«Ակնհայտ է, որ ընտրակաշառք բաժանած քաղաքական ուժերը բողոքելու ընդհանրապես որեւէ բան չունեն, որ արդյունքներն այդպիսին են եղել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԿԸՀ երեկվա որոշմանը։
Դիտարկմանը, որ ընդդիմությունն էլ իրենց «ձայնագող» է անվանում, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ապացույցներ կա՞ն։ Ընտրակաշառք բաժանելու ապացույցներ կան, իսկ ըտենց հիմար արտահայտություններ անելու համար խելք էլ պետք չէ»։
Ընդդիմադիրների հայտարարություններին ի պատասխան, որ եթե ընտրակաշառքի փաստեր կան, ինչո՞ւ դատարանների վճիռներ չկան, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ, որովհետեւ երեւի այդ դեպքերը դեռ չեն ուղարկվել դատարան, այդ ընտրակաշառքները բաժանվել են վերջերս։ Վստահ եմ, որ այդ դեպքերը կգնան դատարան, վճիռներն էլ կլինեն։ Ձայնագրությունները եթե լսել եք, իրենք շատ մեծ կասկածի տեղ չեն տալիս»։
«Մենք ասել ենք՝ համատարած ընտրակաշառք է բաժանվել։ Եվ, այո, մենք ունենք համոզմունք, որ եթե ընտրակաշառքը չբաժանվեր, ապա այդ ուժերը չէին հավաքի այդ անհրաժեշտ տոկոսը, որպեսզի անցնեին Ազգային ժողով»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հարցին, որ ՔՊ-ի մասին էլ ընդդիմադիր գործիչներն ասում են, որ եթե կենսաթոշակները չբարձրացնեին, առողջության ապահովագրությունը չներդնեին ու վարչական ռեսուրս չկիրառեին, հաջողություն չէին ունենա, նախարարը պատասխանեց․ «Ո՞վ գիտի, ո՞նց են որոշելու, որ ըտենց է: Ձեր ասածը գիտե՞ք որն է, որ կառավարությունը ոչ մի լավ չպետք է անի՞։ Ինքը ստեղծված է, որպեսզի անի դա, հինգ տարվա ընթացքում էլ է արել, ընտրություններից երկու ամիս առաջ էլ է արել, ընտրություններից վեց ամիս առաջ էլ է արել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































