Լրահոս
Օրվա լրահոսը

Վարժական հավաքները որպես ենթադրյալ կաշառքի դեմ պայքարի միջոց գործադրելով` իշխանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառում է օրենքով չնախատեսված պատիժ. ՔԻՀԿ

Հունիս 04,2026 18:33 Share

Հունիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Գևորգ Պապոյանը՝ ԱԺ գալիք ընտրություններին «Ռուսաստանից 100․000 ընտրողների» ժամանելու վերաբերյալ հարցին պատասխանեց․

«Ես շատ ուրախ եմ, որովհետև Ա) այդ մարդկանց մեծ մասը, մեր հարցումները ցույց են տալիս, որ մեզ են ընտրելու, Բ) այդ մարդիկ մեզ պետք են, որովհետև հիմա հավաքներ են անցկացվում՝ մեկամսյա, (վարժական)․․․ այո, և շատ լավ կլինի եթե էդ 100․000 մարդուց ասենք մի 30-40 հազարը կմնա էստեղ՝ կուղարկենք վարժական հավաքների։ Մի երկու ամիս վարժական հավաքի կմասնակցեն, հետո կվերադառնան Կալուգա։ Ի՞նչ է, ի՞նչ խնդիր կա»։

Հունիսի 3-ին նույնաբովանդակ հայտարարություն արեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը․

«Ռուսաստանից ընտրակաշառքով կալուգացի Սամոյի համար Հայաստան ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել՝ արդյո՞ք պետք է էդ մարդիկ ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին, թե ոչ։ Պատասխան՝ միանշանակ այո, պետք է ներգրավվեն։ Մի պարզ պատճառով՝ եթե էդ մարդիկ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ունեն Հայաստանում ընտրելու իրավունք, բնականաբար նաև ունեն պարտականություններ՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ և պետք է ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կխուսափեն 25-օրյա վարժական հավաքներից՝ բնականաբար կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Լավ օր ձեզ»։

Այսօր՝ հունիսի 4-ին «Ռադիո Ավրորայի» տարածած տեսանյութում երևում են անցագրային կետերում քաղաքացիների անձնագրերը ստուգող ռազմական ոստիկաններ․

«Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանությունը սահմանային անցակետերում Ռուսաստանից ժամանող մինչև 55 տարեկանը չլրացած, հայկական անձնագիր ունեցող տղամարդկանց ծանուցագրեր է հանձնում։ Ռուսաստանի դաշնությունից ժամանող քաղաքացիներին ռազմական ոստիկանությունը տրամադրում է փաստաթուղթ՝ 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու համար»։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը չի կարող ստուգել՝ արդյո՞ք արտերկրից (ներառյալ՝ ՌԴ-ից) ընտրակաշառք ստանալու մասին հայտարարությունները ճիշտ են, թե՞ ոչ։ Նման հանցանքների բացահայտման համար առկա են իրավապահ, դատական մարմիններ և քրեական օրենքով նախատեսված ընթացակարգեր։ Այս հարցի քննարկումը երկրորդային է։ Վարժական հավաքները պարտադիր զինծառայության տեսակ են և դրա ընթացքում պահեստազորայինները ներգրավվում են մարտական հերթապահության։ Դրանք որպես ենթադրյալ կաշառքի դեմ պայքարի միջոց գործադրելով` քաղաքական իշխանությունը քաղաքացիների նկատմամբ կիրառում է օրենքով չնախատեսված պատիժ։

