«Ենթադրենք՝ գալիս է մի իրավիճակ, որ հնարավորություն է առաջանում խորհրդարանի միջոցով հեռացնել Փաշինյանին։ Եթե դու խորհրդարանում չես, դա չես կարող անել»,- ասում է ժամանակին «մանդատներից հրաժարվելու» կոչեր հնչեցնող Էդգար Ղազարյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է հանրային քննարկումներին՝ ճի՞շտ է արդյոք մանդատները վերցնելը՝ կեղծված ընտրությունների պարագայում, թե՞ ոչ։ Ղազարյանն արձագանքել է նաև կոչերին, թե ընդդիմությունը ոչ մի դեպքում չպետք է վերցնի մանդատները։ Նրա խոսքը՝ աննշան կրճատումներով՝ ստորեւ։
«Ընտրության առումով մենք ի՞նչ արձանագրումներ ունենք։ Իհարկե, մեր քաղաքական ուժը արդեն որոշակի գնահատականներ տվել է և կլինի ավելի ընդհանրական; Բայց ակնհայտ է, որ դա եղել է անհավասար պայմաններում։ Դա ընտրություն որևէ կերպ չի կարելի համարել։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ իրականացրեց ապօրինի իշխանազավթում։ Ամբողջ այս ընթացքում «Ուժեղ Հայաստանի» քաղաքական առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը, եղել է ապօրինի անազատության մեջ, զրկված է եղել ընտրողների հետ հանդիպելու, իր ծրագրերը ներկայացնելու հնարավորությունից։ Մեր կողմնակիցները ենթարկվել են քաղաքական, իրավական բոլոր հնարավոր տեսակի բռնաճնշումների։ Դրանք կրել են զանգվածային բնույթ ամբողջ հանրապետության տարածքում, գրեթե մեր բոլոր գրասենյակներում՝ ընդհուպ մինչև լռության օրը, ընդհուպ մինչև ընտրության օրը եւ դրանից հետո։ Այդ պայմաններում բնականաբար մենք չէինք կարող լիարժեք կերպով աշխատել։ Այո, անհավասար։ Չեմ ասում՝ իշխանությունների ապօրինությունները, իրենց կողմից իրականացված ընտրական կաշառքները՝ այդ թոշակներ, առողջապահությունը, մյուս ապօրինությունները։ Մի խոսքով, տեղի է ունեցել իշխանազավթում և մենք չենք կարող դրա արդյունքների հետ համերաշխ լինել։
Կարդացեք նաև
Այս պահին հանրային մեծ դիսկուրս է ընթանում։ Եվ ես ուզում եմ, որ այս տեսանյութը նաև լինի որոշակի պարզաբանող այդ իմաստով, որովհետև ինչ-որ մարդիկ են գտնվել, քննարկումներ են անում. ինչի են լուռ քաղաքական ուժերը, հայտարարություններ ենք սպասում, դուրս գանք փողոց, մանդատներ դնեն, մանդատներ վերցնեն։
Նախ ուզում եմ ասել, որ դրանք մեծ մասամբ ժամանակավրեպ խոսակցություններ են։ Այս պահին մանդատներ վերցնելու կամ մանդատներից հրաժարվելու հարց չի քննարկվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմա դեռ վերահաշվարկի փուլում է այնտեղ, որտեղ բողոքարկվել են։ Իսկ բողոքարկումներ կան բազմաթիվ ընտրատեղամասերում։ Հիմա ձայների վերահաշվարկ է ընթանում։ ԲՀԿ-ն իր հերթին է դիմել, որովհետև իրենք սահմանային շեմում են։ Եվ դեռ հստակ չի՝ արդյոք այդ քաղաքական ուժը ի վերջո 4 %-ը կհաղթահարի՞, մանդատներ կունենա՞, թե չէ։ Դրանով շատ կարևոր, էական բաներ են պայմանավորվում հետագա խորհրդարանի աշխատանքում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դեռ հնարավոր է բողոքարկել Սահմանադրական դատարան։ Արդեն մի շարք ուժեր հայտարարել են, որ բողոքարկելու են։ ՍԴ-ն որոշակի ժամկետ ունի այդ որոշումը կայացնելու։ Այսինքն, միայն, որ դրանից հետո պետք է գան, հասնեն մանդատների բաշխման հարցին, նոր որոշի՝ ով է մանդատից հրաժարվում, ով՝ չի հրաժարվում։ Այնպես որ, այս ժամանակավրեպ խոսակցությունները, որոնք անտեղի առաջ են բերվում, իրենց մեջ ոչ մի բովանդակություն չեն պարունակում։ Էլ չասեմ, որ մեծամասամբ կրում են խիստ էմոցիոնալ և անհիմն բնույթ։ Մանդատներ վերցնելու կամ հրաժարվելու պահը, որ գա, բնականաբար այդ որոշումները կկայացվեն։
Այնպես են ներկայացնում, որ իբր թե մենք չենք ուզում, մենք ձեզ ձայն չենք տվել, որ դուք գնաք ՔՊ-ի համար ընդդիմություն աշխատեք, աշխատավարձ ստանաք։ Ո՞վ է ասել, որ նախ մանդատ վերցնելու որոշում է կայացվել, ո՞վ է ասել, որ չի կայացվել, ով է ասել, որ գնալու ենք ՔՊ։ Իրենք իրենց համար տարբերակներ են առաջ քաշում, սկսում են քննադատել՝ սա մերն է, սա կողմնակից է, սա դեմ է։
Ես ուզում եմ, սիրելի ժողովուրդ, ձեզ ներկայացնել այն իրավական և քաղաքական հետևանքները, որոնք կարող են առաջանալ այս կամ այն որոշումից։ Երբ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հասնում է մանդատներ բաշխելուն, բացի շեմը հաղթահարած քաղաքական ուժերից, ուրիշ ոչ մեկին չի կարող մանդատ տալ։ Այսինքն, սկզբից տալու է ՔՊ-ի մանդատները։ Ով որ ինքնաբացարկի դիմում է ներկայացրած լինում, դրան չի տալու, մյուսներին տալու է։ Հետո գալու է «Ուժեղ Հայաստան»-ին։ Ով որ մանդատից հրաժարվեց, բնականաբար, ԿԸՀ-ն չի կարող մանդատ տալ մի մարդու, ով դիմում է գրել և բացարկ է հայտնել։ Անցնում է ցուցակի հաջորդ համարին։ Եթե ամբողջ ցուցակը չվերցրեց մանդատները, բնականաբար, էդ ուժը խորհրդարանում չի լինում, ոչ մի պատգամավոր ինքը չի ունենում և դրա մանդատները այլ քաղաքական ուժերի չեն տրվում։ Գալիս է հաջորդ կուսակցությանը և այդպես շարունակ։
Հիմա եթե քննարկենք երկու հնարավոր տարբերակներ՝ եթե ընդդիմադիր ուժերը մանդատները չեն վերցնում կամ վերցնում են։ Ի՞նչ է առաջանում այդ ժամանակ և իրավական, և քաղաքական իմաստով։ Նախ` տրամաբանական է, որ քաղաքական ուժերը, ընդդիմադիրները, այդ որոշումը միասնական կայացնեն, այսինքն՝ «Ուժեղ Հայաստան»-ը, «Հայաստան» դաշինքը և եթե կանցնի՝ ԲՀԿ-ն, իրար հետ այդ որոշումը կայացնեն, ոչ թե առանձին վերցրած, որովհետեւ իմաստը կորչում է։ Այսինքն, դեռ պետք է այդ իմաստով, կարծում եմ, քննարկումներ լինեն։
