Լրահոս
Մամա
Օրվա լրահոսը

Մամա

Հունիս 01,2026 13:00 Share

Հունիսի 1-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Սուսան Զորօղլյանը:

Նրա դուստրը՝ Մարինեն, երբ պատմում էր մոր մասին, հիշում եմ այս տողերը. «Նա ինձ տվեց ամենաթանկ բանը, որ ուներ՝ իր անմար կրակը, որը երբևէ դրսում չէր էլ եղել․ այն Փարվանա դստեր՝ իմ լուսափայլ մոր մեջ էր՝ ի սկզբանե, բնատուր, աստվածատուր՝ որպես անմնացորդ, տիեզերական, անխախտելի սիրո վառ վկայություն։ Եվ այսօր, երբ ես ափերիս մեջ եմ պահում այդ կրակն ու աչքերիս մեջ՝ աստվածամոր աչքերի չքնաղ պատկերը, չգիտեմ՝ ի՞նչ անեմ էդքան մեծ, էդքան անաղարտ ու էդքան լուսավոր սիրո հետ։ Ինչպե՞ս պահպանեմ այն, որ չփլուզվի Փարվանա դստեր հոգու ապարանքը»։ Մարինե Ալեքսանյանի «Մամա» կենսագրական գիրքը կնվիրվի նրա լույս հիշատակին։ Ներկայացնում ենք մի հատված անտիպ հուշագրությունից.

***

Պատմում են, որ երբ ես ծնվել եմ, այնքան բարալիկ եմ եղել, որ մայրս վախեցել է բարուրել ինձ՝ մտածելով, որ թևերս ու ոտքերս կպոկվեն․ քեռիս ինձ դրել, մի լավ փաթաթել ու ձիգ-ձիգ տվել է քրոջ ձեռքը՝ երբևէ սակայն համոզել չկարողանալով, որ պետք չէ երեխային բյուրեղի պես վերաբերվել․․․

Այդ օրերին նա գիշերը ժամերով նստում էր իմ կողքն ու ուշադիր զննում դեմքս՝ չհավատալով, որ ես իրական եմ, որ ինքն է ինձ ունեցել։ Տարիներ անց էլ, երբ ակնաբույժը բարեխղճորեն հեռացրեց մորս աչքերը մթագնող փառը, նա երկար-երկար նայում էր իմ աչքերին ու անկեղծ զարմանքով կրկնում՝ բայց ինչ կապույտ են աչքերդ․․․

Իսկ այսօր ես եմ նրան ամեն օր փնտրում կապույտի մեջ՝ մտքումս անընդհատ պտտելով հուշերի այն սկավառակը, որը մամայիս իրական՝ գրկելի է դարձնում․․․

Եվ այդ հուշերից ամենավառը Փոկան է՝ նրա ծննդավայրը՝ Փարվանա լճի ափին սփռված անկանոն տներով, որոնք կանոնավոր հարևանությամբ միմյանց բավականաչափ ազատ տարածք էին թողել՝ ընդարձակ բակ ունենալու ու սրտի ուզածը ցանելու համար։ Իսկ այդ սրտի ուզածը կարող էր լինել այն ամենը, ինչը կդիմանար խստաշունչ ցրտից կիզիչ արևի գիրկն ընկնող օրերի տրամադրությանը։

Փարվանայի ափից ոչ հեռու պապիս տունն էր՝ մեծ «շուշաբանդով» ու անուշ բուրող ճերմակաթույր վերմակ-բարձով։ Հենց այդ վերմակ-բարձի մեջ էլ անցնում էին մեր բոլոր արձակուրդները, որոնցից ամենասպասվածն ամառայինն էր, երբ արևն այնպիսի հանդգնությամբ էր համբուրում դեմքդ, որ երեք ամիսն անցնում էր առաջին սիրո մի ակնթարթի պես։

Պապիս տան պարտեզում խելահեղորեն բոյովանում էին վարդագույն երիցուկանման ծաղիկներ, որոնց թերթիկները մենք պոկում, լպստում ու կպցնում էինք մեր եղունգներին՝ մեկ-երկու րոպե շքեղ մատնահարդարում ստանալով։ Վարդագույն ծաղիկների տակ աճում էին գողտրիկ վաղենակներ, համեմ ու անուխ, որն անմոռանալի համ էր տալիս «քյասմա ապուրին»՝ խմորի խաշած շերտերն ու տապակած գնդիկները համադրող այն ճերմակ սպասին, որի պատրաստման գործընթացը մի շքեղ շոու էր մեզ համար։

