Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ կոնֆերանս՝ «Նախիջևանի, Հյուսիսային Արցախի, Բաքվի և Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը» թեմայով

Մայիս 30,2026 15:32 Share

Կանգնեցրո՛ւ շուրջն իմ՝ պարը երկնային քո զորքերի,

Որպես դիմամարտ՝ դևերի գնդին:

Գրիգոր Նարեկացի

 

Մայիսի 19-ին Երևանում, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Նախիջևանի, Հյուսիսային Արցախի, Բաքվի և Սումգայիթի հայերի վերադարձի իրավունքը» թեմայով մեծ կոնֆերանս։ Այս կարևոր ու հրատապ միջոցառումը կազմակերպել էին «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ»-ը և «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամ»-ը։

Կոնֆերանսին ներկա էին 1988-92 թվականներին, դրանից առաջ նշված Հայոց տարածքներից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, թեմայով հետաքրքրվողներ, իրավապաշտպաններ, լրագրողներ, այլք։ Ներկաներին ողջունեց «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Նաիրի Հոխիկյանը։

Հնչեցին ՀՀ և Արցախի օրհներգերը, որից հետո օրհնանքի խոսքով հանդես եկավ տեր Մխիթար քահանա Հարոյանը։ «Չպետք է մոռանալ անցյալը, որն ուժ ու դաս է տալիս մեզ։ Հիշենք ու վերադառնանք տուն», -ասաց հոգևորականը։

Թեմայի շրջանակներում ելույթ ունեցան բռնի տեղահանվածներ, իրավապաշտպաններ, քաղաքագետներ։ Կոնֆերանսի ընթացքում տեղեկացվեց՝ 1988-1992 թվականների ընթացքում Պատմական Մեծ Հայքի Նախիջևանի, Գարդմանի տարածքներից, Բաքվից, Սումգայիթից և հայաշատ այլ վայրերից բռնի տեղահանվել է մոտ 115 000 ընտանիք՝ 465 հազար հայ։ Տեղահանվածների մի մասը բնակություն է հաստատել ՀՀ մարզերում, Երևանում, մի մասը տեղափոխվել է արտերկիր։

Նույն ժամանակներում, բացի բռնի տեղահանվելուց, մեծ քանակով հայեր տանջամահ են արվել ու հաշմանդամ դարձել բռնությունների հետևանքով։ Կրած հսկայածավալ նյութական վնասից բացի, մենք ունենք նաև հոգևոր անգնահատելի արժեքների կորուստ։ Թշնամու տիրապետության տակ են մնացել հայկական հազարավոր սրբավայրեր՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, հանգստարաններ, խաչքարեր, տապանաքարեր, կոթողներ, կամուրջներ, ամրոցներ և այլն։

Ն․ Հոխիկյանը տեղեկացրեց՝ միայն Նախիջևանի տարածքում ամբողջությամբ ավերվել են տասնյակ վանք ու եկեղեցիներ, 10 հազարից ավելի խաչքար։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ կրած նյութական վնասը կազմում է 73 մլրդ դոլար։ Մանրամասն տեղեկացրեց՝ որ տարածքում ինչքան հայ է բնակվել ու բռնի տեղահանվել, ինչքան նյութական ու հոգևոր կորուստ ենք ունեցել։ Ելույթ ունեցողներն անդրադարձան նաև արցախահայության՝ տուն վերադարձին։ Արցախի վաստակավոր լրագրող, Բաքվից, այնուհետև Ստեփանակերտից բռնի տեղահանված Միքայել Հաջյանը, ում Նորայր և Երվանդ որդիները հերոսաբար նահատակվեցին Արցախյան պատերազմներում, համապատասխանաբար՝ 2016-ին և 2020-ին, առայժմ անիրատեսական է համարում վերադարձը։ Ոչ մի միջազգային կառույց ի զորու չէ ստիպելու Ադրբեջանի իշխանություններին ընդունելու արցախցիներին և ապահովելու նրանց անվտանգությունը։

