Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու. Փաշինյան

Հունիս 25,2026 17:03 Share

Նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։ Ըստ այդմ՝   նախատեսվում է ներդնել արդյունավետ համակարգ ներմուծված բջջային հեռախոսների ամբողջական գրանցման և հետևողականության ապահովման համար՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ IMEI միասնական համակարգի ներդրումը հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումները և միջազգային ռեգիստրները՝ թույլատրելով միայն օրինական ներմուծված բջջային հեռախոսների ակտիվացում։ Սա կնվազեցնի ապօրինի  շրջանառությունը, կբարձրացնի պետական վերահսկողությունն ու կխթանի հանրային անվտանգությունը։ Առաջարկվող իրավական կարգավորումը ներառում է պարտադիր IMEI գրանցում օրինական ներմուծման պահից, միաժամանակ սահմանափակումներ է մտցնում կոդերի կրկնօրինակման, փոփոխման և չմաքսազերծված սարքերի ակտիվացման նկատմամբ: Նախագծի ընդունումը կնպաստի նաև բջջային կապի օպերատորների անդամակցությանը միջազգային տվյալների շտեմարաններին, որտեղ ֆիքսվում են միջազգային զեղծարարությունները։

Անդրադառնալով Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է, և մենք ինչ անում ենք՝ այդ շուկան  շարունակում է իր գործը: Աշխարհում այս լուծումները վաղուց կան, և մեր քաղաքական արձանագրումն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ Եվ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Սա արդարացված է։ Այս քննարկումները մենք սկսել ենք  մեկ, կես տարի առաջ և շատ մանրամասն քննարկել ենք։ Ակնհայտ է, որ մենք այս լուծումներին պետք է գնանք։ Իհարկե, սա չի նշանակում, որ մենք վերահսկողական մեր գործառույթները, այդ թվում՝ կոշտ, որոնք  իրականացնում ենք,  չպետք է իրականացնենք։ Բայց ակնհայտ է, որ այդտեղ այսպես ռադիկալ, ստանդարտացված և քաղաքակիրթ լուծումներ են պետք»։

Կմեկնարկի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման ծրագրի պատշաճ իրականացումը

Կառավարությունն ընդունել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման վերաբերյալ որոշում։ Ըստ այդմ՝ նախատեսվում է անհետաձգելի համարել Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը և այդ նպատակով գնումների գործընթացը կազմակերպել «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Նախատեսվում է նաև ՀՀ 2026 թ.-ի պետբյուջեում կատարել վերաբաշխում 177,828.0 հազար դրամի չափով՝ ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2029 թ.–ին նախատեսվում է Հայաստանում անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4 կատեգորիայի  մարզադաշտ ունենալը։ Այդ նպատակով սահմանվել է ՀՀ 3 մարզադաշտերի կառուցման (այդ թվում` 1-ը ազգային) պահանջը: Երեք մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում։ 10000-ոց մարզադաշտերից մեկի համար, երկարատև բանակցությունների և ուսումնասիրությունների արդյունքում, ընտրվել է Վանաձոր քաղաքը, իսկ մյուսի համար՝ Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը: Վանաձորում մարզադաշտի կառուցման համար (առկա մարզադաշտի վերակառուցման) համար արդեն ընթանում է նախագծման գործընթացը, որը վստահվել է միջազգային փորձ ունեցող, նման մարզադաշտեր արդեն նախագծած և կառուցած «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս ընթացքում անհրաժեշտ խորհրդատվություն են ստանում են նաև ՈՒԵՖԱ-ից՝ կիրառվող տեխնոլոգիաների և դրանց համապատասխանության վերաբերյալ. «Շարունակելու ենք դա՝ ներկայացվող առաջարկները գնահատելու համար։  Կարծում եմ՝ ներկայացված մոտեցումները հիմք են տալիս վստահ լինելու, որ առաջնությանը պատշաճ նախապատրաստվելու բոլոր քայլերը ժամանակին կիրականացնենք»:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն հաստատվել է առաջնության ձևաչափը. կմասնակցի 24 թիմ, ընդհանուր առմամբ՝ կանցկացվի 52 խաղ, որոնցից 26-ը՝ Վրաստանում, 26-ը՝ Հայաստանում։ Հայաստանում  9 հանդիպում կանցկացվի Վանաձորում և Իջևանում, իսկ 17-ը՝ Երևանում։ «Վանաձորում և Իջևանում խաղացող թիմերը կտեղակայվեն Դիլիջանում։ Այս ուղղությամբ ևս մեծ աշխատանք ունենք անելու, քանի որ միայն թիմերի և պատվիրակությունների տեղավորման համար կպահանջվի շուրջ 7 հյուրանոցային համալիր։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են»,- ասել է  ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ  օգոստոսի վերջին նախատեսվում է Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ներկայացուցիչների հերթական այցը Հայաստան, որի ընթացքում կգնահատվեն մինչ այժմ կատարված աշխատանքները և կտրվեն անհրաժեշտ ուղղորդումներ՝ հետագա գործընթացի համար:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա կարևոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար, իսկ առավել մեծ նշանակություն ունի Վանաձորի և հատկապես Իջևանի համար։ Ըստ վարչապետի՝ խոսքը վերաբերում է ոչ միայն առաջնության անցկացմանը, այլև այնպիսի ենթակառուցվածքների ստեղծման, որոնք երբեք չենք ունեցել։ Երկրի ղեկավարն ընդգծել է առաջնության նախապատրաստական աշխատանքների ժամանակին սկսելու կարևորությունը և նշել, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի  գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործում է և զբաղվում ոչ միայն մարզադաշտերի կառուցմամբ, այլև հարակից՝ կեցությունից և լոգիստիկայից մինչև կազմակերպչական այլ հարցերով։

