Այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները խուզարկում էին «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան»-ի վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տունը։
Արեգնազ Մանուկյանն ուղիղ եթերում ցուցադրեց տեղի ունեցողը, պահանջեց ներկայանալ և ցույց տալ խուզարկության իրավունք տվող փաստաթուղթը։
«Դուք հիմա խոչընդոտում եք մեր գործողությանը, անջատեք ձեր հեռախոսը»,–ասաց ՔԿ-ի աշխատակից Գեւորգյանը։
Արեգնազ Մանուկյանն ի վերջո ստիպված եղավ անջատել հեռախոսը, որ չիրականացնեն այն ձեռքից վերցնելու սպառնալիքը։
Կարդացեք նաև
Խուզարկության ավարտից հետո նրան ժամը 10:00-ին կանչեցին Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժին։
Քննչական կոմիտեից հայտնել են խուզարկության պատճառը. «Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են։ Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթի հետ»։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն պնդում է, որ «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, և 2024 թվականին «Ռուսաստան-Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, որն, ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց նրանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։
Ըստ ՔԿ-ի՝ այդ տեղեկությունները վերաբերել են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովում սահմանազատման թեմայով անցկացված փակ, գաղտնի լսումներին։ Այդ ժամանակ Արեգնազ Մանուկյանը դեռ պատգամավոր էր։


















































