Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպանի հայտարարությունը դատական իշխանության անկախության և անաչառության անհնարինության վերաբերյալ 

Մայիս 27,2026 16:43 Share

ՀՀ Հակակոռուպցիոն դատարանին
դատավոր՝ Լ․ Պետրոսյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

թիվ ՀԿԴ/0332/01/25 քրեական գործով Վարդան Ղուկասյանի արդար դատաքննության իրավունքի, պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման, դատական իշխանության արտաքին անկախության և անաչառության ողջամիտ անհնարինության վերաբերյալ

Պատվարժա՛ն Դատարան,

Սույն քրեական գործի շրջանակներում, ներկայացվում է սույն հայտարարություն /միջնոր-դությունը/՝ դատարանի ուշադրությունը հրավիրելու ընթացիկ դատավարության արդարության, անաչառության և Դատարանի վրա արտաքին ազդեցության ունակ հանգամանքների վրա։

  1. Փաստական հիմքերը

Տեղեկատվության բաց աղբյուրներում առկա տեսագրություններով արձանագրվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախընտրական հավաքի ընթացքում, սույն քրեական գործով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանի հասցեին, հրապարակայնորեն կատարել է հետևյալ հայտարարությունը.

«էժա՛ն, էժա՛ն, գնա՛ Վարդանիկին պաշտպանի, էժանի՛ մեկը, գնա՛ Վարդանիկիդ պաշտպանի, կաշառակեր ստահա՛կ, ստահա՛կ …»։

(տես նաև հետևյալ հղումը

Վերոնշյալ հայտարարությունը վերաբերում է փաստաբանի կողմից սույն քրեական գործով մեղադրյալ Վարդան Ղուկասյանի պաշտպանությունն իրականացնելու հանգամանքին և պարունակում է ակնհայտորեն նվաստացուցիչ, պիտակավորող և բացասական բնույթի ձևակերպումներ։

Միաժամանակ, մինչ սույն գործով Վարդան Ղուկասյանի կալանավորումը, ՀՀ վարչապետը հրապարակայնորեն հայտարարել էր, որ Վարդան Ղուկասյանին «դուրս է շպրտելու հանրային և քաղաքական կյանքից»։

Վարդան Ղուկասյանին կալանավորելուց հետո, ՔՊ կուսակցության անդամները, կազմակերպված ձևով, Վարդան Ղուկասյանին ներկայացրել են որպես հանցագործություն կատարած անձ՝ նրան մեղսագրվող արարքը ներկայացնելով որպես վերջնական՝ հաստատված հանգամանք։

Վարչապետի վերոնշված հայտարարության մեջ շեշտվում է «կաշառակեր» արտահայտությունը։

Ներկայումս Վարդան Ղուկասյանը սույն քրեական գործով շուրջ յոթ ամիս գտնվում է կալանքի տակ։

Պաշտպանության կողմին չեն տրամադրվել քրեական գործի ողջ նյութերը, Պաշտպանության կողմը հնարավորություն չի ունեցել ծանոթանալու քրեական գործի նյութերին ողջ ծավալով՝ ինչպես մինչև Վարդան Ղուկասյանի վերաբերյալ գործը դատարան ուղարկելուց առաջ, այնպես էլ դրանից հետո, քանի որ Հենրիկ Գասպարյանին առաջադրված մեղադրանքների դրվագներից մեկը ուղղակիորեն նույնն է, ինչ Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, ինչից ուղղակիորեն բխում է, որ Վարդան Ղուկասյանի մեղադրանքում նկարագրված հանգամանքների վերաբերյալ շարունակվել է նախաքննությունը՝ նույն մեղադրանքի ծավալով և նույն քրեաիրավական որակմամբ։ Նշվածի կապակցությամբ Պաշտպանության կողմի հայտարարությունները և միջնորդությունները Դատարանի կողմից մնացել են առանց պատշաճ և արդյունավետ արձագանքի։

Վարդան Ղուկասյանը հանդիսանում է ընդդիմադիր քաղաքական գործիչ և Գյումրի համայնքի ղեկավար է ընտրվել ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։

 

  1. Դատավարական նշանակություն ունեցող իրավական մտահոգությունները

Վերը նշված հանգամանքների համակցությունը պաշտպանության կողմի մոտ առաջացնում է օբյեկտիվ և ողջամիտ մտահոգություններ, որ գործադիր իշխանության բարձրագույն պաշտոնատար անձի հրապարակային գնահատականները կարող են ազդել ոչ միայն դատավարության հանրային ընկալման, այլ նաև արդար դատաքննության արտաքին երաշխիքների վրա։

