։

Նա նշեց, որ 8 տարվա վարչապետ է, ինչ գույք հայտարարագրել է, մի աթոռ ավել չունի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031