Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ

Հունիս 03,2026 15:21 Share

Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես տեղյակ եք, սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել էր տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից քաղաքացիական 3 գործերով կայացված դատական ակտերը բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Շարունակելով ձեզ հետ բաց և ազնիվ երկխոսությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերոնշյալ գործերով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարվել են․ դատական ակտերը բեկանվել են, և քաղաքացիական գործերի վարույթները կարճվել են:

Ինչ վերաբերում է դատական ակտերի բողոքարկման հնարավորության վերաբերյալ կրկին մոլորեցնող շահարկումներին, ապա դրան անդրադարձ կկատարենք Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝

«(․․․) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ակտի բողոքարկման հնարավորությունն արձանագրվում է ոչ թե դատական ակտով՝ դատարանի կատարած եզրահանգումների հիման վրա, այլ օրենսդրական համապատասխան նորմերով:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, այն է՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի չէ և նման պայմաններում պետք է գործեն դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր կանոնները, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին ենթակա են ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված այն գործերը, որոնք վերաբերում են ընտրողների ցուցակների ճշգրտմանը, իսկ տվյալ դեպքում դատարանի կողմից քննության առարկա է դարձվել ընդհանուր իրավասության դատարանին ոչ ենթակա գործ»։

Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին իրազեկում ենք՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։ Կոչ ենք անում չտրվել մոլորեցնող հայտարարություններին և դրանց հիման վրա չկատարել անօգտակար գործողություններ։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930