Հիմա, եթե չես վերցնում, ի՞նչ է առաջանում այդ դեպքում։ Հնարավոր է նաև չվերցնել։ Ի դեպ, ասեմ ձեզ՝ այդ մանդատ վերցնել-չվերցնելը մեզ համար անհատական մակարդակում, ինձ համար և վստահ եմ՝ մյուս մեր գործընկերների համար, հարյուրերորդ հարց է։ Ասենք, ես «Ուժեղ Հայաստան» թիմին հո չե՞մ միացել, որ դառնամ պատգամավոր, որ հիմա էլ քննարկվի՝ պատգամավոր դառնամ, թե չէ։ Ես հիմա էլ պատգամավոր չեմ։ Ու շատ հանգիստ կարող եմ նաև երկու ամիս հետո էլ պատգամավոր չլինել, մի տարի հետո էլ, երկու տարի հետո էլ։ Ի դեպ, ասեմ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հիմիկվա ցուցակում ոչ մի պատգամավոր չկա։ Այսինքն, կարող ենք նաև հետո էլ չլինել; Մենք հո չե՞նք առաջադրվել այդ ուժեղ դաշինքի կազմում, որ լինենք պատգամավոր։ Մենք առաջադրվել ենք, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ, որ մեր երկրում փոփոխություններ լինեն, որ մեր երկրում կյանքը փոխվի, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնենք։ Մնացած բոլորը տեխնիկական բնույթի խնդիրներ են մեր համար։ Մանդատ վերցնելու կամ չվերցնելու հարցը պետք է դիտարկել ոչ թե անհատական տիրույթում՝ սա դարձավ պատգամավոր, նա չդարձավ, այլ հետագա քաղաքական պայքարի իմաստով։
Մեր քաղաքական պայքարը հո չի՞ ավարտվել։ Ասենք, լավ, այս իշխանազավթումը Նիկոլ Փաշինյանը իրականացրել է։ Վե՞րջ, մենք հաշտվեցինք դրա հե՞տ։ Հիմա մանդատներից էլ հրաժարվում ենք, ամեն ինչից հրաժարվում ենք, գնանք մեր տներով՝ Նիկոլ Փաշինյանը ինչ ուզում անում է՞։ Իհարկե ոչ։ Քանի ողջ ենք, պիտի պայքարենք։ Այդ պայքարի հետագա ընթացքում ի՞նչ կարգավիճակ է պետք, ի՞նչ գործողություններ են պետք, սահմանադրությունը ի՞նչ հնարավորություններ է տալիս, իրավական գործիքակազմը ո՞րն է, ի՞նչ է հնարավոր։ Այսինքն, բոլոր հնարավոր գործողությունները, քայլերը պետք է արվեն և հիմիկվա որոշումները պետք է կայացվեն հենց այդ տրամաբանությամբ, այդ տեսանկյունից։
Պատկերացրեք՝ բոլորս մանդատներից հրաժարվում ենք. ինչը, լրիվ հնարավոր է։ Կարող է նաև այդ որոշումը կայացվել։ Ոչ մի խնդիր ես այստեղ չեմ տեսնում։ Բոլորս մանդատներից հրաժարվեցինք։ Ի՞նչ է լինում այդ ժամանակ։ Միայն ՔՊ-ն է անցնում խորհրդարան եւ ունենում է, ենթադրենք, 67 պատգամավոր։ 67 պատգամավորով խորհրդարանը համարվում է կազմավորված։ Իհարկե, այնտեղ իրավական որոշակի խնդիր կա, որովհետև Սահմանադրությունը ասում է, որ Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաև կասի՝ ես ընտրություններից հետո առնվազն 101 պատգամավորի մանդատների բաշխումն իրականացրել եմ։ Հիմա Ղազարյան Էդգարն եկել է, դիմում է գրել, ասում է՝ չեմ ուզում դառնամ պատգամավոր, իմ մեղքը դրանում որն է։ Ես կազմավորել եմ 101 պատգամավոր, մարդը դուրս է եկել, այդպես է իրավիճակ ստացվել։ Կարող է որոշակի մեկնաբանություն լինի, բայց իրավական հետևանք լայն առումով դրանից կարող է չառաջանալ։ Նախագահը կարող է դիմի Սահմանադրական դատարան, ասի, որ այսպիսի խնդիր կա, Սահմանադրական դատարանը ընտրական օրենսգրքի այս մասը ուժը կորցրած ճանաչի, նոր կարգավորում մտցնի, նոր մեկնաբանություն տա, անգամ բերեն այդ տեղերը լրացնեն։
