Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ. Հռիփսիմե Գրիգորյան

Հունիս 24,2026 17:50 Share

ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին:

Նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Շնորհակալություն տիկի՛ն նախագահ,

Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր զեկուցող Եվգենիյա Կրավչուկին գերազանց զեկույցի համար:

Եվ չեմ կարող չնշել, որ մի քանի րոպե առաջ լսած դիտողությունները, որոնց համաձայն՝ լրատվամիջոցները պարզապես արտացոլում են տղամարդկանց եւ կանանց համար նախապես սահմանված դերերի գոյություն ունեցող «հրաշալի իրականությունը», այս զեկույցը դարձնում են էլ ավելի արժեքավոր եւ արդիական:

Որպես խորհրդարանականներ՝ մենք հաճախ կենտրոնանում ենք օրենքների եւ ինստիտուտների վրա: Սակայն կարծրատիպերը ձեւավորվում են շատ ավելի վաղ, քան օրենքները կարող են դրանք շտկել: Դրանք ձեւավորվում են այն ամենից, ինչ մարդիկ տեսնում, լսում եւ սպառում են ամեն օր:

Վերջին տարիներին սոցիալական մեդիան ամրապնդել է վնասակար կարծրատիպերը եւ ատելության խոսքը դարձրել ավելի տեսանելի ու ավելի ագրեսիվ: Քաղաքականության, լրագրության եւ հասարակական կյանքում ակտիվ կանայք հաճախ բախվում են հարձակումների, որոնք քիչ կապ ունեն իրենց գաղափարների հետ, փոխարենը կապ ունեն իրենց սեռի հետ:

Հայաստանում մենք նույնպես բախվում ենք այս երեւույթին: Հասարակական կյանքում ակտիվ կանայք անհամաչափորեն թիրախավորվում են առցանց, եւ սեռական վիրավորանքները շատ հաճախ նորմալ են դիտարկվում: Միեւնույն ժամանակ, ես տեսել եմ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ մեդիաների խրախուսական նախաձեռնություններ, որոնք կանանց ընդգծում են որպես առաջնորդներ, ձեռնարկատերեր, գիտնականներ եւ որոշում կայացնողներ, այլ ոչ թե սահմանափակում նրանց ավանդական դերերով:

Կարծրատիպերը ազդում են ոչ միայն կանանց վրա: Դրանք ազդում են նաեւ տղամարդկանց վրա: Դրանք ստեղծում են ակնկալիքներ, որ բոլորը պետք է համապատասխանեն նախապես սահմանված դերերին եւ քիչ տեղ են թողնում անհատականության ու մարդկային ներուժի համար:

Հատկապես այս առումով ես ողջունում եմ զեկույցում մեդիագրագիտության եւ կրթության վրա շեշտադրումը: Միայն կարգավորումը չի կարող լուծել այս խնդիրը: Մեզ անհրաժեշտ է քննադատական մտածողություն: Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ:

Եվ մեզ անհրաժեշտ են լավ օրինակներ երիտասարդ սերունդների համար:

Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ սեքսիզմի կամ անմարդկային դրսեւորման համար:

Ժողովրդավարական հասարակությունն այն հասարակությունն է, որտեղ ձայների բազմազանությունը պաշտպանված է եւ որտեղ բոլորը կարող են մասնակցել հասարակական կյանքին հարգանքով եւ արժանապատվորեն»,- ասել է պատգամավորը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930