Տիգրան Խաչատրյանն էլ  հավելել է, որ աշխատանքային խումբն անցկացրել է երկու քննարկում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի մշտական մասնակցությամբ. «Մենք հիմա նաև ձևավորում ենք մի աշխատանքային խումբ՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ. կհրավիրենք մասնագետների, որոնք տիրապետում են մարզական կառույցների կառուցմանը և նախագծերի հետ աշխատանքի փորձ ունեն։ Երբ Վանաձորի և Իջևանի մարզական կառույցների նախագծերը պատրաստ լինեն, կդիմենք փորձագետների մասնագիտական աջակցությանը»: Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է՝ Վանաձորի դեպքում քննարկվում է նաև ճանապարհների հարցը, որոնք  նույնպես պետք է լինեն ստանդարտներին համապատասխան։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ընթացիկ աշխատանքներին զուգահեռ աշխատանքն է տարվում  նաև ապագա մարզադաշտերի շահագործման բիզնես մոդելի մշակման ուղղությամբ։

Լրացուցիչ արտոնություններ տնտեսավարողներին՝ ՌԴ կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով  

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ինտենսիվ այգեգործության զարգացման պետական աջակցության ծրագրում։ Առաջարկվում է, որ ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով մինչև 2026 թ. իրականացված մոնիտորինգի արդյունքների հիման վրա այգեհիմնում իրականացրած այն շահառուները, որոնց վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը արդեն իսկ լրացել է կամ կլրանա մինչև 2027 թ. հուլիսի 31-ը, ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը կերկարաձգվի 1 տարով և կտրամադրվի 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ: Որոշման ընդունումը պայմանավորված է տնտեսավարողների համար ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ։

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախորդիվ նմանատիպ ծրագիր է ընդունվել նաև ջերմատների համար. այդ դեպքում 6 ամիս ժամկետ էր սահմանվել, այս դեպքում՝ 1 տարի, քանի որ ջերմատների դեպքում բերքը պարբերաբար է ստացվում, իսկ այս դեպքում՝ 1 անգամ: Ըստ նախարարի՝ արտոնությունից օգտվելու համար շահառուն մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը պետք է դիմի ֆինանսական կառույց։ Դիմումին պետք է կցվի նախարարության տրամադրած տեղեկանքը՝ մոնիտորինգի արդյունքներով այգու հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի տեղեկանքը՝ 2026 թ.-ին իրացված գյուղատնտեսական արտադրանքի մասին։

Գևորգ Պապոյանը տեղեկացրել է նաև մեկ այլ փոփոխության մասին, որը վերաբերում է մեծ տարածքներում ներդրում իրականացնող տնտեսվարողներին։ Ըստ նախարարի՝ իրավաբանական և ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան 10 հեկտար և ավելի ինտենսիվ այգի հիմնելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազան կառուցելու դեպքում ծրագիրն իրականացնել առանց կապալառուի։ Այդ դեպքում շահառուն պետք է ներկայացնի աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված եզրակացություն՝ իր ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ։ «Նախկինում դա կապալառուն էր անում, հիմա ասում ենք՝ դու ևս կարող ես անել, բայց եթե պրոֆեսիոնալ աուդիտորական կազմակերպությունը աուդիտ անի, ապա մենք այդ տարբերակն էլ ենք ընդունելու»,-ասել է Գևորգ Պապոյանը։

