Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ճնշման ալիքով Հայաստանը մոտեցրին վտանգավոր կետի

Մայիս 27,2026 11:00 Share

Սկիզբը՝ այստեղ 

Աշխարհաքաղաքական ընտրության պահանջ. տնտեսական լծակներից՝ մինչեւ քաղաքական սպառնալիքներ

ԵԱՏՄից դուրս գալու հարց չկա, բայց Մոսկվան ստիպում է «ընտրություն կատարել»

Մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվելու է Հայաստանի անդամակցության հարցը, այս մասին հայտնել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Այսինքն՝ ԵԱՏՄ ղեկավարները Հայաստանի կարգավիճակի հարցն են քննարկելու։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի Անվտանգության խորհրդում Հայաստանի հարցով հատուկ խմբի քննարկման բաց հատվածից տարածված կադրերում երեւում էր, որ հանդիպմանը մոտ երկու տասնյակ ռուս պաշտոնյա է մասնակցել։ Ըստ «Կոմերսանտի»՝ ներկա են եղել ԵԱՏՄ հարցերը համակարգող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, կապի նախարարը, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ու «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարները, երկու փոխարտգործնախարարներ, էներգետիկայի նախարարի առաջին տեղակալը, ինչպես նաեւ ուժայիններ, նրանց թվում՝ ներքին գործերի նախարարի տեղակալն ու Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալը։

Այս հանդիպումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը, մինչեւ ավարտվեն ջերմոցների ստուգումները, այնուհետեւ՝ «Ջերմուկ» հանքային ջրի եւ մի շարք ալկոհոլային խմիչքների վերաբերյալ սահմանափակումներ մտցվեցին։ Բեռնափոխադրողներն էլ իրենց հերթին դժգոհում են թե՛ մուտքի, թե՛ Հայաստան հասնելու բարդությունների մասին։

Երեւանում չեն կարծում, թե Նիկոլ Փաշինյանի որոշումը կփոխվի, ու նա կմեկնի Աստանա։ Փաշինյանն ասել էր՝ իր փոխարեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին։

Միեւնույն ժամանակ Երեւանից հակադարձում են, թե մտադիր չեն ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմում ներկայացնել, եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները կշարունակեն խորացնել, երբ գա ընտրության պահը, որոշում կկայացնեն։

Ավելին, Հայաստանի իշխանությունները, այդուհանդերձ, վստահ են, որ Մոսկվան կտրուկ գործողությունների չի գնա։

Փաշինյանը պնդում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, Երեւանն էլ Մոսկվայի շահերին վերաբերվում է հարգանքով։ «ԵԱՏՄ-ում կարգավիճակի հարցը ԵԱՏՄ կարգավորումներով կարող է քննարկել միայն Հայաստանը, այսինքն՝ անդամ երկիրը, որը կարող է որոշել դուրս գալ։ Բայց մենք ցանկացած հարց կարող ենք քննարկել, ենթադրում եմ՝ մեր գործընկերների մոտ կարող են հարցեր ծագել, մենք բոլոր հարցերին համբերատար կպատասխանենք», – նշել էր Փաշինյանը։ Նա նաեւ կարծիք էր հայտնել. «Ես հասկանում եմ, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ճգնաժամ հարուցել ցանկացողների թիվը բավականին մեծ է, բայց ես, ինչպես ասել եմ՝ մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, չենք կռվելու»։

Ավելին, Փաշինյանն ընդգծել էր. «Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ես ունեմ ընկերական հարաբերություններ՝ բառիս բուն իմաստով։ Այս ընթացքում մենք մոտ 200, հիմա թիվը կարող է մի քիչ խառնեմ, հեռախոսազրույց ենք ունեցել։ Ռուսաստանը գերտերություն է, եւ Ռուսաստանին պետք է վերաբերվել հարգանքով, ակնածանքով, ինչպես գերտերությանն են վերաբերվում։ Ես այդպես էլ վերաբերվում եմ ոչ միայն Ռուսաստանին, այլեւ Ռուսաստանի նախագահին եւ Ռուսաստանի կառավարության ղեկավարին։ Բայց ես իրենց մի բան եմ ասում, ասում եմ՝ մենք Ռուսաստանի շահերը վնասելու համար երբեք չենք արել ոչ մի բան ու չենք անի»։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ օրերս նկատել է, թե Երեւանում գիտակցում են, որ երկու կառույցներն անհամատեղելի են, բայց դեռեւս չեն պատրաստվում ընտրություն կատարել դրանց միջեւ։ «Ազատության» հետ զրույցում Միրզոյանը պնդել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից, եւ այս պահին կառույցից դուրս գալու հարց չկա։ Միրզոյանն անգամ պնդել էր, որ ինքն էլ չի հասկանում՝ ի՞նչ նկատի ուներ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, երբ ասում էր՝ մայիսի վերջին Աստանայում ծրագրված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու է նաեւ կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի հարցը։

