Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստը դառնում է երեխաների խաղի իրավունքի պաշտպանը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի համաձայն՝ աշխարհում 90 միլիոն երեխա տանը չունի որևէ խաղ կամ խաղալիք։
ԵՐԵՎԱՆ, հունիսի 11, 2026 թվական. «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 18-ամյա աստղային ֆուտբոլիստ Լամին Յամալը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան՝ ստանձնելով յուրաքանչյուր երեխայի խաղի իրավունքի պաշտպանության առաքելությունը։
Նշանակման մասին հայտարարվել է Խաղի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի հունիսի 11-ին՝ ընդգծելու խաղի առանցքային դերը երեխաների մտավոր, սոցիալական և ֆիզիկական զարգացման գործում։ Այս օրը նաև համընկնում է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության մեկնարկի հետ, որտեղ Լամին Յամալը հանդես է գալու Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։
«Անչափ հպարտ եմ դառնալու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան», – նշել է Լամին Յամալը։ «Մեծանալիս ես ունեի միայն ընտանիք, գնդակ, այգի և երազանք։ Ֆուտբոլը ինձ կարգապահ դարձրեց, պատկանելության զգացում պարգևեց և հավատ ներշնչեց ապագայի հանդեպ։ Ես գիտեմ, թե որքան կարևոր է, որ երեխաներն անվտանգ միջավայր ունենան ապահով խաղալու համար, որպեսզի պարզապես կարողանան վայելել մանկությունը, բացահայտել աշխարհը, երևակայել և զարգանալ։ Այսօր միլիոնավոր երեխաներ զրկված են այդ միջավայրից։ Երբ երեխաները չեն կարողանում խաղալ, նրանք զրկվում են հմտություններ զարգացնելու, ընկերներ ձեռք բերելու և ավելի լավ ապագա պատկերացնելու հնարավորությունից»։
Որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան՝ Լամին Յամալը կենտրոնանալու է երեխայի խաղի իրավունքի առաջխաղացման, ինչպես նաև հումանիտար ճգնաժամերի՝ զինված հակամարտությունների կամ բնական աղետների հետևանքով տուժած երեխաների աջակցության վրա։ Ունենալով ավելի քան 87 միլիոն հետևորդ և մեծ թվով երիտասարդ երկրպագուներ ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում՝ նա կարող է իր ձայնով և ազդեցությամբ ոգեշնչել միլիոնավոր մարդկանց և շարունակել երեխայի իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր՝ արդեն իսկ սկսած գործունեությունը։
«Խաղադաշտից մինչև համաշխարհային հարթակ՝ Լամին Յամալը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությանն է տրամադրում իր եռանդն ու ազդեցիկ ձայնը», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը։ «Ուրախ ենք նրան ողջունել որպես Բարի կամքի դեսպան՝ յուրաքանչյուր երեխայի խաղի իրավունքի և անվտանգ մանկության ջատագով ու պաշտպան։ Աշխարհում, որտեղ չափազանց շատ երեխաներ առերեսվում են հակամարտությունների և աղքատության հետևանքներին, Լամինի հանձնառությունը բարձրաձայն հիշեցում է, որ յուրաքանչյուր երեխա արժանի է խաղալու, զարգանալու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու»։
Լամին Յամալի նշանակումն ուղեկցվում է երեխաների խաղի վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր տվյալների հրապարակմամբ, որոնք ցույց են տալիս, որ մինչև 5 տարեկան ավելի քան 90 միլիոն երեխա կամ աշխարհում յուրաքանչյուր յոթերորդ երեխան, տանը չունի խաղի համար նախատեսված որևէ միջոց՝ լինի դա խանութից գնված խաղալիք, կենցաղային առարկա, թե այլ խաղ։ Միևնույն ժամանակ, 2-ից 4 տարեկան շուրջ 80 միլիոն երեխա կամ յուրաքանչյուր հինգերորդը, տանը չի խաղում ծնողի կամ խնամակալի հետ։
«Խաղի ուժը. տվյալների համաշխարհային պատկերը» զեկույցը մինչ օրս երեխաների խաղալու հնարավորությունների վերաբերյալ ամենաընդգրկուն համաշխարհային վերլուծությունն է։ Այն հիմնված է գրեթե 100 երկրի տվյալների վրա և ընդգրկում է 15 տարվա ժամանակահատված՝ մինչև 2024 թվականը։ Զեկույցը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում երեխաների և խնամակալների համատեղ խաղի մակարդակում էական փոփոխություններ չեն արձանագրվել, իսկ երեխաների՝ խաղալիքների և խաղի համար նախատեսված այլ միջոցների հասանելիությունը բարելավվել է միայն փոքր չափով, այդ թվում՝ Լատինական Ամերիկայում, Կարիբյան ավազանում և ենթասահարյան Աֆրիկայում։
Տվյալները նաև վկայում են, որ այն երեխաների երեք քառորդը, որոնք տանը զրկված են խնամակալի հետ խաղալու հնարավորությունից, ապրում են ենթասահարյան Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Այս երկու տարածաշրջանում է բնակվում նաև խաղից ու խաղալիքներից զուրկ երեխաների մոտ երկու երրորդը։ Երկրների ներսում ամենամեծ անհավասարությունները դիտվում են ամենաաղքատ ընտանիքների, գյուղական բնակավայրերում ապրող երեխաների և այն երեխաների շրջանում, որոնց մայրերը չեն ստացել կրթություն։
Միաժամանակ, անկախ տարածաշրջանից կամ եկամտի մակարդակից, երեխաները գրեթե երկու անգամ ավելի քիչ են խաղում իրենց հայրերի հետ, քան մայրերի կամ այլ խնամակալների։ Այս իրավիճակին նպաստում է նաև այն, որ ծնողավարման ծրագրերի մեծ մասը շարունակում է հիմնականում թիրախել մայրերին՝ նվազ կարևորելով հայրերի ներգրավվածությունը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ խաղը խիստ կարևոր նշանակություն ունի երեխաների սովորելու, հարաբերություններ կառուցելու և համակողմանիորեն զարգանալու համար, հատկապես երբ այն տեղի է ունենում խնամակալի կամ ընկերների հետ։ Սակայն աղքատությունը, հակամարտությունները և աջակցության պակասը միլիոնավոր երեխաների զրկում են խաղալու հնարավորությունից և անվտանգ միջավայրից, որտեղ նրանք կարող են ազատորեն ուսումնասիրել աշխարհը, երևակայել և ստեղծագործել՝ զերծ մնալով բռնությունից և չարաշահումից։ Այս խոչընդոտները երկարաժամկետ ազդեցություն են ունենում երեխաների ինքնավստահության, հաղորդակցման և սոցիալական հմտությունների վրա՝ հաճախ շարունակվելով նաև հասուն տարիքում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին և այլ շահագրգիռ կողմերին՝
ընդլայնել այն ծառայություններն ու ծրագրերը, այդ թվում՝ ծնողավարման ծրագրերը, որոնք խթանում են խաղը և ամրապնդում երեխա-ծնող կապը,
ապահովել, որ 3-6 տարեկան յուրաքանչյուր երեխայի հասանելի լինեն նախադպրոցական կրթությունն ու խաղի միջոցով ուսումնառությունը,
երաշխավորել, որ յուրաքանչյուր երեխա կարողանա խաղալ անվտանգ, ներառական և պատշաճ պահպանվող խաղահրապարակներում ու այլ խաղային տարածքներում։


















































