Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, մեր երկիրը գնալու է դեպի թուրքական անդունդը». Սամվել Հակոբյան

Հունիս 19,2026 22:44 Share

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն։

Նրա որդին՝ Սամվել Հակոբյանը, ֆեյսբուքի ուղիղ եթերում քիչ առաջ նշել է, որ Փաշինյանը ռեպրեսիաների միջոցով փորձելու է լռեցնել բոլորին՝ թուրքական ծրագրերը կյանքի կոչելու համար։

«Դատավորը բացակայելու արգելքի որոշում կայացրեց, նաև՝ վարչական վերահսկողություն, որով արգելում է հորս հանրային խոսք ունենալ և ակտիվ լինել հանրային կյանքում։ Մի խոսքով, ուրախ եմ, որ հայրս գնալու է տուն, բայց կրկին բոլորս տեսնում ենք, թե ինչ է անում Նիկոլը։ Եթե Նիկոլը մնում է իշխանության, այս խնդիրը, այս անարդարությունը մտնելու է բոլորի տուն, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե ինքը մնա իշխանության, ապա ամբողջ դատաիրավական և ուժային համակարգը պետք է ծառայի իրեն ու լռեցնի իր հակառակորդներին։

Այսօր տեսա, որ նա իր խոսքում ասել է, թե ինքը «կրքոտ հռետոր» է։ Հետաքրքիր է ստացվում. հայրս իրենից ավելի երկար քաղաքական կարիերա ունի ու, իր պես, իր կյանքի մեծ մասը եղել է ընդդիմադիր։ Ու եթե իր ձևակերպումով խոսենք՝ ևս «կրքոտ հռետոր» է, իսկ ավելի ճիշտ՝ սուր արտահայտություններ է անում իր պետության, իր պետությունը կործանողների վերաբերյալ, որովհետև սրտացավ է։ Եվ մենք տեսնում ենք, որ արդարադատություն չկա, որովհետև այն գործում է միայն մեկ գծով. եթե դու ընդդիմադիր ես, քո ամեն խոսքը հարցականի տակ է, եթե իշխանական ես՝ կարող ես անել ամեն բան։

Ճիշտն ասած, ընտրություններից հետո արդեն այս տասնքանի օրը առանց այդ էլ շատ դժվար էր մարսել ցանկացած հայ մարդու, Հայաստանի քաղաքացու համար, ով դեմ է այս ռեժիմին։ Եվ այս ամենի ֆոնին սա եղավ այն առաջին առիթը, որ կրկին վերադառնանք հանրային դաշտ։ Սա, ցավոք սրտի, սպասելի երևույթ է. եթե մենք՝ ունենալով այս երկրում առնվազն կես միլիոնից ավելի մարդ, ով դեմ է Նիկոլ Փաշինյանին, իբրև հավաքական ընդդիմություն, իբրև քաղաքական մի մեծ զանգված, չկարողացանք օպերատիվ կողմնորոշվել և գործել այս վարչախմբին պատասխանելու և նրա ապօրինությունները սաստելու համար, ապա հակառակ էֆեկտը, հակառակ արդյունքը սա է լինելու. նա ամբողջ ուժային համակարգով, ռեպրեսիաների միջոցով փորձելու է բոլորիս լռեցնել և հասնել իր ուզածին։

Ի վերջո, գործող իշխանությունը չի ապահովել այն կարգավիճակը պառլամենտում, որ խոսք է տվել իր տերերին։ Եվ նա հիմա ունի երկու տարբերակ. կա՛մ պետք է գնա նոր ընտրությունների, որտեղ կստանա ավելի բարձր ձայներ, կկեղծի ավելի շատ, քան այս անգամ է կեղծել, կա՛մ պետք է ռեպրեսիաների միջոցով ընդդիմադիրների կեսին լռեցնի, կեսին դատի, իրեն պետքական քանակին հանի իր ասածով, որպեսզի կարողանա թուրքական ծրագրերն իրականացնել։

Ես ասել էի մինչև հունիսի 7-ը, որ չեմ պատկերացնում՝ ինչ է պետք լինելու անել, եթե ինքը վերարտադրվեց։ Եվ այսօր, ցավոք սրտի, ունենք փաստ։ Անկախ նրանից՝ դա ապօրինի, թե օրինական է եղել (ես վստահ եմ, որ ապօրինի է եղել, վստահ եմ, որ ընտրությունները արդար չեն անցել), բայց փաստն այն է, որ նա այսօր իշխանություն է։ Եվ առանց միասնական, օպերատիվ և, ամենակարևորը, առողջ թայմինգով աշխատող ընդդիմության՝ նա առանձին-առանձին մասնատելու է և ոչնչացնելու։ Եթե բոլորս միասին չլինենք, օպերատիվ չլինենք ու պահի կարևորությունը չզգանք, այլ մեզ տանք բյուրոկրատական ժողովների ու քննարկումների, ապա փաստը մեկն է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության, մեր երկիրը գնալու է դեպի թուրքական անդունդը։

Մենք իբրև թե գնում էինք Եվրոպա, բայց, ինչպես ես խոսք էի տվել՝ եթե Նիկոլը մնաց, դուք հիշելու եք նախընտրական Եվրոպան և հետընտրական Թուրքիան, որովհետև եվրոպական պետություններում խոսքի ազատությունը չի կարող այսպես ճնշվել, բազմակարծությունը չի կարող այսպես պատժվել։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, պարզապես աբսուրդ է։ Իմ հայրը 70 տարեկան քաղաքական գործիչ է, հանցագործ չէ, կոռուպցիոներ չէ, բայց այսօր, միայն այն բանի համար, որ ինքն ընդդիմադիր գործիչ է, մեր ընտանիքի վրա կա հինգ-վեց քրեական գործ։

2025 թվականին նա արել էր քաղաքական հայտարարություն, որի համար իրեն տարան, նստեցրեցին բանտ 40 օր, դրանից հետո վճիռ տվեցին մի քանի միլիոն դրամանոց տուգանքով։ Իսկ հիմա՝ 2026 թվականին, 2024 թվականին տեղի ունեցած հարցազրույցների մեջ ինչ-որ դրվագներ են գտել, որոնցով այն ժամանակ արդեն գործ էին հարուցել ու տվել փորձաքննության։ Հիմա արդեն զուգադիպել է, որ անմիջապես ընտրությունների ավարտից հետո փորձաքննության պատասխանները եկան, և իմ հոր խոսքերը կրկին հանցակազմ են ունեցել ու դարձել քրեական գործ։

Բայց մարդկանց սատկացնող, կզցնող, քաղաքական ամբիոններից վճիռներ տվող անձը ոչ մեղադրյալ է, ոչ կասկածյալ և ոչ էլ պլանավորում է որևէ կերպ պատասխան տալ իր արածների համար։ Դա այդպես է լինելու առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր պայքարի և աշխատանքի ձևաչափը չենք փոխել։ Առայժմ այսքանը։ Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։ Լա՛վ եղեք, կհանդիպենք Երևանի փողոցներում»,- նշել է Սամվել Հակոբյանը։

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930