Հունիսի 22-ին, Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանի շրջանակներում, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Իրավունքներից դեպի ճարտարապետություն. կանայք, աղջիկները և արհեստական բանականության կառավարումը» խորագրով պանելային քննարկմանը։
Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի հետ համագործակցությամբ` Հայաստանի, Չիլիի, Կոստա Ռիկայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Մեքսիկայի և Կորեայի Հանրապետության համահեղինակությամբ: Միջոցառման համակազմակերպիչներն էին նաև «Women at the Table» և «Plan International» կազմակերպությունները։ Քննարկումների կենտրոնում էին կանանց և աղջիկների իրավունքների վրա արհեստական բանականության և հարակից թվային տեխնոլոգիաների ազդեցության ու մարդու իրավունքների վրա հիմնված թվային կառավարման խթանման հետ կապված հարցերը` անդամ պետությունների, ՄԱԿ կառույցների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների, երիտասարդության և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Իր բացման խոսքում դեսպան Տոլմաջյանն ընդգծել է, որ այսօր տեխնոլոգիաների կառավարման հարցերը նաև մարդու իրավունքների և գենդերային հավասարության հարցեր են՝ կարևորելով արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների գենդերային ազդեցություններին պատշաճ արձագանքելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ դեսպանը ներկայացրել է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում կանանց և աղջիկների մասնակցության ընդլայնմանն ուղղված հետևողական ջանքերը, ողջունել է աշխատանքային խմբի հետ շարունակական համագործակցությունը, այդ թվում՝ վերջինիս՝ ընթացիկ տարվա ընթացքում Հայաստան կատարած այցը։
Դեսպան Տոլմաջյանը նաև անդրադարձել է Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ուղղված թվային տեխնոլոգիաների համատեքստում կանանց և աղջիկների իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն։ Այդ համատեքստում հիշատակվել է Հայաստանի և միջտարածաշրջանային հիմնական խմբի կողմից ներկայացված՝ տվյալ թեմային նվիրված առաջին համատեղ հայտարարությունը, որին միացել էին շուրջ 70 պետություններ։ ՀՀ դեսպանն ընդգծել է նաև միջազգային համագործակցության ամրապնդման և այս հարցի շուրջ Մարդու իրավունքների խորհրդի շարունակական ներգրավվածության կարևորությունը։
Կարդացեք նաև
Միջոցառման քննարկումների կենտրոնում էր Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի՝ Մարդու իրավունքների խորհրդի ընթացիկ նստաշրջանում ներկայացվելիք «Կանանց և աղջիկների իրավունքները, արհեստական բանականությունը և հարակից թվային տեխնոլոգիաները» խորագրով զեկույցը։ Ելույթներով հանդես եկան աշխատանքային խմբի նախագահ Կլաուդիա Ֆլորեսը, Մեքսիկայի մշտական ներկայացուցիչ դեսպան Ֆրանսիսկա Է. Մենդես Էսկոբարը, ինչպես նաև երիտասարդության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն և Ժնևի ՄԱԿ գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչություն


















































