Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲ-ի վրա հիմնված գործիքները կարող են հայտնաբերել մամոգրաֆիկ նուրբ փոփոխությունները «կրծքագեղձի քաղցկեղ» ախտորոշումից դեռևս տարիներ առաջ․ նոր հետազոտություն

Հունիս 15,2026 09:30 Share

Արհեստական բանականությունն ավելի ու ավելի արժեքավոր գործիք է դառնում քաղցկեղի վաղ հայտնաբերման գործում՝ բարձրացնելով սքրինինգային և ախտորոշիչ մեթոդների արագությունը, ճշգրտությունն ու հուսալիությունը։ Մասնավորապես, ԱԲ-ի վրա հիմնված մոդելները զգալիորեն զարգացրել են բժշկական պատկերների վերլուծությունը՝ հնարավորություն տալով ավելի արդյունավետորեն ու ավելի վաղ հայտնաբերել ախտահարումներն ու հիվանդության օջախները՝ նպաստելով ճշգրիտ ախտորոշմանը։

ԱԲ-ի ալգորիթմները, վերլուծելով, օրինակ, մամոգրաֆիկ պատկերները, կարող են հայտնաբերել այնպիսի նուրբ փոփոխություններ, որոնք այլ դեպքում կարող էին աննկատ մնալ։ ԱԲ-ով վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս բարելավել հիվանդների բուժման արդյունքները, նվազեցնել ախտորոշման հետ կապված սխալվելու հավանականությունը, ինչպես նաև նպաստում է անհատական բուժման պլանների մշակմանը։

Այժմ հետազոտողները ենթադրում են, որ ԱԲ-ի վրա հիմնված երեք գործիքներ կարող են օգնել հայտնաբերել մամոգրաֆիկ նուրբ փոփոխությունները «կրծքագեղձի քաղցկեղ» ախտորոշումից դեռևս տարիներ առաջ։

«Radiology» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ԱԲ համակարգերը հետևողականորեն ավելի բարձր քաղցկեղային ռիսկի գնահատականներ են տվել այն կանանց, որոնց մոտ հետագայում զարգացել է կրծքագեղձի քաղցկեղ, և հակառակը։

Այս արդյունքները համալրում են աճող ապացույցների շարքը, որոնք ցույց են տալիս, որ ԱԲ-ն գնալով ավելի կարևոր դեր է խաղում կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի կատարելագործման և հիվանդության ավելի վաղ, հետևաբար նաև ավելի հեշտ բուժվող փուլերում հայտնաբերելու գործում։

ԱԲ-ն քաղցկեղի նշաններ է հայտնաբերել ախտորոշումից 6 տարի առաջ

Շվեդիայում անցկացված հետադարձ (ռետրոսպեկտիվ) հետազոտության շրջանակում գիտնականները վերլուծել են 31 հազարից ավելի մասնակիցների 88 963 մամոգրաֆիկ տվյալներ, որոնք հավաքվել էին 10 տարիների ընթացքում։

Հետազոտության ընթացքում 12 072 կնոջ մոտ, ի վերջո, ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ՝ ռադիոլոգների կողմից իրականացված սովորական սքրինինգային զննումներից հետո։

Գիտնականներն այդ մամոգրաֆիկ տվյալների նկատմամբ կիրառել են ԱԲ-ի վրա հիմնված երեք համակարգերն և գնահատել, թե արդյո՞ք դրանք կարող են հայտնաբերել քաղցկեղի վաղ նշանները մինչև այն պահը, երբ ռադիոլոգների կողմից կդրվի ախտորոշումը։

ԱԲ համակարգերը կարողացել են հայտնաբերել ապագա քաղցկեղի որոշ դեպքեր ախտորոշումից տարիներ առաջ՝ պահպանելով 90% սպեցիֆիկություն։ Սա նշանակում է, որ դրանք ճիշտ են տարբերակել քաղցկեղ չունեցող մարդկանց մեծամասնությանը նրանցից, որոնց մոտ հետագայում հիվանդությունը զարգացել է։

Հատկանշական է, որ ԱԲ համակարգերը մինչև 19,7 % կանանց մոտ հայտնաբերել են քաղցկեղի հետ կապված հնարավոր շեղումներ ախտորոշումից 6 տարի առաջ։ Այլ կերպ ասած՝ կրծքագեղձի քաղցկեղի մոտ յուրաքանչյուր հինգերորդ դեպքը կարող է ունենալ այնպիսի մամոգրաֆիկ առանձնահատկություններ, որոնք ԱԲ-ն ի վիճակի է հայտնաբերել մոտ 6 տարի շուտ, քան դրանք կբացահայտվեն ստանդարտ սքրինինգի միջոցով։

Արհեստական բանականությամբ աշխատող համակարգերը նաև կարողացել են քաղցկեղի վաղ նշաններ հայտնաբերել կանանց մինչև 25,2%-ի մոտ՝ ախտորոշումից 4 տարի առաջ և մինչև 39,3%-ի մոտ՝ 2 տարի առաջ։

ԱԲ-ի հնարավոր դերը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման գործում

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ԱԲ համակարգերը կարողանում են հայտնաբերել պատկերային այնպիսի նուրբ օրինաչափություններ, որոնք վաղ փուլերում կարող են վրիպել մարդու աչքից։ ԱԲ-ի այդ կանխատեսումները հետագայում կարող են օգնել ռադիոլոգներին առանձնացնել ռիսկի խմբում գտնվող մարդկանց՝ նրանց համար անհատականացված սքրինինգային ծրագրեր մշակելու համար։

Թեև արդյունքները խոստումնալից են, կարևոր է ընդգծել, որ հետազոտությունը ռետրոսպեկտիվ բնույթ է ունեցել։ Սա նշանակում է, որ գիտնականները վերլուծել են արդեն գոյություն ունեցող պատկերային տվյալներ, և տեխնոլոգիան չեն փորձարկել ներկայի կլինիկական պայմաններում։

Հետևաբար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ հետազոտություններ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է ԱԲ-ի կանխատեսումները ներառել սովորական սքրինինգային ծրագրերում և արդյո՞ք պատկերային նուրբ փոփոխությունների ավելի վաղ հայտնաբերումը կհանգեցնի բուժման ավելի լավ արդյունքների։

Այնուամենայնիվ, արդյունքները ցույց են տալիս, որ ԱԲ համակարգերը կարող են նոր հնարավորություն ստեղծել քաղցկեղը ներկայիս ստանդարտ մեթոդներից ավելի վաղ հայտնաբերելու համար։

Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930