Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա Ներքին Հանդում Հասմիկն ինչո՞ւ է մեզ ձայն տվել, որովհետեւ կատարվել են անվտանգային ծրագրեր»

Հունիս 16,2026 13:29 Share

«Մեր գործընկերներն իրենց ելույթներում անընդհատ հիշատակեցին, թե ո՞ւր է ընդդիմությունը։ Ես կարծում եմ, որ մենք ըմբռնումով պետք է մոտենանք, ընդդիմադիր մեր քույրերն ու եղբայրները զբաղված են շատ կարեւոր գործերով։ Եվ մենք ստիպված պետք է առանց իրենց ներկայության քննարկենք 2025 թվականի բյուջեի կատարողականը»,- ԱԺ նստաշրջանում 2025 թվականի բյուջեի կատարման մասին զեկույցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ «խախանդ մթնոլորտ» է։ «Ներքին կայուն ու խաղաղ վիճակը խոսում է, որ մենք 2025 թվականի բյուջեի կատարողականի մեջ անվտանգության մարմինների նախատեսած ծախսերը ճիշտ ենք իրացրել։ Այն բարեփոխումները, որոնք արել ենք, որոնք արձանագրված են Ներքին գործերի նախարարության պարագայում միջազգային կառույցների ուսումնասիրությունների արձանագրումների մեջ, ցույց են տալիս, որ այդ կառույցի նկատմամբ վստահության քվեն բարձրացած է։ Դա նշանակում է, որ կառավարության ծրագրի հաստատումից հետո ամեն բյուջետային տարում կոնկրետ խնդրի լուծումը բերել է մի իրավիճակի, որ մեզ պետք է հանգիստ չտա, որ մենք ապագայում կանգնենք այս ձեռքբերումների վրա։ Եթե մենք տեսնում ենք ծանր հանցագործությունների աճի նվազում, մենք ուրախանում ենք, բայց մեր սիրելի քույրերն ու եղբայրներն այդքան էլ չեն ուրախանում, որովհետեւ իրենց պետք է սթրես»,- ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ ռազմարդյունաբերությանը եւ ասաց․ «Մենք արդեն ունենք արտադրանք, որը նկատվել է իր որակական ցուցանիշներով, եւ կան երկրներ, որոնք ցանկանում են դա ձեռք բերել։ Դա նաեւ այն ձեռքբերումն է, որը 2021 թվականից սկսած կառավարությունն իր նպատակների մեջ արձանագրելով եւ դնելով իր բյուջետային թվերի մեջ, այսօր մենք հողի վրա արձանագրեցինք նաեւ այդ ձեռքբերումը»։

Անդրադառնալով ուժային կառույցներին՝ Քոչարյանն ասաց․ «Ընտրությունների փուլում համատեղ բացահայտումներով կանխեցին մի մեքենայի գոյություն, որի մասին մենք մոռացել էինք։ Մեկ էլ պարզվեց, որ նորից իրենց բլոկներով հայտնվեցին հարյուրապետերը, հազարապետերը, նրանք կոչվում են «տասովշչիկներ»։ Նրանք փողի նկատմամբ իրենց սերը չկարողացան զսպել, եւ դա արձանագրվեց մեր ուժային կառույցների կողմից։ Պետության կողմից դա հստակ ոչնչացնելու նպատակ պետք է լինի, որովհետեւ մեր հաջորդ գերակա նպատակը էլի մնում է ժողովրդի կամքը չկորցնելը»։

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Սյունիքում քվեարկության արդյունքներին․ «Ես ուզում էի իգական սեռի մեր գործընկերներից մեկին, որն անընդհատ խոսում էր Ներքին Հանդում տիրող իրավիճակի մասին, հարց ուղղել։ Ընտրությունների արդյունքում Ներքին Հանդում գործող իշխանությունը ստացել է շատ մեծ ձայներ։ Եվ ես ուզում էի հարցնել տվյալ ընկերուհուն՝ բա Ներքին Հանդում Հասմիկն ինչո՞ւ է մեզ ձայն տվել։ Որովհետեւ Ներքին Հանդում կատարվել են անվտանգային ծրագրեր, եւ դա է պատճառը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930