Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է առաջիկա ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի՝ կուսակցությունների ֆինանսավորումից մինչեւ քարոզչություն, եւ հատկապես խոսել է ԲՀԿ-ին խորհրդարան չթողնելու ԿԸՀ-ի գործողությունների մասին՝ դա որակելով որպես օրինական քայլ: Վահագն Հովակիմյանը կարծում է, որ խախտումներ արձանագրելու դեպքում իրենք ողջամիտ քայլ են արել այդ ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելով եւ ճիշտ են արել, որ վերաքվեարկություն չեն նշանակել` այդ մարդկանց զրկելով ընտրելու իրավունքից եւ 60 հազարին մոտ ձայն գողանալով ԲՀԿ-ից, 2 հազար 600 մարդու զրկելով ընտրելու իրավունքից ու 3 մանդատ նվիրելով ՔՊ-ին:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Հովակիմյանի հայտարարությունների մասին, ասում է. «Բայց նախ պետք է հարցնել այդ մարդուն` քո ի՞նչ գործն է, թե վերաքվեարկության արդյունքում պատկերն ինչպիսին կլինի: Ընտրողը գիտի, թե ինչպես կքվեարկի վերաքվեարկության ժամանակ: Վահագն Հովակիմյանի խնդիրը, որպես ԿԸՀ նախագահի, ընտրական գործընթացների ապահովումն է: Նա ընդամենը քվեարկությունը կազմակերպողն է, մնացածը որոշում է ընտրողը: Վահագն Հովակիմյանի տրամաբանությամբ՝ ընդհանրապես պետք է ընտրություններ չանցկացվեն, որովհետեւ սոցիոլոգիական հարցումները նախապես կարող են վկայել, որ ՔՊ-ն չի կազմելու մեծամասնություն, այդ պատճառով ընտրություններ չպետք է տեղի ունենան, որպեսզի քաղաքացիները չգնան եւ իրենց քվեն չտան ընդդիմադիր ուժերին: Վահագն Հովակիմյանը ոչ մի հիմնավորում չունի այն կոպտագույն սխալների համար, որոնք իրենք թույլ են տվել:
Օրենքում չկա որեւէ կետ, որը թույլ է տալիս ԿԸՀ-ին՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները եւ վերաքվեարկություն չնշանակել»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