2.1. Պաշտպանության իրավունքի նկատմամբ ազդեցություն

Փաստաբանի նկատմամբ հրապարակային նվաստացուցիչ և պիտակավորող արտահայտությունները հնչել են ոչ թե մասնավոր վեճի, այլ հենց նրա կողմից սույն գործով պաշտպանություն իրականացնելու հանգամանքի ուղիղ շեշտադրմամբ։

Այդպիսի վարքագիծը կարող է օբյեկտիվորեն ընկալվել որպես փաստաբանի մասնագիտական գործունեության արժեզրկում և պաշտպանական գործառույթի նկատմամբ բացասական վերաբերմունքի արտահայտում, ինչը կարող է վնասել պաշտպանության իրավունքի արդյունավետ և ազատ իրականացմանը։

 

2.2. Մեղադրյալի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի օբյեկտիվ կասկած

Մինչև Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և նրան կալանավորելը, գործադիր իշխանության ղեկավարի կողմից հրապարակայնորեն հնչեցված այն հայտարարությունը, ըստ որի Վարդան Ղուկասյանը «դուրս է շպրտվելու հանրային և քաղաքական կյանքից», իսկ հետագայում նրա պաշտպանի հրապարակային թիրախավորումը, կարող են ողջամիտ դիտորդի մոտ ձևավորել այնպիսի ընկալում, որ մեղադրյալի անձի նկատմամբ առկա է նախապես ձևավորված բացասական վերաբերմունք և քաղաքական թիրախավորում։

 

2.3. Դատարանի անկախության և արտաքին անաչառության ապահովման հարց

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով արդար դատաքննությունը ենթադրում է ոչ միայն դատարանի փաստացի անկախություն և անաչառություն, այլ նաև այն, որ դատական վարույթը արտաքին դիտորդի համար պետք է ընկալվի որպես լիովին ազատ արտաքին ազդեցությունից։

Այնինչ՝ ՀՀ վարչապետը՝

-պետության ամենաբարձր քաղաքական պաշտոնյան է,

ունի ինստիտուցիոնալ ազդեցություն,

-հրապարակայնորեն, թիրախավորված կերպով բացասաբար է խոսում ընդդիմադիր քաղաքակական գործիչ հանդիսացող մեղադրյալի և նրա պաշտպանի մասին։

Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հազարավոր մեղադրյալներ, որոնց պաշտպանում են տարբեր փաստաբաններ։ Վստահաբար՝ երկրի վարչապետը բոլոր մեղադրյալներին անվանապես չի հիշում, այնինչ՝ Վարդան Ղուկասյանի, որպես քրեական գործով անցնող մեղադրյալի անձի շեշտադրումը՝ նրա անվանը «իկ» վերջածանց ավելացնելով, վկայում է անձի ուղիղ և բացասական թիրախավորման մասին։ Երբ գործադիր իշխանության ղեկավարը՝ որպես պետության բարձրագույն քաղաքական պաշտոնատար անձ, ընթացիկ քրեական գործով անդրադառնում է մեղադրյալին և նրա պաշտպանին, մեղադրյալի և նրա պաշտպանի վերաբերյալ հանդես է գալիս հրապարակային նվաստացուցիչ և թիրախավորող գնահատականներով, կարող են առաջանալ օբյեկտիվորեն հիմնավորված կասկածներ դատավարության արտաքին չեզոքության և արդարության նկատմամբ, նման վարքագիծը կարող է օբյեկտիվորեն ընկալվել որպես դատական իշխանության նկատմամբ ուղղակի ազդեցության կամ ինստիտուցիոնալ ճնշման միջավայր ձևավորող գործոն։

 

Արդար դատաքննության իրավունքի բաղադրիչներից է ոչ միայն դատարանի իրական անկախությունն ու անաչառությունը, այլ նաև այն, որ դատական գործընթացը հանրության և ողջամիտ դիտորդի աչքում պետք է ընկալվի որպես լիովին ազատ արտաքին ազդեցություններից։

