media.am. Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից քսան օր անց զրուցել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։
–Պարոն Հովակիմյան, այս անգա՞մ էլ չի լուծվելու «լռության օրը» սոցցանցերում քարոզչություն անելու խնդիրը։
-Այս անգամ որոշել ենք վարչական տույժ կիրառել։ Նկատի ունեմ լրատվամիջոցներին, կամ հայտնի անհատներին կնույնականացնենք ու կտուգանենք։ Օրինակ, անցած տարվա մարտի 30-ի Գյումրիի ավագանու ընտրությունների ժամանակ, լրատվամիջոցները տոտալ խախտում էին լռության օրերը՝ քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը։ Լրատվամիջոցը չի կարող օրենքից դուրս գործել, հետո գնալ որևէ պաշտոնյայի մեղադրել անօրինության համար։ Առնվազն գնացե՛ք, իրար ձեռ-ձեռի՝ օրենք խախտեք, որովհետև դուք նույն միջավայրի կողմնակից եք։ Եթե լրատվամիջոցը չի հարգում ՀՀ օրենսդրությունը, թող փակի խմբագրությունը և գնա ուրիշ գործով զբաղվի։
-Իսկ ինչպե՞ս եք տույժը կիրառելու։
Կարդացեք նաև
-Մոնիտորինգի գործիքներով կփորձենք։ Ես չեմ ասում, որ 100 տոկոսով մեզ մոտ դա կստացվի: Ֆիզիկական անձանց դեպքում դա շատ բարդ է, բայց լրատվամիջոցների դեպքում կստացվի։
-Որքա՞ն է տուգանքը։
-Եթե չեմ սխալվում՝ մոտ 300 000 դրամ։
-Ի՞նչ եք ակնկալում քվեարկության օրվա լուսաբանումից։
-Որ լրատվամիջոցները քաղաքական քարոզչություն չծավալեն։ Եթե որևէ խնդիր ես տեսնում, ոչ ոք չի ասում՝ մի՛ բարձրաձայնիր, բայց եթե դա անում ես՝ շեշտելով քաղաքական ուժի անունը, բացասական երանգով ներկայացնելով, արդեն անուղղակի հակաքարոզչություն ես ծավալում։ Գործիքակազմը կա, ընդամենը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անունները մինչև ժամը 20:00 մի՛ տվեք։ Օրինակ, լրագրողները իրենց քաղաքական շահերը սպասարկելու համար գնում են և ընտրատեղամասերում վեճեր են հրահրում։ Ես դա չեմ համարում լրագրություն, բայց ինքը միևնույնն է լրագրողի հավատարմագրով է մտնում տեղամաս, վեճ հրահրում, նկարում կամ էլ առցանց հեռարձակում։ Եթե հունիսի 7-ին լրագրողները զբաղվեն միայն լրագրողական գործունեությամբ և չզբաղվեն իրենց քաղաքական հայացքները սպասարկելով, ամենամեծ ներդրումը կունենան ընտրությունների օրինականության մակարդակի բարձրացման հարցում։
Այդ օրը թող պաուզա վերցնեն։ Թող այդ օրը ՀՀ քաղաքացին հանգիստ ընտրություն անի, թող դադարեն այդ օրը կրքեր բորբոքել, դադարեն այդ օրը մարդկանց նյարդերի վրա ազդել։
Հարցազրույցը Նելլի Ռաֆայելյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































