Հայաստանն այնքան շատ է զիջել, այլեւս զիջելու տեղ չունի: Այսօր Վայքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացու հարցին, թե ընտրվելու դեպքում ինչ է սպասվում Տիգրանաշենին:
«Իրենք Կիրանցում բավականին մեծ տարածքներ հանձնեցին Ադրբեջանին մոտ երկու տարի առաջ: Բայց ընդամենը երկու շաբաթ առաջ են հաստատել դելիմիտացիայի նորմատիվային փաստաթղթերը: Չեն եղել փաստաթղթեր, որոնցով պետք է դելիմիտացիա անես, բայց այնտեղ հողերն արդեն հանձնել են ու հայտարարել, որ դելիմիտացիան արդեն արել են: Սա եւս մի քրեական գործ է, որը Փաշինյանն արդեն շալակել է: Առանց քարտեզների ու փաստաթղթերի դելիմիտացիա ես արել: Նման հարցերը չեն կարող կտոր-կտոր լուծվել, ընդհանուր մոտեցման մեջ պետք է ամբողջական որոշումը թղթի վրա դրվի: Տիգրանաշենը չի կարող հանձնվել Ադրբեջանին, ուղղակի բացառվում է»,- ասաց Քոչարյանը:
Քոչարյանն ասաց, որ այս իշխանության ներկայացուցիչների անունը դրել է քաղաքական խարդախներ ու հիշեցրեց 2021-ի Փաշինյանի հայտարարությունները՝ միացում, Հադրութ, Շուշի, դեօկուպացիա. «Հայտարարում էր՝ վերադարձնելու է, ամեն ինչ անելու է. բայց ժողովրդին խաբեց: Մեր միամիտ ընտրողներին խաբեց, մանդատը ստացավ, հետո ասաց՝ կապ չունի՝ ինչի համար եմ մանդատ ստացել, մանդատ եմ ստացել՝ Ալիեւին իմ խոստումները կատարելու համար: Բրիտանական ասացվածք կա, եթե մեկը քեզ խաբել է մի անգամ, ամոթ իրեն, եթե քեզ խաբել է երկու անգամ, ամոթ քեզ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