Նշված հայտարարությունները կասկածի տակ են դնում այդպիսի ընկալումը։

Ի վերջո՝ Պետության բարձրագույն գործադիր պաշտոն զբաղեցնող անձի կողմից փաստաբանի հրապարակային թիրախավորումը՝ հենց պաշտպանական գործունեության իրականացման համատեքստում, կարող է ունենալ զսպող ազդեցություն ոչ միայն տվյալ փաստաբանի, այլ նաև այլ փաստաբանների նկատմամբ՝ ստեղծելով ողջամիտ վախ կամ մտավախություն քաղաքականապես զգայուն կամ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող քրեական գործերով պաշտպանություն իրականացնելու հարցում, ինչն ուղղակի փոխկապակցվածության մեջ են գտնվում հանցագործության մեջ մեղադրվողի՝ արդար դատաքննություն ունենալու իրավունքի հետ։

Սա ուղղակի վտանգում է ոչ միայն պաշտպանական իրավունքի արդյունավետ իրականացումը, այլ նաև փաստաբանական գործունեության անկախությունը։

Նման պայմաններում Պաշտպանության կողմը ողջամտորեն պնդում է, որ սույն քրեական գործով դատարանը գտնվում է բացասական, արդար դատաքննությունը արժեզրկող ազդեցության տակ, ողջամտորեն նման ազդեցությամբ են պայմանավորված նաև Վարդան Ղուկասյանին շարունակական կալանքի տակ պահելը, իսկ նման հրապարակային հայտարարությունները ուղղակիորեն վտանգում են արդար դատաքննության արտաքին ընկալումը։ Ի վերջո՝ հօգուտ Վարդան Ղուկասյանի լեգիտիմ շահերի որևէ օրինական որոշման կայացման հիմքերի առկայության դեպքում, Դատարանն ինքն է կաշկանդվելու վարչապետի կողմից թիրախավորվելու հեռանկարով, ինչը ոչ այլ ինչ է, քան ազդեցություն Դատարանի անկախության և անաչառության վրա։

Նկատի ունենալով, որ վարչապետի վարքագիծը կարող է օբյեկտիվորեն ընկալվել որպես դատական իշխանության նկատմամբ ուղղակի ազդեցության կամ ինստիտուցիոնալ ճնշման միջավայր ձևավորող գործոն, որպիսի պայմաններում անգամ սույն քրեական գործը քննող դատավորի ինքնաբացարկը չի կարող վերացնել վերոնշված օբյեկտիվ ռիսկերը, և սույն քրեական գործով դատական ակտ կայացնելու համար չի կարող ստեղծվել արդարադատության մեկ այլ մարմին։

 

Վերոգրյալի ամփոփմամբ՝ հարկ է փաստել, որ սույն գործով Վարդան Ղուկասյանը գտնվում է շարունակական կալանքի տակ՝ ողջամտորեն հենց քաղաքական թիրախավորման պատճառով, հենց երկրի վարչապետի հրապարակային, հնարավոր է նաև՝ ստվերային ազդեցության պատճառով, որպիսի պայմաններում՝ առավել ևս հաշվի առնելով նաև, որ գործի հանրային և քաղաքական զգայունությունը բարձր է, Պաշտպանության կողմը, ողջամիտ դիտորդը սույն դատաքննությամբ օբյեկտիվորեն չի կարող Դատարանից ակնկալել, ինչպես արտաքին անհատական ազդեցությունից, այնպես էլ և ինստիտուցիոնալ ճնշումից զերծ արդար և անաչառ դատաքննություն, չի կարող ակնկալել, որ Դատարանը սույն դատավարությունը կարող է իրականացնել բացառապես անկախության, անաչառության, հավասարության և պաշտպանության իրավունքի լիարժեք երաշխավորման պայմաններում։

Ելնելով վերոգրյալից՝

Խնդրում եմ

Սույն հայտարարությունը ՝ կից նյութերի հետ միասին, կցել քրեական գործի նյութերին։

Արձանագրել պաշտպանության կողմի կողմից բարձրացված հանգամանքները՝ որպես արդար դատաքննության իրավունքի, դատարանի արտաքին անաչառության և պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հետ կապված դատավարական նշանակություն ունեցող հարցեր։

Դատական արձանագրությամբ ֆիքսել պաշտպանության կողմի այս դիրքորոշումը՝ հետագա դատավարական պաշտպանության և ներպետական վերադաս դատական ատյաններում /կամ միջազգային ատյաններում/ իրավական պաշտպանության նպատակով։

Կից ներկայացնում եմ նաև ՀՀ Փաստաբանների պալատի «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ» հանձնաժողովի հայտարարությունը։

 Հարգանքով՝

թիվ ՀԿԴ/0332/01/25 քրեական գործով

Վարդան Ղուկասյանի շահերի պաշտպան՝

Արամայիս Հայրապետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031