Մենք՝ մի խուրձ մանր-մունր, նիհար-բոյով թոռնիկներով հավաքվում էինք Նազիկ մամիս շուրջ-բոլորն ու շունչներս պահած հետևում խմորը սուր դանակով արագ-արագ կտրատելու նրա զարմանալի հմտությանը․ նայում էինք ու ահով սպասում՝ վա՜յ թե մատները խմորի հետ մամս չկտրի։ Բայց դե Նազիկ մամը հո սովորակա՞ն կին չէր, որ մատները պատահմամբ վնասեր ինչ-որ դանակով։ Նա ձեռքի մի շարժումով իր շուրջը պտտվող ցանկացած ճանճին կարող էր բռնել ու տեղնուտեղը վնասազերծել, եթե այդ աննշան արարածը համարձակվեր իր հունցած խմորի կողքն անգամ տզտզալ։

Թանապուրի ամենահամով մասը խմորի տապակած գնդիկներն էին, որոնք եթե սկզբում չուտեինք, մեծ էր հավանականությունը, որ վերջում ծեծկռտուք էինք սկսելու՝ մեկս մյուսի ափսեից դրանք թռցնելով։

Այսօր էլ՝ ցանկացած մի վայրում անանուխի բույրն առնելիս կարոտն ինձ Փոկա է կանչում, ուր արևից խանձված թարթիչներով մարդիկ անգամ ամռանը տաք վերարկուից չեն բաժանվում։

***

Այստեղ հիմա էլ ու առավել ևս մամայիս ջահելության տարիներին մարդկային հարաբերությունները կառուցվում էին մաքուր, երբեմն էլ շեշտակի ուղղամտությամբ, իսկ սիրային հարցերը շատ պարզ էին լուծվում՝ երկար-բարակ մտածել չկար, ուզում ես աղջկան՝ փախցրու, անգամ եթե նա համաձայն չէ, կապրի՝ կհարմարվի, մեկ էլ տեսար՝ սիրեց․․․

Թե քանի անգամ են մամայիս, իսկ այդ ժամանակ հազիվ 15-16-ամյա Սուսանին փորձել փախցնել, ստույգ անգամ նրա ծնողները չգիտեին, բայց բոլորն արդեն հասկացել էին, որ նա՝ դեռևս դեռատի աղջնակ, մասնագիտացել էր փախցնողներից փախչելու հմտության մեջ։ Պատմում են, որ մի օր դաշտում մենակ գործ անելիս հերթական անգամ զգալով մոտալուտ վտանգը՝ մի քանի ոստյունով անցել է արտն ու թաքնվել պապիս ընկերոջ տրակտորի մեջ, որը դաշտի մեջտեղում՝ դրսից ու ներսից արևից շիկացած, ծուլորեն սպասում էր քիչ այն կողմ դեմքը հին լրագրով ծածկած ու անուշ քուն մտած Հայկազ հոպարին։

Չկարողանալով տրակտորի դռները ներսից կողպել՝ նա ստիպված մի կերպ կծկվում-թաքնվում է երկաթե տաք նստատեղի ու ղեկի արանքում ու շունչը պահած սպասում։ Սիրահարված ջահելն իր շքախմբով դես ու դեն է ընկնում, մի 3 անգամ պտտվում տրակտորի շուրջն ու կատաղած հեռանում՝ որոշելով հաջորդ անգամ հենց գյուղի մեջտեղից էլ տանել Սուսանին։ Մթնշաղին մոտ Հայկազ հոպարը արթնանում է ու հասկանալով, որ բաց է թողել դաշտում գործ անելու ամենալավ ժամանակը, փորը շփելով գնում է դեպի տրակտորն ու հենց փորձում է նստել, 16-ամյա աղջնակն ուղղում է մեջքն ու արագ-արագ վրա տալիս․ «Հայկազ հոպա՜ր, շուտ գեղ քշի, սրանք էլի ուզում են ինձ տանեն․․․»։  Խեղճ Հայկազ հոպարը լեղաճաք է լինում, բայց արագ հասկանալով ինչն ինչոց է, Սուսանին տուն է տանում՝ այնտեղ գտնելով միայն նրա փոքրիկ քույր-եղբայրներին․ տան մեծերը՝ ոչ պակաս լեղաճաք վիճակում գյուղով մեկ Սուսանին էին փնտրում․․․Այս դեպքից հետո տանեցիները որոշում են՝ սիրուն Սուսանին այլևս մենակ ոչ մի տեղ չթողնել։ Բայց դա ամենևին էլ չի  վհատեցնում գյուղի երիտասարդներին, որոնք օրը մի քանի անգամ մեկմեկու հերթ չտալով անցնում-դառնում էին պապիս տան մոտով՝ շարժելով հարևանների անթաքույց հետաքրքրությունն ու մամայիս փոքր եղբայրների կատաղությունը։

Շուտով գյուղացիների կողմից պապիս տան փողոցը կնքվում է «Սիրո փողոց» անվամբ․․․

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930