Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու հյուրատներից մեկում անզգուշությամբ 53-ամյա մի տղամարդու կյանքից զրկելու, 49-ամյա մի կնոջ առողջությանն էլ ծանր վնաս պատճառելու կասկածանքով հարուցվել է նոր քրեական վարույթ։
Դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ՝ 2024 թվականի հունվարի 3-ին․ այդ ժամանակ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Հոդվածը, որը կոչվում է «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը», սահմանում է․
«Անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք՝
Կարդացեք նաև
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»։
Նշանակվել էին փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստացվել են մի քանի օր առաջ։
Փորձաքննություններով պարզվել է՝ Խ․Ս․-ն, դրսևորելով անգործություն, չի վերացրել իր կողմից անցկացված ապօրինի գազատարները, ինչի պատճառով իր տանը կից հյուրատանը տեղադրված ջեռուցման կաթսայից շմոլ գազի արտահոսք է տեղի ունեցել։ Վանաձորի 53-ամյա բնակիչներից մեկը մահացել էր, 49-ամյա մի կին էլ՝ թունավորվել։
Փորձաքննությունների եզրակացությունների պատասխանները ստանալուն պես՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հունիսի 4-ին հարուցվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին և 172-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Հոդված 165-ը, որը վերնագրված է «Անզգուշությամբ կյանքից զրկելը», սահմանում է․
Անզգուշությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը՝
պատժվում է ազատության սահմանափակմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով։
172-րդ հոդվածը, որը վերնագրված է «Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը», սահմանում է․
Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։


















