Միրզոյանից հետաքրքրվել էին՝ Երեւանը տեղեկացվա՞ծ է, հնարավո՞ր է՝ միությունը լքելու հարց դրվի։ «Հայաստանի կարգավիճակը ԵԱՏՄ-ում հստակ է, Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է։ Չկա այդպիսի բան կանոնադրությամբ նախատեսված։ Դա մեր կողմից կարող է քննարկվել, եթե մենք հանկարծ մի օր որոշում կայացնենք չլինել ԵԱՏՄ անդամ։ Խոսել միշտ կարող են, մենք էլ միշտ կարող ենք մասնակցել ցանկացած թեմայով խոսակցության, բայց մեր օրակարգում այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ, հետեւաբար այդ քննարկումը շատ սիրողական կամ փիլիսոփայական բնույթ կարող է կրել։ Եթե որեւէ մեկը հարց ունի, կարող ենք քննարկել, ոչ մի խնդիր չեմ տեսնում», – նշել էր Միրզոյանը։ Նա ԵԱՏՄ կանոնադրությանն էր հղում արել եւ նկատել, թե նախատեսված չէ, որ անդամ երկրները կարող են դիտարկել մեկի լիարժեք անդամ չլինելու հարցը։ «Բոլորը հավասար ձայնի իրավունք ունեն, եւ կազմակերպության անդամությունից որեւէ մեկին զրկելու բան, որքան ես հիշում եմ, նախատեսված չէ», – ասել էր Արարատ Միրզոյանը։

Այսպես, Հայաստանի իշխանությունները վստահ են, որ Ռուսաստանը չի գնա կտրուկ գործողությունների։ Փորձ է արվում տպավորություն թողնել, որ Ռուսաստանից գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող հայտարարություններից իշխանություններն առանձնապես անհանգստացած չեն։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի գնահատականին, թե Հայաստանը դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է անում։ «Ես չեմ կարծում, որ պնդումը իրականության հետ կապ ունի, եւ Հայաստանը որեւէ քայլ չի արել, չի անում եւ չի էլ նախապատրաստվում անել Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության դեմ։ Ես հասկանում եմ՝ իրենց մոտ նյարդ կա, որովհետեւ իրենք հիմա շատ ծանր պատերազմական փուլում են գտնվում… տենց բան գոյություն չունի», – նշել էր Սիմոնյանը։

Սերգեյ Շոյգուն Մոսկվայի առարկությունների հետ միասին նաեւ հիշեցրել էր Ռուսաստանից Հայաստանի տնտեսության կախվածության մասին, որ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալներով Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, Մոսկվան Երեւանին գազը վաճառում է շուկայականից երեք անգամ ցածր գներով, ալյուրը, հացահատիկը, պարարտանյութերը, դիզելային վառելիքը եւ բենզինը՝ արտոնյալ պայմաններով։

«Ի վերջո, դա փոխշահավետ է՝ էդ համագործակցությունը», իր հերթին այսպես էր հակադարձել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարին Հայաստանի արտաքին գործերի նախարարը՝ նկատելով, թե Ռուսաստանից ապրանքները Հայաստանը ձրի չի ստանում։ «Դե մենք կարծում ենք, որ էդ գործընկերությունը նորմալ կշարունակվի, եւ մենք աշխատում ենք էդ ուղղությամբ, որ նորմալ ամեն ինչ շարունակվի», – ասել էր Միրզոյանը։

Հայաստանի կառավարությունն ունի՞ «պլան Բ», եթե ռուսական կողմը գնա կոնկրետ գործողությունների, օրինակ՝ խնդիրներ ստեղծի նաեւ ցորենի արտահանման համար կամ թանկացնի գազը։