Հիմա, լավ, ասենք թե հրաժարվել ենք։ Միայն ՔՊ-ն է լինում, կառավարությունը կազմավորվում է, պատգամավորները իրենք 67 հոգով անխռով, հանգիստ հինգ տարի, իրանց «չոռ» ասող չկա, խորհրդարանում ընդդիմախոս չունեն, ինչ ուզում են անում են, ինչ որոշում ուզում են կայացնում են, հանգիստ, բոլոր պաշտոններով նստած իրենց համար։ Ու հինգ տարվա ընթացքում ոչ ոք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրավական հնարավորություն այլևս չի ունենա։
Այսինքն, հիմա էս պահին բոլոր մանդատներից հրաժարվել նշանակում է կայացնել որոշում, որ մենք հինգ տարի Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին չենք անհանգստացնում։ Ասում ենք՝ ախպեր ջան, ինչ ուզում եք, արեք, հինգ տարին ձերն է։ Արդյո՞ք դա խելամիտ, լավ որոշում է։
Մանդատից կարելի է հրաժարվել ոչ միայն ստանալու պահին, այլ կարելի է հրաժարվել, ենթադրենք՝ երկու ամիս հետո, վեց ամիս, մի տարի, երկու տարի հետո։ Միշտ էլ կարելի է մանդատներից հրաժարվել։ Այստեղ մնում է հասկանալ, թե երբ է ճիշտ։ Հրաժարվել. միշտ կարելի է, բայց հետ բերել հնարավոր չէ։ Եթե ես ստանալու պահին դիմում եմ գրում, ասում եմ՝ ես մանդատ չեմ ուզում, երկու տարի հետո չեմ կարող գնալ, ասել՝ գիտե՞ք ինչ, էն որ գրել էի, փոշմանել եմ, իմ մանդատը տվեք. հիմա կարևոր որոշում ունենք կայացնելու։ Դու արդեն գնացել ես, վե՜րջ։ Բայց եթե դու այդ որոշումը չես կայացրել, երբ ուզես այդ պահին կարող ես որոշում կայացնել՝ այսօր, մի ամիս հետո, երկու տարի հետո։ Այսինքն, դու ես կառավարում իրավիճակը, քանի դու այդ որոշումը չես կայացրել։ Իսկ ի՞նչ կարող է լինի այդ ժամանակ։ Ցանկացած իրադարձություն, ցանկացած փոփոխության անհրաժեշտություն կարող է լինի, որ դու որոշում պիտի կայացնես։ Բայց եթե դու այնտեղ չես, էլ ո՞նց ես կայացնում։ Դու ինքդ քեզ այդ հնարավորությունից զրկել ես։ Սա մանդատ չվերցնելու թերի կողմն է։
Առավելությունը ո՞րն է։ Առավելությունը նա է, որ ասում ես՝ սրանով ես բոյկոտում եմ, ասում եմ՝ այս ընտրությունները լեգիտիմ չի, դրա համար էլ չեմ վերցնում։ Հիմա էլ ենք ասում լեգիտիմ չի, բոլոր պարագաներում ենք ասում լեգիտիմ չի։ Սահմանադրական դատարան էլ է բողոքարկվելու, անկախ նրանից, թե Սահմանադրական դատարանը ինչ որոշում է կայացնելու։ Արդեն կարելի է ենթադրել ինչ որոշում է լինելու։ Բայց դա հո չի՞ նշանակում, որ ընտրությունները լեգիտիմացան։ Այստեղ հարցն այն է, որ հետագա պայքարի իմաստով որ կարգավիճակն է ճիշտ առաջ տանել։
Ո՞վ է ասում, որ գնալը նշանակում է ՔՊ-ի հետ ընդդիմություն աշխատել։ Կարող ես գնալ, ընդհանրապես դահլիճ չմտնել. դու այդ կարգավիճակն ունես։ Օրինակ, ես գնում էի Ազգային ժողովի ընդունարան, որ ՔՊ-ականների հետ հանդիպեմ, իմ հարցերը բարձրաձայնեմ։ Ինձ չէին ընդունում, ասում էին՝ քաղաքացի ես, գնա ստեղից։ Ես էլ թողնում, գալիս էի։ Բա ի՞նչ պիտի անեի։ Եթե, մարդը հիմա պատգամավորի կարգավիճակ ունի, հո չե՞ն կարող ասել՝ գնա ՝ստեղից։ Այսինքն, կախված դրանից, թե ինչ կարգավիճակով ես, կարողանալու ես քո հետագա պայքարը շարունակել։ Եթե հետագա ընթացքում տեսնում ես, որ չես կարողանում խնդիր լուծել, այնտեղ մնալը դառնում է անիմաստ, այդ ժամանակ կհրաժարվես։
