Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում»․ Արարատ Միրզոյան

Մայիս 26,2026 18:55 Share

«Որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում, քաղաքական երկխոսության մեջ, տնտեսական հարաբերություններում՝ ո՛չ ուղիղ, ո՛չ էլ մեր գործակցության բազմակողմ հարթակներում` ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում և այլուր։ Մենք կարծում ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են, իսկ խնդիրներ բոլոր հնարավոր հարաբերություններում ժամանակ առ ժամանակ առաջանում են, պետք է լուծել։

Մենք հույս ունենք բոլոր այդ տեսակի խնդիրները կառուցողական մթնոլորտում քննարկել»,– այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով ռուսական կողմից հայկական որոշ ապրանքատեսակների՝ ջերմուկի, ծաղիկների, բանջարեղենի և մրգերի մուտքի արգելքին վերաբերող հարցին էլ՝ Արարատ Միրզոյանը հորդորեց հարցը չքաղաքականացնել և չկապել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության կամ ընտրական գործընթացների հետ․ «Այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես։ Մի քիչ ջանքի դեպքում կտեսնենք, որ որևէ ալկոհոլային խմիչքի կամ բանջարեղենի, մրգի արգելափակման խնդիր եղել է 5 տարի առաջ, 10, 12, 20, 25 տարի առաջ։ Հենց սեզոնը բացվում է՝ խնդիր է լինում։ Կարևոր է նաև ասել՝ այնպես չէ, որ գինիների մուտքը փակված է ՌԴ, այլ մեկ կոնկրետ ընկերության, այն էլ ոչ ամբողջ արտադրանքի, այլ մի արտադրատեսակի հետ է կապված խնդիրը։ Ինչո՞ւ ենք բացառում, որ խնդիրները կարող են օբյեկտիվ լինել»։

Եթե կա հակվածություն վերագրել առկա խնդիրները ընտրությունների կամ էլ ԵՄ հարաբերությունների հետ, ասաց․ «Պետք է հիասթափեցնեմ այդպես մտածողներին։ Այս տեսակ խնդիրներ եղել են մշտապես»։

Արարատ Միրզոյանը կարևոր է համարում Հայաստանի տնտեսական անվտանգության մակարդակի բարձրացումն ու տնտեսական դիվերսիֆիկացիան, քանի որ ցանկացած երկրի համար կենսական են սպառման և մատակարարման բազմաթիվ աղբյուրներ ունենալը։ Վստահեցնում է՝ պետությունն այս ուղղությամբ շարունակում է աշխատել, բայց հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը, քանի որ առևտուր պետք է անի բիզնեսը։

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031