ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/8939/05/19 վարչական գործն ըստ հայցի՝ Վարազդատ Աբրահամյանի, Լյուբով Աբրահամյանի, Եկատերինա Ղանդիլյանի ընդդեմ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 14.10.2019 թվականին անցկացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Ներկայացնում ենք հայցվորի ներկայացուցչի խոսքը։
Լավ, վերջը կարո՞ղ ենք իմանալ՝ էս խայտառակ վիճակը երբ է ավարտվելու։ Իմ վարույթում գտնվող վարչական գործերից մեկով` Վարչական գործ թիվ ՎԴ/8939/05/19, քաղաքացին հայտնվել է վարչական արդարադատության խայտառակ շրջապտույտի մեջ։
Գործով հայցադիմումը վարչական դատարան է ներկայացվել 2019թ․ և արդեն երկրորդ անգամ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բեկանում է վարչական դատարանի կողմից կայացված վճիռները և գործն ուղարկում է նոր քննության։ ՀՀ վերքաննիչ վարչական դատարանի կողմից վերջին որոշումը կայացվել է 2026թ․.մայիսի 6-ին, սակայն այն հրապարակվել է 2026թ․մայիսի 27-ին:
Էս պայմաններում իմ կարծիքով արդեն բոլորին էլ պարզ է, թե վճռի բեկանումից հետո, արդեն երրորդ անգամ վարչական դատարանը մոտ ինչ ժամկետում կարող է ավարտել գործի քննությունը, այնուհետև վերաքննիչ բողոք ներկայացվելու դեպքում, մոտ ինչ ժամկետում կարող է վերաքննիչ վարչական դատարանը երրորդ անգամ քննել բողոքը։ Չի բացառվում, որ արդեն երրորդ անգամ վերաքննիչ վարչական դատարանը բեկանի վարչական դատարանի երրորդ անգամ կայացված վճիռը և այսպես շարունակ։
Իմ կարծիքով՝ մինչև 2030թ․ դժվար էլ ավարտվի նշված գործով վարչական «արդարադատության» իրականացումը։
«Սանտա-Բարբարա» ամերիկյան հայտնի հեռուստասերիալ-մելոդրամա ցուցադրվել է 1984-1993 թվականներին։ Թվում է, թե էս գործի քննությունն ավելի երկար է տևելու, քան հիշյալ հեռուստասերիալի ցուցադրումը։
Անգամ պատկերացնել հնարավոր չէ, թե այս անվերջ թվացող դատավարությունների մեջ հայտնվող քաղաքացիներն ինչ վնասներ կարող են կրել, կամ ինչ հոգեկան լուրջ խնդիրներ կարող են ունենալ։
Ղևոնդ ՊԱՊՈՅԱՆ
փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
18.06.2026


















