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը վստահ է՝ հայ-ռուսական լարվածության վերջին օրը կլինի հունիսի 7-ը, ընտրության հաջորդ իսկ օրը ամեն ինչ լինելու է իդեալական։ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր խոսակցությունները կավարտվեն հունիսի 8-ի առավոտյան, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարձանագրի արդյունքները, եւ դուք կտեսնեք մեր ժողովրդի քվեն, եւ դրանից հետո բոլոր հարցերը կփակվեն», – լրագրողների հետ զրույցում նշել էր Պապոյանը։ «Հայաստանի Հանրապետությունն ունի անհրաժեշտ պաշարներ, Հայաստանի Հանրապետությունն ունի դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ, Հայաստանի Հանրապետությունը ստանում է եւ կստանա կայուն ցորեն, եւ այդ մասով մեր քաղաքացիները որեւէ մտահոգություն ունենալ չեն կարող։ Բոլոր մեխանիզմները կան, մշակված են, դրված են, բայց մենք հավատացած ենք, որ ձեր ասած սցենարը տեղի չի ունենա», – ասել էր Պապոյանը։

 Արդյո՞ք Մոսկվան եւ Երեւանը բարեկամներ ենԸստ Պեսկովի՝ «անկասկած»

Այսպես, Մոսկվայից պնդում են՝ «երկու աթոռի վրա միաժամանակ հնարավոր չէ նստել»։ Մոսկվայի համար ընդունելի չէ հայկական կողմի դիրքորոշումը, թե Հայաստանը ձգտում է ԵՄ ստանդարտներին, սակայն միեւնույն ժամանակ շարունակում է օգտվել այն արտոնություններից, որոնք տրամադրում է ԵԱՏՄ-ն։ Առավել քան հստակ Մոսկվան արդեն մի քանի ամիս շարունակ ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հետեւաբար, Մոսկվայից ասում են՝ «Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել տնտեսական հարաբերությունները», եւ որ «Երեւանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր օգուտները»։

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը, հավանաբար, կպահպանվի։ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կշարունակի համատեղել քաղաքական ճնշումը տնտեսական սահմանափակումների եւ հրապարակային հայտարարությունների հետ՝ փորձելով ստիպել Երեւանին հստակ ընտրություն կատարել։

Միեւնույն ժամանակ, Մոսկվան դեռեւս չի հայտարարում Հայաստանի հետ հարաբերությունների կտրուկ խզման մասին, քանի որ շահագրգռված է Հայաստանը պահել իր ազդեցության եւ ինտեգրացիոն համակարգերի ներսում։ Այդ իսկ պատճառով մոտ ապագայում առավել հավանական է ոչ թե բաց խզումը, այլ երկարատեւ ճնշումների, փոխադարձ անվստահության եւ փուլային սրացումների ընթացքը՝ զուգորդված պատժամիջոցների նյարդեր մաշեցնող քաղաքականությամբ։

Երեւանից եւ Մոսկվայից վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ կտրուկ որոշումներ չեն կայացվի։ Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական եւ տնտեսական կապերը, լրագրողների հետ զրույցում օրերս նշել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք տրամադրված ենք եւ ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները եւ խորացնել դրանք», – ընդգծել է նա՝ վստահեցնելով, որ Հայաստանի որեւէ հարաբերություն որեւէ երկրի հետ ուղղված չէ որեւէ այլ երրորդ երկրի դեմ։ «Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները ե՛ւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ում հետ մենք հայտարարել ենք ռազմավարական գործընկերություն, ե՛ւ մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրոպական Միության անդամ երկրների եւ ոչ միայն անդամ երկրների հետ, արեւելքում, հարավում, բոլորի հետ շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները, եւ սա որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության դեմ», – ասել է Միրզոյանը։

Մոսկվան էլ ի գիտություն է ընդունում ՀՀ իշխանությունների վերջին օրերի ուղերձները։

«Վերջին օրերին մենք լսել ենք հայտարարություններ ե՛ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ արտգործնախարարի կողմից, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ Մենք լսել ենք այդ հայտարարությունները», – նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանը եւ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամներ, շարունակում են մնալ բարեկամներ եւ պահպանում են երկխոսությունը, կշարունակենք դա անել հետագայում եւս, վստահեցրել է Կրեմլի խոսնակը։ Իսկ պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան եւ Երեւանը բարեկամներ են, Պեսկովը շեշտել է. «Անկասկած»։