Կարևորելով ընդունված որոշումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստացվում է ինտենսիվ այգիների սեփականատերերը, որոնք վարկ ունեն, և որոնց վարկի արտոնյալ ժամկետը սպառվել է, ստանում են լրացուցիչ արտոնյալ ժամկետ. «Այսինքն՝ գումարը կունենան, կօգտագործեն, բայց տոկոս, մայր գումար չեն փակի, իսկ սպասարկման հարցում կաջակցի Կառավարությունը»։ Երկրի ղեկավարի դիտարկմամբ՝ սա տնտեսվարողների գործունեության մեջ Կառավարության ներդրումն է, որպեսզի վերջիններս այս ընթացքում հարմարվեն շուկային և լրացուցիչ լարվածություններ չունենան վարկային պարտավորությունները մարելու համար։

Չզեկուցվող մեկ այլ որոշմամբ էլ լրացուցիչ արտոնության կտրամադրվի ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսավարողներին։  Որոշմամբ առաջարկվում է ծրագրի շրջանակում ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա ծրագրի պահանջներին համապատասխան կառուցված ջերմատան և 2026 թ. ընթացքում գյուղատնտեսական արտադրանք իրացրած շահառուի դիմումի հիման վրա ֆինանսական կառույցի կողմից լիզինգի պայմանագրի կնքման մինչև 5 տարի մարման ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով և տրամադրել լիզինգի հիմնական գումարի մարման և տոկոսադրույքի համար լրացուցիչ 6 ամիս արտոնյալ ժամկետ։ Սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը դիմում է ֆինանսական կառույցին՝ կից ներկայացնելով 2026 թ. իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուների համար) կամ հայտարարագիր (ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների համար, հայտարարագրի օրինակելի ձևը մինչև հունիսի 30-ը հրապարակվում Էկոնոմիկայի նախարարության կայքում)։ Արդյունքում՝ ակնկալվում է, որ լիզինգի սպասարկման խնդիր ունեցող տնտեսավարողները հնարավորություն կունենան փոփոխված մարման ժամանակացույցով սպասարկել ներգրավված լիզինգները։

 

Գևորգ Պապոյանը ներկայացրել է արտահանման թվերը՝ 2026 թ. հունիսի 1-ից մինչև 25-ը՝  արտահանվել է մինչև 1071 տոննա ծիրան, որից 90 տոկոսը՝ վերջին 1 շաբաթվա ընթացքում, որովհետև նոր է հասնում բերքը: Արտահանվել է  882 տոննա կեռաս,  մոտ 40 տոննա փոքր քաղցր խնձոր,  100 տոննա թութ, թուզ, հաղարջ, մոշ, 87 տոննա ելակ, ազնվամորի, 140 տոննա՝ լոլիկ:

 

Վարչապետը հետաքրքրվել է՝ կա արդյոք  լարված, ճգնաժամային իրավիճակ, ինչին ի պատասխան Գևորգ Պապոյանը նշել է.  «Տեսանելի  գնանկում կա երկու ուղղություններով. ծաղիկն է եղել, որի մասին գիտեինք, և լոլիկը։ Մնացած ուղղություններով առանձնահատուկ գնանկում չի նկատվում, և  առկա բերքը կա՛մ շուկայում ամբողջովին վաճառվում է, կա՛մ արտահանվում է»:

 

Նիկոլ Փաշինյանն այդ առումով նշել է՝ Կառավարությունը քաջալերում է  բիզնեսին ադապտացվելու համար. «Հիմա տեսնում ենք, որ արտահանման նոր ուղիներ են ի հայտ գալիս։  Այստեղ պետք է կարողանալ մտնել գործընթացի մեջ՝ առկա տրամաբանությամբ և կարգավորումներով գործել»։

 

Այդ համատեքստում Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ մարտահրավերով հանդերձ՝ ստեղծված իրավիճակը, կարծես թե, լուրջ ճգնաժամի չի վերածվել, այդ մասին են վկայում թվերը: «Մեզ համար շատ մեծ հնարավորություններ ստեղծվեցին: Մեծ հաշվով, տեղի է ունենում այն, ինչ մենք երկար ժամանակ խոսում և պլանավորում էինք. դա հայկական արտադրանքի արտահանման սպառման շուկաների բազմազանեցումն է: Ուզում եմ ուղղակի փոքր լավատեսություն հաղորդել պրոցեսին, կարծում եմ, որ լոգիստիկ անծանոթությամբ են պայմանավորված զանազան խոչընդոտները։ Դրանք արագ հաղթահարվելու են, և մենք ունենալու ենք ավելի լավ արդյունք, քան նախկինում կար»,– ասել է ԱԳ նախարարը:

Արձագանքելով՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ արտահանումների աշխարհագրությունը շատ-շատ լայն է՝ Իրաք, ԱՄԷ, Լեհաստան, Թուրքիա, Չեխիա, Ուկրաինա, միջինասիական երկրներից մինչև արևմտյան երկրներ, մի քանի տասնյակ երկրի մասին է խոսքը. «Պետք է սա էլ ընդունենք, որ ամենավատատեսական սցենարները, որոնք ի սկզբանե մտածում էինք, դրանք չկան, և մենք, ըստ էության, բավականին մեծ հաջողությամբ արտահանումներ ենք կատարում, պետք է շարունակենք աշխատել»,- ասել է նախարարը։ Գևորգ Պապոյանը նաև  հավելել է՝ այս պահին քննարկումներ են ընթանում հայկական արտադրանքի արտահանման ուղղությամբ Նիդեռլանդներում և Բելգիայում։

Քննարկվող թեմայի առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատել է ՝ պրոբլեմի «բուժումը» դեռևս չի ավարտվել և պետք է այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ իրականացնել։

Արձագանքելով՝ երկրի ղեկավարը նշել է . «Մեր հայեցակարգը հետևյալն է՝ մենք տնտեսվարողների թիկունքը պահում ենք այն չափով, որ իրենց մղում ենք գործողության, որ աշխատեն։ Այսինքն՝ տրանսֆորմացիոն մի շրջան ենք ապահովում, որպեսզի իրենք հանգիստ կարողանան նայել աշխարհին, տեսնել հնարավորությունները, գնահատել»։

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը և նշել. «ԵԱՏՄ-ի հետ մենք շատ սերտ և ակտիվ աշխատում ենք, և այդ աշխատանքը կշարունակենք, որովհետև մենք այն կանխավարկածով չենք, որ այնտեղ ինչ-որ անշրջելի բան է տեղի ունեցել, և մենք հիմա պետք է այդ ուղղությամբ չնայենք: Ոչ, շատ ակտիվ աշխատելու ենք, և համոզված եմ, որ լուծումներ կլինեն, որովհետև եթե լուծումներ չլինեն, դա լրիվ ուրիշ բան է նշանակում առաջին հերթին ԵԱՏՄ-ի համար։ Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՏՄ-ն հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների և ֆինանսների ազատ տեղաշարժի: Եթե դա չկա, նշանակում է, որ ԵԱՏՄ չկա, և ԵԱՏՄ-ն հարցին պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Մենք ասում ենք, որ ինքը կա, և մենք, այդ թվում՝ որպես մասնակից պետություն, համարում ենք, որ ինչ-որ մի թյուրիմացություն է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվել, որ չկա ԵԱՏՄ-ն: Բայց եթե ԵԱՏՄ-ն կասի՝ ես չկամ այլևս, դե որ իրենք չկան, մենք ի՞նչ կարող ենք անել: Մենք կանք, և մենք ԵԱՏՄ-ի մեջ ենք, և աշխատում ենք ԵԱՏՄ-ում: Հիմա ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա: Եթե կասի՝ չկա, այսինքն՝ դե յուրե ուղիղ կամ նամյոկով կասի, որ չկա, դե մենք ի՞նչ անենք: Եթե կա՝ կա, եթե չկա՝ չկա»։

Վարչապետը նշել է, որ  այն, ինչ տեղ է ունենում Հայաստանում, ԵԱՏՄ մի քանի երկրներում շատ լուրջ անհանգստություն է առաջացնելու. «Մենք Կառավարության նիստերին խոսում ենք դիվերսիֆիկացիայի պրոցեսների մասին, բայց ես համոզված եմ, որ ԵԱՏՄ մի շարք երկրներում այս նույն պրոցեսը տեղի է ունենում առանց հայտարարելու։ Այն, ինչ տեղի է ունենում, իրենք գնահատելու են որպես ռիսկ, որն իրենց առաջ կանգնած է: Հետևաբար ԵԱՏՄ ձևաչափում իրոք քննարկելու բան կա, և ես առաջիկայում այդ առիթը կօգտագործեմ այդ քննարկումը սկսելու համար: Ես նաև մեր գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ նրանք իմ բացակայությամբ ընդունել են, և պետք է հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում գործնականում: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է նման որոշումներ կայացնել, և ուղղակի մի օր արթնանալ և նման որոշումներ կայացնել: Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանը «այո» է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք պետք է այստեղից հետևություններ անենք: Շատ հստակ պետք է լինի պատասխանը՝ կա՞, թե՞ չկա: Եթե կա, մենք կդիրքավորվենք, եթե չկա, դիրքավորվելու կարիք էլ առանձնապես չի առաջանալու»։ 