Ինքնին զինվորական կամ այլընտրանքային ծառայությունը չի համարվում հարկադիր աշխատանք և կարող է իրավաչափ լինել, եթե դրան ենթակա են բոլորը՝ հավասար պայմաններում։ Սակայն վարժական հավաքների պարագայում քաղաքացիները ոչ թե ներգրավվում են, այլ կարող են ներգրավվել։ Կոնկրետ պահեստազորի վարժական հավաքներում ներգրավելը կախված է համապատասխան մարմնի, տվյալ դեպքում՝ ՀՀ ՊՆ և նրա ստորաբաժանումների հայեցողությունից։ Օրենքով սահմանված չէ ռոտացիոն կամ վիճակահանության հիման վրա պահեստազորայիններ ներգրավելու պահանջ։ Օրենքի այս թերության պատճառով մի պահեստազորայինը կարող է բազմաթիվ անգամ ներգրավվել վարժական հավաքի, մինչդեռ մեկ այլ պահեստազորայինը՝ երբեք։

Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի իշխանությունները օգտագործում են վարժական հավաքները որպես պատիժ։ 2022թ. մայիսին՝ ընդդիմության բողոքի ցույցերի ընթացքում իշխող ՔՊ խմբակցության ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ էր արել ոստիկանությանը և ԱԱԾ-ին՝ հավաքների ընթացքում բերման ենթարկված անձանց տվյալները փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ «ենթադրելով», թե ցուցարարները «եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն են»։ Մեկ այլ իշխանական պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը հետագայում հաստատել էր, որ կարգադրությունն իրականացվել է և «էդ «Դիմադրության» հուժկու ակցիայի մասնակիցներից ոմանք տարվեցին առաջնագիծ, ոմանք չէ, մի զգալի զանգված»։

Վարժական հավաքները նաև կիրառվել են կամայական կերպով Արցախից բռնի տեղահանված այն անձանց նկատմամբ, ովքեր դիմել էին քաղաքացիություն ստանալու։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը դեռևս 2024 թվականին հանգամանորեն անդրադարձել էր այս խնդիրներին՝ «Վարժական հավաքներ․ «օրենքով նախատեսված» խտրականություն» զեկույցում։ ՔԻՀԿ-ն առաջարկել էր՝

1․ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով վարժական հավաքներին ներգրավելու ռոտացիոն մեխանիզմ և կոնկրետ վարժական հավաքին մասնակիցների ընտրության մեթոդաբանություն՝ հիմնված պատահականության վրա։

2․ Մինչ օրենքի վերոնշյալ փոփոխությունը, բացառել պահեստազորայիններին վարժական հավաքների և դրա միջոցով մարտական հերթապահության մեջ ներգրավելու՝ ներազգային կամ այլ հատկանիշներով պայմանավորված խտրական, կամայական և հակաիրավական մոտեցումը։

3․ Նախաձեռնել քրեական վարույթներ և իրականացնել օբյեկտիվ քննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հիմքերով (խտրականությունը)։ Մեղադրանք ներկայացնել այն պաշտոնատար անձանց, որոնք անձի քաղաքական հայացքների և այլ հատկանիշների պատճառով վարժական հավաքների և դրանց միջոցով մարտական հերթապահության ներգրավելուն ուղղված գործողություններ են նախաձեռնել, ինչպես նաև այդպիսի գործողություններ կատարելու ցուցումներ են տվել։

Հաշվի առնելով, որ օրենքը չի փոփոխվել, որևէ մեկը նման խտրականության պատճառով դեռևս պատասխանատվության չի ենթարկվել, իսկ ընտրությունների նախաշեմին պետական պաշտոնյաները շարունակում են նույն գործելաոճը՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի առաջարկները ոչ միայն շարունակում են մնալ արդիական, այլև դառնում են հրատապ։

Մարտական հերթապահության ներգրավումը հավասարազոր է զինվորական ծառայության, դրանից բխող բոլոր սահմանափակումներով և ռիսկերով։ Քաղաքական ընդդիմախոսներին պատժելու, քաղաքական մրցակիցների աջակիցների քվեարկությունը սահմանափակելու համար քաղաքացիներին մարտական հերթապահությանը ներգրավելու առկա գործելաոճը և օրենքի թերի կարգավորումներն անհամատեղելի են իրավական պետության չափանիշների հետ։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930