Տեղեկացրեց՝ աշխատել է Բաքվում՝ հեռուստատեսության հայկական ծրագրերում և միշտ զգացել է ադրբեջանցիների ատելությունը։ 1988-ին ստիպված հեռացել է Բաքվից, երբ արդեն տեղի էին ունեցել սումգայիթյան ջարդերը։ Այդ առիթով նույնիսկ կանչել են ոստիկանություն՝ իբր ինքը սումգայիթյան իրադարձությունների մասնակից է եղել ու կազմակերպիչներից է։ Այսպիսով Ադրբեջանի իշխանություններն իրենց ոճրագործությունը փորձում էին կապել հայերի հետ։ Եվ մշտապես սպասել է, որ թուրքերը կհարձակվեն հայերի տների վրա․ ամենուր լսվում էին «մահ հայերին», «հայե՛ր, հեռացեք» և նման այլ կոչեր։ Մշտապես սրել է տան կացինը՝ պաշտպանվելու նպատակով։

Մ․ Հաջյանի համար այսօր առավել ծանր է․ որդիների ու հայրենի Արցախի կորուստը։ Ազգագրագետ Սուսաննա Մելիքյանն անդրադարձավ գարդմանահայության տեղահանության պատմությանը։ Ասաց՝ դեռ անտիկ ժամանակներից Գարդմանի տարածքում միայն հայերն են բնակվել և հասել մինչև ուշ միջնադար։ Հետագա տարիներին Ռուսաստանի կայսրության, խորհրդային ժամանակներում գարդմանահայերը կարևոր դեր են ունեցել․ տվել են նշանավոր զորավարներ, գիտնականներ։ Ցավոք՝ երբ հայաթափվեց Գարդմանը, անկախության տարիների հայկական որևէ իշխանություն չգնահատեց այդ երկրամասի դերը, որն էլ այսօրվա պատճառներից մեկն է։ Խոսելով արարող ու ստեղծագործող հայի մասին, ասաց՝ արարել ենք, բայց մեր շահը գերակա չենք համարել։ Կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեց հատված Հովհաննես Իշխանյանի և իր ուսանող Սուրենի նկարահանած «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմից՝ նվիրված բռնի տեղահանված հայությանը։

Հովհ․ Իշխանյանը տեղեկացրեց ֆիլմում այն ընտանիքներն են, ովքեր 2 և ավելի անգամ են բռնի տեղահանվել։ Նշեց նաև՝ Ադրբեջանում ճնշվում են բոլոր ազգությունները՝ թալիշներ, թաթեր, ուդիներ, լազգիներ։ Իրենց իրավունքների մասին բարձրաձայնող թալիշ 2 առաջնորդ են մահացել Բաքվի բանտերում և այլն։ Սոցիոլոգիայի գիտությունների թեկնածու՝ Հայկ Տրունյանն անդրադարձավ այսօրվա Հայաստանում մարդկային հարաբերություններին, ներկա ժամանակներում տեղի ունեցող պատերազմներին՝ ինֆորմացիոն և հոգեբանական։ Կարևորեց նաև կրթական համակարգի դերը։ Նշեց՝ պատերազմը դեռ չի ավարտվել, ուստի կարևոր են նման հանդիպումները, կոնֆերանսները։ Ունենք մեծ քանակությամբ թշնամիներ, բայց չունենք մշակված ռազմավարություն։ Իսկ ուժ ունենալու համար խելք է պետք։ Կարևորեց նաև աշխատանքն Սփյուռքի հետ։ Հայ ժողովրդի՝ մարդկության նկատմամբ առաքելություն ունենալու առումով՝ ասաց․ «Նարեկացին այնքան է աղոթել, որ մենք ողջ ենք ու ունենք առաքելություն»։