Մայիսին հանրապետությունում գրանցվել է աշխատատեղերի պատմական առավելագույն ցուցանիշ՝ 823 հազար 584

Վերջին 3 ամիսներին Հայաստանում շարունակվել է աշխատատեղերի թվի աճը, և 2026 թվականի մայիսին  ունենք բոլոր ժամանակների պատմական առավելագույն գրանցված աշխատատեղերը: Ինչպես է Կառավարության այսօրվա նիստում նշել է  Նիկոլ Փաշինյանը, մայիսին արձանագրվել է 823 հազար 584 աշխատատեղ: «Նախորդ ցուցանիշը՝ երկրորդ ցուցանիշը, արձանագրվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ 822 հազար 662: Սովորաբար դեկտեմբերին պիկեր են լինում, բայց նաև մայիսին այսպիսի աճ ունենք, դա էլ շատ լավ և կարևոր ինդիկատոր է: Նկատի ունեմ՝ մեր տնտեսությունն իր աճի տեմպը շարունակում է: Իհարկե, ինչ-որ ազդեցություններ կլինեն, բայց ուրախությամբ արձանագրում եմ, որ այդ թվում միջազգային կառույցները՝ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներն ավելացրել են։ Եվ դա կապված է այն խոշոր ներդրումային ծրագրերի հետ, որ այսօր ՀՀ-ում իրականացվում է և պլանավորվում է իրականացնել: Այս ամեն ինչն աշխատանքային իրավիճակ է, և ընդհանրապես այս ամեն ինչին մենք պետք է վերաբերվենք որպես աշխատանքային օրակարգ, առօրյա, խնդիրներ, որոնք պետք է լուծենք»,- շեշտել է վարչապետը: 

Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց

Ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարման որակի հսկողության կարգի արդիականացման և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի լիազորությունների հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կնքած պայմանագրերի շրջանակներում իրականացվող ռազմական նշանակության ապրանքների մշակման ամբողջ գործընթացի նկատմամբ սահմանել որակի վերահսկողություն իրականացնող մարմնին, նրա իրավունքներն ու պարտականությունները։ Նախատեսվող կարգավորումները ուղղված են ռազմարդյունաբերական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացների թափանցիկության ապահովմանը, արտադրության տեխնոլոգիական գործընթացների վերահսկողության հնարավոր բարձրացմանը, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունավետ վերահսկմանը։

Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է, որ ռազմական նշանակության գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու դեպքում (ՌՆ) սահմանվեն նվազ պայմաններ, ինչը բխում է վարչական իրավունքի համաչափության սկզբունքից և թույլ է տալիս տարբերակել բարձր և ցածր ռիսկային գործունեությունները։ Նախատեսվում է պարզեցնել գործող լիցենզիա ունեցող հայտատուի կողմից նոր գործունեության տեսակով զբաղվելու, այն ավելացնելու ընթացակարգը՝ հաշվի առնելով լիցենզիան ստանալու ընթացակարգի ժամանակ առաջադրված պայմաններին բավարարելու և դրական եզրակացություններ ունենալու հանգամանքը։ Սա ուղղված է վարչարարական բեռի նվազեցմանը, տեխնոլոգիական զարգացման արագ արձագանքման ապահովմանը, բիզնես միջավայրի բարելավմանը։

