Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 3-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը։
🤝Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է ընտրական գործընթացներում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին առնչվող գործառույթները, ինչպես նաև հաստատության գործունեության հիմնական մեթոդաբանությունը։
🗣Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի դրսևորումներին` ընդգծելով, որ անընդհատ են արձանագրվում մարդու իրավունքների չափանիշներին չհամապատասխանող, ագրեսիվ, խտրական, ատելության, պիտակավորող և ոչ զգայուն խոսքի տեսակներ:
⚖️Պաշտպանն առանձնահատուկ շեշտադրել է, որ ընտրական գործընթացների համատեքստում իրավական պատասխանատվության գործիքները պետք է կիրառվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունը, իսկ պետական մարմինները նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է վարեն առավել զգայուն հանրային հաղորդակցություն:
Կարդացեք նաև
🔎Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների կիրառման մեծաքանակության խնդրին: Պաշտպանը, մասնավորապես նշել է, որ կալանքն, օրինակ` հաճախ կիրառվում է անհասկանալի և ոչ միասնական տրամաբանությամբ, և ոլորտն ունի համակարգային բարեփոխման անհրաժեշտություն:
💬Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար։
🇦🇲Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հաջողություն է մաղթել Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելությանը՝ Հայաստանում իրականացվող առաքելության շրջանակում։
Մարդու իրավունքների պաշտպան


















































