Արդեն տեղեկացրել ենք, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, համապետական ընտրությունների ժամանակ (Ազգային ժողովի ընտրություն, Հանրաքվե) քվեարկելու իրավունք ունեն նաեւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Մասնավորապես, ՔԿՀ-ներում հաշվառված ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության օրը 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք եւ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալները։
Marzer.am-ի մեր գործընկերներն են եղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են ընտրական տեղամասեր ու ձեւավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ։ Ընտրելու իրավունք ունեցող անձանց քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ուղեկցում էին մինչեւ ընտրատեղամաս, որտեղ անազատության մեջ գտնվողները կատարում էին քվեարկություն։
Կարդացեք նաև
Քրեակատարողական հիմնարկներում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներին տեխնիկական սարքավորումներ չեն տրամադրվում և ընտրողների գրանցումն իրականացվում է առանց տեխնիկական սարքավորման կիրառման:
Հանձնաժողովի անդամը ստուգում էր ընտրողի ինքնությունը, ՔԿՀ-ում հաշվառված ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները, որից հետո ընտրողը ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց, որից հետո հանձնաժողովի անդամը ԿԸՀ սահմանած կարգով լրացնում է համարակալված կտրոնը` նշելով, թե որ ցուցակի ընտրող է, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը և հանձնում ընտրողին:
«Արմավիր» ՔԿՀ-ում 14/65 ՏԸՀ-ի նախագահ Կորյուն Սարգսյանի խոսքով, անազատության մեջ գտնվողները ծանոթ չեն քվեարկության կարգին։ «Տեղյակ չեն հիմնականում, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները բացատրում են պարզ ու հասկանալի, որից հետո նրանք քվեարկում են»,-Marzer.am -ի թղթակից Արթուր Հովհաննեսյանի հետ զրույցում նշել է Կորյուն Սարգսյանը։
Քվեարկության այլ մանրամասները տեսանյութում։
Հիշեցնենք, որ չնայած ՔԿՀ-ներում քվեարկության մեկնարկի ժամերը տարբեր են, սակայն քվեաթերթիկների հաշվարկը կատարվում է ժամը 20․00-ից հետո։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ





















































