Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի ղեկավարների հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ:«Կիսում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրամիությանը անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,– ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությունն ամբողջությամբ
Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներս,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գործողությունները, որոնք ուղղված են Եվրոպական միություն անդամակցելուն, այդ թվում՝ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միություն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն ու Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից դրա ստորագրումը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը, որն արտահայտվել է 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագրում, նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ Միություն) տնտեսական անվտանգության համար առաջացող էական ռիսկերը՝ կապված Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միություն անդամակցությանը նախապատրաստվելու հետ, ինչպես նաև այդ կապակցությամբ Միության անդամ պետություններին հնարավոր վնասի կանխման անհրաժեշտությունը, որոշեցինք, որ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստում կներկայացնեն զեկույց Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Կիսում ենք այն դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս կարճ ժամկետում անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանը անդամակցության վերաբերյալ։


















