Մենք պիտի հասկանանք, թե որ պահին է ճիշտ որոշումը կայացնել։ Այդ էմոցիոնալ մասը՝ «մանդատները, մենք ձեզ ձայն չենք տվել, որ դուք գնաք դառնաք»… Այդ ձայն տվողներից մեկն էլ մենք ենք, մենք ոչ միայն ձայն ենք տվել, այլ պայքար ենք տարել այս ամբողջ ժամանակաշրջանում, այս քանի տարի, մեր ամբողջ ջանքերն ենք ներդրել, մեր ամբողջ կարողություններն ենք ներդրել այս ամեն ինչի մեջ։ Այդ ո՞վ ունի սրտացավության ավելի բարձր աստիճան։ Ուղղակի պիտի հասկանանք, թե ինչ է լինելու հետագայում։
Ենթադրենք, գալիս է մի իրավիճակ, որ հնարավոր է նրան ինչ-որ մի ձևով, խորհրդարանի միջոցով հեռացնել։ Դա հնարավոր է, չէ՞, մեկ տարի հետո այդ հնարավորությունը առաջանում է խորհրդարանում։ Եթե դու խորհրդարանում չես, դա չես կարող անել։ Այսինքն, մանդատ չվերցնելու բացասական կողմն էլ այն է, որ դու քեզ զրկում ես այդ կարգավիճակից՝ շենք մտնելու փոխարեն մնում ես շենքի պատերի տակ։ Էդ շենքի պատերի տակ էլի կարող ես մնալ։ Հիմա ամբողջ քաղաքական ուժը հո չի՞ գնում խորհրդարան, գնում են նրանք, ովքեր կարող են գնալ։ Այսինքն` մի մասը այնտեղ է մնում, մի մասը դուրսն է մնում։ Ու այն մասը, որը ներսում է, ցանկացած պահի կարող է մանդատը դնի նաև գետնին։ Այսինքն, մանդատներից հրաժարվելը կարող է դիտարկվել շատ խելամիտ որոշում։ Ուղղակի այստեղ պետք է հասկանանք, թե այդ խելամիտ որոշումը ժամանակագրային իմաստով երբ է ճիշտ կայացնելը և երբ է ճիշտ կայացնելը մի նպատակով՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, որովհետև մեր պայքարը նրա դեմ չի ավարտվել, մեր պայքարը թևակոխել է, այլ փուլ։
Այո, մենք ուզում էինք, պայքարում էինք, չնայած այս անհավասար պայմաններին, չնայած բռնաճնշումներին, ամեն ինչ անում էինք, որ դա հաջողվի հունիսի 7-ին։ Հիմա, եթե հունիսի 7-ին դա չի հաջողվել, ինքը նորից զավթել է իշխանությունը, մենք հո չե՞նք հաշտվում այս իրողության հետ։ Մենք շարունակում ենք պայքարը։ Հիմա պիտի հասկանանք, թե որ կարգավիճակով է ճիշտ շարունակել այդ պայքարը։ Եթե ճիշտ է, արդյունավետ է այսօր մանդատներից հրաժարվել, էսօր կարվի։ Եթե ճիշտ է դա անել վեց ամիս հետո, ուրեմն վեց ամիս հետո է պետք անել, մի տարի հետո։ Այսինքն, այդ էմոցիոնալ վիճակից պետք է մարդիկ դուրս գան ու սկսեն ռացիոնալ որոշումներ կայացնել։
Օրինակ, պատկերացնենք, մարդը պատգամավորի կարգավիճակը ստացել է։ Ո՞վ է ասում, որ պիտի գնաս բոլոր նիստերին նստես նրանց հետ։ Դրանք կոնկրետ ինձ համար գոյություն չունեցող մարդիկ են՝ կամ կաս, կամ չկաս։ Ի՞նչ են դրանք։ Եթե օրենսդրական բան կա՝ քվեարկությունների վեց ամսից ավելի բացակայում ես, կարող են իրենք լիազորությունը կորցրած ճանաչել, դու էլ քվեարկության ժամանակ չես բացակայի, ձեռնպահ կքվեարկես ու դուրս կգաս։ Այնքան, որ կֆիքսվի քվեարկություն։ Նորից եմ կրկնում, որ դեռևս կարգավիճակդ պահես հետագա քաղաքական գործընթացների համար։
