Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման խնդիրներին

Հունիս 17,2026 19:55 Share

Հունիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն և թեմական պատվիրակ Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։։

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց պատվիրակության անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական ազատության և ժողովուրդների միջև երկխոսության խթանման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների համար։

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ կազմակերպության կողմից գործադրվող ջանքերին՝ ի նպաստ Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հիմնահարցերի բարձրաձայնման և միջազգային հարթակներում դրանց պատշաճ ներկայացման ուղղությամբ՝ հատկապես մեր երկրի համար դժվարին այս ժամանակներում։

Հանդիպմանը Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Խոսելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, կրթադաստիարակչական և ազգապահպան առաքելության մասին՝ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Եկեղեցին իր ծառայությունն է իրականացնում ի խնդիր հայորդիների հոգևոր կյանքի զորացման, ազգային միասնության ամրապնդման և հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների հաստատման։

Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության այցի նպատակը և վերահաստատելով կազմակերպության պատրաստակամությունը՝ զորակցելու Հայոց Եկեղեցուն ու հայ ժողովրդին և ըստ ամենայնի նպաստելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացներին՝ ընդգծելով, որ տևական խաղաղությունը պետք է խարսխված լինի արդարության, ժողովուրդների իրավունքների հարգման և արժանապատիվ համակեցության սկզբունքների վրա։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930