Իրանի եւ ԱՄՆ միջեւ համաձայնագրի ստորագրումը միջազգային կյանքում առաջացրել է շատ հարցեր: Իրավիճակը այնպիսին է, որ թվում է, թե ոգեւորության ու խաղաղության հույսի առիթ տվող փաստաթուղթն ավելի շատ առաջացնում է հարցեր ու կասկածներ:
Հայաստանի տեսանկյունից, իրան-ամերիկյան համաձայնագիրն առաջին հերթին իհարկե ուշադրություն է գրավում TRIPP (Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի.-խմբ.) ծրագրի հանդեպ, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երեւանն ու Վաշինգտոնը ստորագրեցին Հայաստանի խորհրդարանի ընտրության քվեարկությունից երկու-երեք օր առաջ: Ի դեպ, դա թողնում էր որոշակի հապճեպության տպավորություն: Տպավորություն էր, որ Վաշինգտոնը շտապում է ստորագրել համաձայնագիրը, քանի դեռ չի փոխվել իրավիճակ Հայաստանի խորհրդարանի ընտրության արդյունքում:
Այժմ, երբ հայտարարվում է իրան-ամերիկյան համաձայնագրի ստորագրման մասին, կարծես թե հիմք կա եզրակացնելու, որ Վաշինգտոնն այդ հարցում գուցե շտապում էր ոչ թե Հայաստանում իրավիճակի փոփոխության մտավախությամբ, այլ Իրանի հետ բանակցային գործընթացի հաշվարկներից ելնելով: Համենայնդեպս, հաշվի առնելով TRIPP-ի վերաբերյալ Իրանի կոշտ գնահատականը, որ դեռ նախորդ տարի դեկտեմբերին Հայաստանի դեսպանի հետ հանդիպմանը հնչեցրել էր Իրանի Գերագույն հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, կասկածից վեր է, որ իրան-ամերիկյան բանակցությունն առնվազն անուղղակի, սակայն էապես չէր կարող չազդել նաեւ TRIPP ծրագրի հեռանկարի վրա:
Այդ ազդեցությունը գուցե տեսանելի կլինի մոտ ապագայում: Իրան-ամերիկյան համաձայնագրի տեքստը համաձայնեցված եւ ստորագրման պատրաստ լինելու մասին հայտարարություններից հետո, Նիկոլ Փաշինյանը Երեւանում հայտարարեց, որ այդ համաձայնությունն արդիական է դարձնում Խաղաղության խաչմերուկ հայկական նախաձեռնությունը: Սա էական հայտարարություն է, եթե նկատի առնենք, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում TRIPP-ի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո պաշտոնական Երեւանը գրեթե մոռացավ Խաղաղության խաչմերուկի մասին:
Կարդացեք նաև
Հիմա, իրան-ամերիկյան համաձայնության համատեքստում Փաշինյանը արտահայտվում է ոչ թե TRIPP հեռանկարի վերաբերյալ, որի մասին անգամ շրջանակային համաձայնագիր է ստորագրված ԱՄՆ հետ, այլ՝ Խաղաղության խաչմերուկի: Ամբողջ հարցն այն է, որ 2026 թվականի փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովում Իլհամ Ալիեւը հեգնում էր այդ նախաձեռնությունը, երբ նրան դրա մասին հարց ուղղեց հայաստանցի մերձիշխանական փորձագետներից մեկը:
Հիմա, երբ Փաշինյանը «հիշել» է Խաղաղության խաչմերուկը, արդյոք դա արտահայտում է նրա հույսը, որ ԱՄՆ-ին՝ պատերազմից համաձայնագրի դաշտ բերած Իրանը կարող է իրեն էլ ազատել TRIPP-ի իրականացման անհրաժեշտությունից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


















