Սխալ են էդ մեկնաբանությունները, որ ասում են՝ «գլխավոր դատախազին պիտի ընտրենք»։ Սխալ են մեկնաբանում Նարեկ Կարապետյանի ասած շատ խելամիտ մտքերը։ Դա միայն դատախազի ընտրությանը չի վերաբերում։ Դա վերաբերում է Սահմանադրական օրենքների ընդունմանը, դա վերաբերում է քաղաքական որոշումների կայացմանը։ Դու պետք է կարգավիճակ ունենաս, որ դա կարողանաս անել։ Եթե այդ կարգավիճակից զրկվում ես, ուրեմն դա էլ է տարբերակ. կարող ես ինքդ քեզ, քո ունեցած կարգավիճակից զրկել։ Բայց դա պիտի անես ոչ թե ինքնանպատակ, այլ խելամտորեն։ Այսինքն, ոչ մանդատներից հրաժարվելու որոշումը պիտի լինի էմոցիոնալ, ոչ էլ պահելու որոշումը պիտի լինի էմոցիոնալ։ Ցանկացած որոշում պետք է բխի հետագա պայքարի տրամաբանության շահերից։
Ու այստեղ ի՞նչն է կարևոր, որ այդ որոշումները նաև պետք է կայացվեն ընդդիմադիր բոլոր ուժերի կողմից միաժամանակ։ Այսինքն, և «Ուժեղ Հայաստան»-ը, և «Հայաստան» խմբակցությունը, և եթե խորհրդարան անցավ, նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, պետք է այդ որոշումներում գործեն համաձայնեցված։ Իրար հետ պետք է նստեն, քննարկեն, ծանրութեթև անեն բոլոր ասպեկտները, նոր որոշում կայացնեն։ Թե չէ, հիմա դնես ասես՝ գիտե՞ք, բոլորդ գնացեք. դա էլ է տարբերակ։ Կարող են բոլորը գնալ, հրաժարվել։ Այսինքն, ոչ ոք չի ասում, որ դա հնարավոր չի։ Հնարավոր է։ Ես վստահ եմ, որ ոչ թե շատերը, բոլորն էլ պատրաստ են ցանկացած քաղաքական որոշման։ Բայց հասկանանք, դա լավ է, թե վատ է։ Կարող է նաև լավ է։ Եթե լավ է, միանշանակ կլինի այդ որոշումը։ Եթե դա ճիշտ որոշում չի, ռացիոնալ որոշում չի, հետագա քաղաքական պրոցեսներից ինքդ քեզ զրկելու որոշում է, պետք չի գնալ էմոցիոնալ քայլերի։ Ամեն ինչ պետք է լինի խելամիտ, պատճառաբանված, մեր հետագա պրոցեսների, Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու շահերի համատեքստում։ Եվ բոլոր այդ որոշումները պետք է կայացվեն ժամանակին։ Այս պահին ճիշտ նպատակը խոսելը, հայտարարություններ անելը չէ։ Նպատակը ճիշտ որոշումներ կայացնելն է։
Իսկ դուք վստահ եղեք, որ հատկապես «Ուժեղ Հայաստան»-ում բոլոր որոշումները կայացվում են ծանրութեթեւ անելով, բոլոր կողմերից դիտարկելով։ Եվ միայն այդ տեսանկյունից են կայացվելու որոշումները։ Այնտեղ էմոցիոնալ, հախուռն մտածող, սրա, նրա կարծիքին տրվող մարդիկ չկան։ Բոլորը իրավիճակը շատ լավ գնահատում են, շատ լավ հասկանում են, և վստահ եղեք, որ կայացվելու են լավ որոշումներ։ Ոնց որ մեր քաղաքական ուժին քվեարկողները վստահ են եղել, որ գնում են ճիշտ ճանապարհով, այդ վստահությունը կարող են շարունակել իրենց մեջ ամուր պահել, որովհետև բոլոր որոշումները կայացվելու են մեր պետության, մեր քաղաքացիների և մեր ընտրողների շահերից ելնելով։ Այլ շահ որևէ մեկը մեր թիմում, վստահ եղեք, չունի»։


















































