Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն գաղտնի՝ չհրապարակվող ցուցակներով 17 հազար մարդ է մասնակցել քվեարկության։ Ի դեպ, նախորդ ընտրություններում այդ թիվը մոտ 11 հազար է եղել

Հունիս 25,2026 15:32 Share

Հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն ազատ և արդար չէին․ այսօր կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրկին հայտարարեց ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ իր պնդման համար ելակետ ընդունելով 2026 թվականի փետրվարի 7-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածը։

ՍԴ ներկայացված 84-էջանոց դիմումում, Արամ Վարդևանյանի ներկայացմամբ, մանրակրկիտ փաստեր են ներկայացվել։ Դրանք նաև մինչ այս էլ էին ներկայացվել ԿԸՀ՝ վարչական ռեսուրսի չարաշահման, ատելության խոսքի տարածման, քաղաքական հետապնդումների, քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի գործիք օգտագործելու, 100 000-ի հասնող ձայների վերաբերյալ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել․ «Պատկերացրեք՝ ընտրություններին մասնակցել է 1 475 000 մեր հայրենակից, բայց ինչպե՞ս է ստացվում, որ այդտեղ 100 հազարավոր մեր հայրենակիցների նկատմամբ վերահսկողական մեխանիզմը եղել է տարբերվող»։

Միայն գաղտնի՝ չհրապարակվող ցուցակներով 17 հազար մարդ է մասնակցել քվեարկության։ Ի դեպ, նախորդ ընտրություններում այդ թիվը մոտ 11 հազար է եղել։

ՍԴ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստանի» դիմումը՝ այդ ցուցակները հրապարակելու մասով․ ՍԴ-ում դրանք հասանելի կլինե՞ն, թե՞ ոչ, առաջիկա օրերին կերևա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հակադարձելով իշխանական ճամբարից եկող պնդումներին, թե այս ընտրություններում զանգվածային ընտրակաշառքի դեպքեր են եղել, փաստաբանը տարակուսում է՝ ինչպե՞ս է, որ զանգվածային դեպքերի մասին են խոսում, բայց ընդամենը 258 մեղադրյալ կա նման գործերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Վարչական դատարանում «Ուժեղ Հայաստանը» քննության առարկա է դարձրել նաև ատելության խոսքին վերաբերող դրվագները։ Արամ Վարդևանյանը պնդում է՝ ՀՀ-ում ատելության խոսք տարածողը, թիվ մեկ պատասխանատուն, եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս առաջնորդ Նիկոլ Փաշինյանի․ «Վարչական դատարանի կայացրած դատական ակտի համաձայն՝ այն արտահայտությունները, որոնք հնչեցվել են, օբյեկտիվորեն կարող են ընկալվել այլ համատեքստում։ Վարչական դատարանի որոշմամբ ամրագրված չափանիշների համաձայն՝ նման խոսույթը համատեղելի չէ ազատ, խաղաղ ու առողջ ընտրական միջավայրի հետ։ Սա ոչ թե իմ գնահատողական դատողությունն է, այլ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ է։ ԿԸՀ-ն պարզապես գտել էր, որ այն սուր քաղաքական խոսույթ է»։

Արամ Վարդևանյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում ձևավորվում է կուսակցապետություն, երբ կուսակցության գործունեությունը և գործադիր իշխանության գործունեությունը միախառնվում են։ Այս համատեքստում է նա դիտարկում ընտրություններից մեկ ամիս առաջ կենսաթոշակի բարձրացումը։

Բանախոսը հիշեցրեց ապրիլի 7-ին Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով արգելվել էր ընտրությունների գործընթացում անձնանվան օգտագործումը՝ որպես դաշինքի անվանում, և պնդում է, որ դա իրականացվել է հենց «Ուժեղ Հայաստան» դաշինքի դեմ։

Փոփոխություն էր կատարվել նաև անվավեր քվեաթերթիկների պահանջների վերաբերյալ, ինչի ուղիղ պատճառահետևանքային կապն արձանագրվել է այս ընտրությունների արդյունքներով։ Արամ Վարդևանյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ-ում 16 հազարից ավելի քվեաթերթիկ է եղել անվավեր։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930