Պեսկովը նշել է, որ դեռեւս բաց է Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի հետագա ճանապարհի ընտրության հարցը՝ հիշեցնելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, սակայն միեւնույն ժամանակ զարգացնում է հարաբերությունները նաեւ իր արտաքին քաղաքականության այլ վեկտորներով, մասնավորապես՝ Եվրոպայի հետ։

Այնուամենայնիվ, Պեսկովը հարկ է համարել հիշեցնել, որ Ռուսաստանը էներգակիրների վստահելի մատակարար է, հատկապես՝ գործընկերների համար, սակայն գազի՝ Երեւանի համար գրավիչ արտոնյալ գինը կարող է սկսել ձեւավորվել շուկայական հիմքի վրա, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը։ «Այդպիսի արտոնյալ ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար, դա, իհարկե, Եվրամիությունն է։ Այնտեղ արդեն գների կատեգորիան լրիվ այլ է՝ այն շուկայական է։ Դա շատ լավ հայտնի է Երեւանում մեր բարեկամներին», – նշել է Կրեմլի խոսնակը։

 Մոսկվան նվազեցրեց Երեւանի կողմից հավասարակշռության հանդեպ հանդուրժողականությունը

Այսպիսով, հայ-ռուսական հարաբերությունները ներկայումս գտնվում են անվստահության, սակայն վերահսկվող լարվածության փուլում։ Մոսկվան ավելի բաց եւ կոշտ ձեւակերպումներով ազդարարում է, որ Հայաստանի՝ եվրոպական ուղղությամբ քաղաքական ակտիվությունը հակասում է ԵԱՏՄ ինտեգրացիոն տրամաբանությանը։

Ռուսաստանի պաշտոնական շրջանակներից հնչող հայտարարությունները, ինչպես նաեւ տնտեսական սահմանափակումների կիրառումը՝ ծաղիկների, խմիչքների եւ բեռնափոխադրումների ոլորտներում, փաստացի դիտարկվում են որպես քաղաքական ճնշման գործիքներ։

Միեւնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն փորձում են ցույց տալ, որ չեն պատրաստվում կտրուկ խզման գնալ Ռուսաստանի հետ։ ՀՀ պաշտոնյաների հայտարարություններում կրկնվում է նույն հիմնական ուղերձը՝ Հայաստանը չի ցանկանում հակառուսական քաղաքականություն վարել, չի պատրաստվում վնասել Ռուսաստանի շահերը եւ շարունակում է կարեւորել տնտեսական ու քաղաքական համագործակցությունը։

Սակայն ակնհայտ է, որ Մոսկվան աստիճանաբար նվազեցնում է նման հավասարակշռության հանդեպ հանդուրժողականությունը։ «Երկու աթոռի վրա նստելու» անհնարինության մասին ՌԴ-ից հնչող հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանը պահանջում է ավելի հստակ քաղաքական կողմնորոշում։ Հատկապես կարեւոր է, որ ռուսական կողմը բաց տեքստով հիշեցնում է Հայաստանի տնտեսական կախվածության մասին՝ գազի արտոնյալ գների, հացահատիկի, վառելիքի եւ ԵԱՏՄ շուկայի առավելությունների մասին։ Սա նշանակում է, որ ապագայում տնտեսական լծակները կարող են ավելի ակտիվ օգտագործվել քաղաքական նպատակներով։

Այնուամենայնիվ, նկատելի է, որ կողմերից ոչ մեկը դեռեւս շահագրգռված չէ հարաբերությունների խզմամբ։ Ռուսաստանը փորձում է պահպանել Հայաստանը իր ազդեցության գոտում, իսկ Հայաստանը՝ խուսափել տնտեսական եւ էներգետիկ ցնցումներից։

Հետեւաբար, մոտ ապագայում առավել հավանական է ոչ թե դաշնակցային հարաբերությունների կազմաքանդում, այլ երկարատեւ ճնշումների, փոխադարձ կասկածների եւ փուլային լարվածությունների շարունակությունը։

Մոսկվան ստեղծեց մի իրավիճակ, երբ հայ-ռուսական հարաբերությունների ապագան կախված կլինի նրանից, թե որքան հեռու կգնա Հայաստանը եվրոպական ինտեգրման ուղղությամբ։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031