Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուրս է գալիս քվեախցիկից՝ մարդը մատը տնկում է՝ ասում է «օքեյ»․ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի գյուղում կրքերը թեժ էին

Հունիս 07,2026 19:04 Share

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հարազատ գյուղում՝ Նորապատում, դպրոցի շենքում տեղակայված 15․06 ընտրատեղամասում առավոտից իրավիճակը բավական լարված էր։

Նախ՝ ընտրատեղամաս հասնելուն պես արձանագրեցինք կուտակումներ՝ մարդկանց եւ մեքենաների։ Մոտ մեկ ժամ տեղամասում մնալուց հետո դուրս գալիս նույնպես կուտակումներ էին։ Մեր հարցին՝ երիտասարդները պատասխանեցին, որ միշտ էլ այդտեղ հավաքվում են։ Հսկող ոստիկանը մեր հարցին ի պատասխան՝ գլուխը կախեց եւ հեռացավ։

Կուտակումներ էին նաեւ տեղամասի ներսում։ Հանձնաժողովի նախագահը դա բացատրեց ընտրողների ակտիվությամբ, իսկ ակտիվությունը մարզպետի հետ չկապես, ասաց՝ ընտրողների քաղաքացիական գիտակցությունն է բարձր։

Ընտրատեղամաս մտանք այն պահին, երբ «Ուժեղ Հայաստանի» եւ «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձինք լեզվակռիվ էին տալիս։ ՔՊ վստահված անձ երիտասարդին դուր չէր եկել մրցակից ուժի տիկնոջ հեռախոսազրույցը՝ պատուհանի մոտից։ Բայց երիտասարդը չցանկացավ ներկայացնել, թե խնդիրը ո՞րն է։

Փոխարենը, «Ուժեղ Հայաստանի» վստահված անձ Անահիտ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Խնդիրն իր մեջ է»։

Մանրամասնեց․ «Անընդհատ մտնում՝ դուրս է գալիս, հրահանգներ է տալիս»։

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Մաղաքյանը, որի բարյացակամ վերաբերմունքը ՔՊ վստահված անձանց նկատմամբ ակնհայտ էր, հերքեց տպավորությունս այն մասին, որ ՔՊ վստահված անձ երիտասարդն իր հետ էլ էր հարկադրական տոնով խոսում․ «Այստեղ ոչ մեկը չի կարող ինձ հրահանգ տալ, բացի վերեւից»։ Ճշտեցինք՝ վերեւը տեղամասային ընտրական հանձնաժողովն էր։

Համոզեց, որ լուրջ բան չկա, պարզապես երկու կուսակցությունների վստահված անձինք լեզվակռիվ են տալիս։ Նաեւ հայտարարեց՝ սուտ են խոսակցությունները, թե թիվ 3 քվեաթերթիկը այդ տեղամասում չի եղել կամ էլ մարզպետը հրահանգել է համագյուղացի ընտրողներին՝ այն իրենց հետ դուրս հանել։

Քվեաթերթիկն իր հետ դուրս հանող ընտրող մենք չարձանագրեցինք։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Կանգնել է այդ կենտրոնում՝ ընտրողներին բարեւում է, ճանապարհ է ցույց տալիս ուղղորդում է։ Էնտեղից դուրս է գալիս քվեախցիկից՝ մարդը մատը տնկում է՝ ասում է «օքեյ»։ Ասում եմ՝ իրավունք չունեք շփվեք ընտրողների հետ, մարդիկ սուսերով ընդունեցին իմ ասածը»,- պատմեց Անահիտ Մանուկյանը ՔՊ վստահված անձանց մասին։

«Քվեաթերթիկները բոլորը դրված էին կամերայի տակ, որը չի ֆիքսում իր տակը։ Իմ ասելուց հետո, լավ է, շտկել են»,- մեր զրուցակիցը շարունակեց ներկայացնել խախտումների շարքը։

Միջամտեց 23 տարվա հանձնաժողովի նախագահը․ «Ես մտադրված չեմ, որպես հանձնաժողովի նախագահ, որ այդ քվեաթերթիկներն ալուկուլ արվեր, լցվեր մի տեղ, ինչպես նախկինում էր»։

Դիտարկմանը, որ ինքը հիմա իր դեմ հաղորդում տվեց հանցագործության մասին, արձագանքեց․ «Առաջ, հա, ես չգիտեմ՝ ո՞վ է արել։ Ես 23 տարի հանձնաժողովի նախագահ եմ եղել, ոչ մի չեպե չի եղել իմ վրա»։

Հանձնաժողովի նախագահի եւ «Ուժեղ Հայաստանի» վստահված անձի վեճի այլ մանրամասները, այդ թվում՝ նաեւ քվեաթերթիկների քանակի շուրջ՝ տեսանյութում

«Ուժեղ Հայաստանի» վստահված անձը նաեւ տեղեկացրեց, որ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձինք երբ ցանկանում՝ դուրս ու ներս են անում ընտրական սենյակում՝ առանց գրանցվելու։ Ընտրատեղամասում մեր գտնվելու պահին մենք դա նույնպես արձանագրեցինք։

«Քաղաքացիական պայմանագրի» վստահված անձինք հրաժարվեցին մեզ հետ զրույցել, պարզաբանումներ տալ, հարցերի պատասխանել։ Տեսախցիկից պարզապես «փախան»։ Մեկը պատճառաբանեց, թե «ֆոբիա» ունի տեսախցիկներից, մյուսն էլ ասաց՝ ֆոտոգենիկ չէ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930