«Մեր հասարակության ներսում կա տագնապի զգացում, քանի որ վերջին շրջանում տեսել ենք՝ ինչ դինամիկ կերպով Ադրբեջանի կողմից ներկայացված ցանկացած պահանջ ի կատար է ածվում օրվա իշխանությունների կողմից: Հաշվի առնելով՝ ինչ նոր հրեշավոր ծրագիր է մշակվել Ալիեւի ու Փաշինյանի կողմից՝ մենք մեր հանրությանն առաջարկում ենք այդ ամենի կանխարգելման օրենսդրական փաթեթ: Այն կոչվելու է Սաֆարովի կանխարգելման օրինագիծ կամ ատելության կանխարգելման օրենսդրական փաթեթ»,- այսօր հրավիրած հանդիպման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդեւանյանը:
Ըստ նրա՝ օրենսդրական փաթեթով առաջարկվում է՝ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձինք՝ լինի թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձ՝ որպես քողարկված իրական շահառու Հայաստանում գործունեություն իրականացնող, չեն կարողանալու Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք: «Մեր Սահմանադրությամբ կա մեխանիզմ հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակման, բայց մենք խոսում ենք նաեւ անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակման մասին»,- ասաց Վարդեւանյանը:
«Ուժեղ Հայաստանի» մեկ այլ պատգամավորի թեկնածու՝ Գոհար Մելոյանն էլ նկատեց, որ մենք այսօր ազգային անվտանգության լրջագույն խնդիր ունենք. «Այսօր Հայաստանի հանրապետությունում ամենից շատն է արծարծվում խաղաղությունը, բայց այդ խաղաղությանը եւ ստորագրված փաստաթղերին զուգահեռ՝ մեր երկրի ինքնիշխան տարածքում խախտված է տարածքային ամբողջականությունը: Հայաստանի 4 մարզերում ադրբեջանական զինված ներկայություն կա: Չնայած որ ստորագրվել են փաստաթղթեր, որոնք ենթադրում էին, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է երաշխավորվի, բայց դրան զուգահեռ՝ ադրբեջանական զորքերը ոչ միայն չեն հեռացել այդ տարածքներից, այլեւ օդում կախված է մնացել, այսպես կոչված, անկլավների հարցը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































