Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքի հզորացման համար երդում տված կառավարությունն անգամ «հայրենիք» բառի ընկալումից է սկսել վախենալ՝ այն փոխարինելով «իրական Հայաստանով». Արտակ Զաքարյան

Հունիս 23,2026 14:31 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում:

2021թ.-ին, Նիկոլի ձևավորված աղետաբեր կառավարությունը, իբրև թե երդվել էր «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման…» (ըստ օրենքում ամրագրված տեքստի):

Արտաքին տերերի թելադրանքով մեր համազգային նպատակները ձախողելուց, ոտնահարելուց և դավադիր քաղաքականության արդյունքում՝ թշնամուն հանձնելուց հետո, հիմա էլ որոշել են ուրիշ բանի համար երդվել:

2021թ. կառավարությունը երդվում էր, որ Արցախը հայկական պետք է լիներ, նրա ինքնորոշման իրավունքն ու կարգավիճակը ԵԱՀԿ քննարկման հարց պետք է լիներ, որ արցախցին՝ Արցախում պետք է ապրեր… (Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր):

Դրժե՞լ են արդյոք երդումը՝ թող իրենք ասեն:

2021թ, նրանց երդումը ենթադրում էր նաև, որ պետք է հարգվեր ՀՀ սահմանադրությամբ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը: Նրա միաբանության ու ինքնավարության դեմ պետական մակարդակով արշավանքներ չպետք է արվեին:

Դրժե՞լ են արդյոք երդումը՝ թող իրենք ասեն:

2021թ., նրանց երդումը ենթադրում էր, որ Հայաստանի և Սփյուռքի միջև գործակցությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգերը, հավասարակշռված արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը պետք է առաջնահերթություններ լինեին: (Կառավարության գործունեության 2021-26թթ. ծրագիր):

Հանուն համազգային նպատակների և հզոր Հայաստանի երդում տված կառավարությունն այսօր, հրաժարվել է համազգային նպատակներից: Հայրենիքի հզորացման համար երդում տված կառավարությունն անգամ «Հայրենիք» բառի ընկալումից է սկսել վախենալ՝ այն փոխարինելով «իրական Հայաստանով»:

Այժմ որոշել են փոխել տեքստը: Ու երդումը դրժածները նոր տեքստով երդում են պատրաստվում տալ: Էլ չեն ուզում երդվել հանուն համազգային նպատակների, որովհետև դրանք գրեթե ոչնչացրել են:

Հիմա ցանկանում են երդվել «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման…», ինչպես նաև երդվելու են «…գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»:

Աստծո սիրուն, կլինի՞ չերդվեք: Կյանքը ցույց է տալիս, որ ձեր երդումներից հետո մեր ժողովուրդը միայն կորուստ, ավեր ու ձախողում է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930