Հորդորեց միանալ «Աշխարհ» ծրագրին՝ ասելով․ «Պետք է համախմբենք հայկական աշխարհի բոլոր սերունդներին»։ Հայ հասարակական-քաղաքական գործիչ, չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (2004-2006թթ), ծնունդով բաքվեցի Լարիսա Ալավերդյանը մշտապես է անդրադառնում հայության բռնի տեղահանությանը։ Այդ թեմայով 2010թ․ նկարահանված «Սումգայիթ-88․ սովորական ցեղասպանություն» և այլ նմանատիպ ֆիլմերին անդրադառնալով՝ նշեց կա նման 12 ֆիլմ, սակայն դրանք այսօր գրեթե չեն ցուցադրվում։ «Արժե ծանոթանալ այդ ֆիլմերին։ Շատ իրողություններ հայտնի չեն շատերին, հատկապես՝ երիտասարդությանը», -ասաց Լ․ Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ԽՍՀՄ-ից անկախացած երկրների սահմանները պետք է ընտրվեն նույն խորհրդային տարիների քարտեզներով, նման որևէ փաստաթուղթ չկա, ասաց նա։ Ուսուցչուհի Լարիսա Աբգարյանը 2022թ․ քրոջ՝ Գայանե Աբգարյանի հերոսաբար զոհվելուց հետո ստիպված դարձել է իրավապաշտպան և բազում դատական հայցեր է ներկայացրել միջազգային դատարան։ Ցավով նշեց՝ պատմությունից դասեր չենք քաղել, այժմ պետք է մտածենք մեր մասին, որ 1915-ը չկրկնվի։ Իր խոսքում «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը նշեց՝ կա հայ-թուրքական մեծ հակամարտություն այն օրից, ինչ ստեղծվեց Թուրքիա պետությունը։ Նա նույնպես կարևորեց, որ չմոռանանք նաև Նախիջևանի, Գարդմանի, Հյուսիսային Արցախի և այլ հայոց տարածքների մասին ու պատմությունը։ Կոնֆերանսի վերջում եղավ հայտարարություն, որն ուղղվելու է ՄԱԿ-ի քարտուղարություն և ՀՀ-ում գործող այլ միջազգային կառույցների։

                                         ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդի բնակության և մշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունեն Նախիջևանը և Գարդմանը, որտեղ հազարամյակներ շարունակ ապրել ու արարել է հայ ազգը։ Իսկ Բաքվում հայերի ներկայության մասին կան բազմաթիվ վկայություններ՝ փաստելով, որ այդ քաղաքը շենացրել են հենց հայ վարպետները և առևտրականները։

Հին և միջնադարյան պատմական իրողություններում Նախիջևանը և Գարդմանը հայկական պետականության կարևոր կենտրոններից էին։ 1920-ական թվականներին խորհրդաբոլշևիկյան կամայական որոշումներով ամբողջ Արցախի հետ միասին նաև Գարդմանը և Նախիջևանը բռնակցվեցին Խորհրդային Ադրբեջանին (1921թ․ հուլիսի 5-ի ՌԿբԿ կովկասյան բյուրոյի որոշում և 1923թ․ հուլիսի 7-ի Խորհրդային Ադրբեջանի կենտգործկոմի որոշում)։

Խորհրդային Միության ամբողջ ժամանակաշրջանում Ադրբեջանը հետևողականորեն շարունակեց Նախիջևանի ու Գարդմանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը և հայերի նկատմամբ բռնաճնշումները։ Հայկական այս տարածքների հայրենազրկումը ավարտվեց 1988-92 թվականներին՝ Ադրբեջանի կողմից ցեղասպանական գործողությունների հետևանքով։

1988-92 թվականներին մոտավոր հաշվարկներով Նախիջևանից, Գարդմանից, Բաքվից և Սումգայիթից բռնի տեղահանվեց ավելի քան 465,000 հայ։ Մոտ 115,000 հայ ընտանիք զրկվել է տնից։ Ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով հայերից խլվել են ավելի քան 2000 արտադրական տարածք, 46,000-ից ավելի մեքենաներ, ավերվել կամ յուրացվել են հարյուրավոր եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ ու տասնյակ հազարավոր խաչքարեր։

Ադրբեջանը մինչ օրս շարունակում է ժխտել հայերի իրավունքները Նախիջևանում, Գարդմանում, Բաքվում և Սումգայիթում՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և մարդու հիմնարար ազատությունները։

Մենք պահանջում ենք.

  1. Ադրբեջանի կառավարությունից. Ճանաչել ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքի բնիկ հայ բնակչության՝ մարդու հիմնարար իրավունքները, Ապահովել տեղահանված բնակչության գույքային իրավունքների վերականգնումը, Դադարեցնել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։
  2. Միջազգային հանրությունից. Պարտադրել Ադրբեջանին՝ հարգելու իրենց բնօրրանից բռնի տեղահանված անձանց իրավունքները, Պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի կառավարությանը՝ հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման համար, Վերահսկել Ադրբեջանի տարածքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների պահպանությունը։

 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031