Կբարձրացվի Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի արդյունավետությունը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում, որի նպատակն է Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ ՀՀ-ում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ 2026 թ. մայիսի 25-ի դրությամբ հավաստագիր է ստացել 6336 ընտանիք, որից 2896-ը իրացրել են այն։ Ըստ հիմնավորման՝ իրավակիրառ պրակտիկայում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը։ Այսպիսով, առաջարկվում է սահմանել, որ եթե դիմում-հայտարարության մեջ ներառված ընտանիքի՝ ամուսնալուծված անդամը դիմելու պահին ունի անչափահաս երեխա (երեխաներ), ապա երեխան (երեխաները) համարվում է այն ծնողի ընտանիքի միավորի պարտադիր անդամը, ում հետ դատարանի որոշմամբ ապրում է երեխան (երեխաները)։ Դատարանի որոշման բացակայության դեպքում, երեխան (երեխաները) համարվում է մոր ընտանիքի միավորի պարտադիր անդամ և հայրը կարող է դիմում-հայտարարության մեջ ներառվել առանց այդ երեխայի (երեխաների)։ Ներկայում այս դրույթի բացակայության պատճառով, ամուսնալուծված ծնողներից մեկը չի կարողանում ստանալ հավաստագիր, քանի դեռ մյուս ծնողն ու երեխան չեն ստացել հավաստագիր։ Նախատեսվում է սահմանել նաև, որ ծրագրի շրջանակում կանխավճարի չափը կազմում է հավաստագրով հասանելիք գումարի 20 տոկոսը, որը վճարում է պետությունը։ Այս դրույթի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ու Համաշխարհային բանկի միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման հանգամանքով։ Ներկա փուլում առաջարկվում է կանխավճարի չափը սահմանել 20 տոկոս, այնուհետ 3 ամիսների ընթացքում հավաստագրերի իրացման դինամիկայից կախված՝ այս ցուցանիշը կվերանայվի և իրացումների ցածր ցուցանիշի դեպքում կսահմանվի 30 տոկոս։  Սահմանվել է նաև, որ վերաֆինանսավորող կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին տրամադրվող ծրագրային վարկերի դեպքում աջակցության չափը վարկի տոկոսագումարների սուբսիդավորման համար կազմում է տվյալ ծրագրային վարկի տրամադրման պահին վերաֆինանսավորող կազմակերպության կողմից սահմանված վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափով՝ ավելացված առավելագույնը 2 տոկոսային կետով, սակայն ոչ ավելի, քան 13%: Այս պայմանի վերանայումը բխում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ համագործակցության անհրաժեշտությունից։ Բացի այդ, սահմանվել է, որ հավաստագիրն իրացրած ընտանիքի՝ հավաստագրում չներառված մեկ կամ երկու անդամներն իրենց հավաստագրերը կարող են միավորել այդ ընտանիքի հավաստագրի հետ։ Կատարվել են այլ փոփոխություններ ևս։

Մայիսի 25 -ի  դրությամբ ծրագրի շրջանակում ծախսվել է 3,851,309,400 դրամ, որն ուղղվել է 2608 շահառուների հիփոթեքային վարկերի ամսական մարումներին ու կադաստրային վճարներին, 479 շահառուների վերանորոգման վարկերի ամսական մարումներին, 30 շահառուների գյուղ․ նշանակության հողամասի ձեռքբերման վարկերի ամսական մարումներին, ինչպես նաև 83 շահառուների հավելյալ հիփոթեքային վարկերի մարմանը, 53 շահառուների գործող հիփոթեքային վարկերի մարմանը, 290 շահառուների կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը։

Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացնելու համար։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ 2026 թ. պետ բյուջեից հատկացնել լրացուցիչ 10 մլրդ դրամ:

2026 թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում միջոցառման շահառուների թվի ամսական աճը կազմել է 6,7 %, 1 շահառուի հաշվով հետվճարը փետրվար-ապրիլ ամիսների (հետվճարը 20 % -ով հաշվարկվել է փետրվար ամսից՝ կիրառվելով հունվարի կատարած անկանխիկ գնումների նկատմամբ) միջին ամսական աճը՝ 3 %։

Միջազգային համագործակցություն. նախատեսվում է ՀՀ-ի  և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացում

Կառավարությունը հավանություն է տվել 2026 թ. փետրվարի 5-ին ստորագրված «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության  և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների  միջև»  համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։  Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացների ազատականացումը։ Համաձայնագիրը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունը և փոխշահավետ օգուտները, ինչպես նաև նպաստելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը և երկուստեք նոր շուկաների բացահայտմանը։ Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներով Համաձայնագիրը միաժամանակ կխթանի նաև գործարար նախաձեռնությունները։ Համաձայնագիրը ներառում է ծառայությունների առևտրի, ներդրումների, վեճերի կարգավորման, ինչպես նաև թափանցիկության մասին առանձին գլուխներ։ Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում ծառայություններին առնչվող հավելվածները, որոնք համաձայնեցվել են բանակցությունների ընթացքում, և որոնց մեջ ներառված ծառայությունների տեսակների հանդեպ կողմերը պատրաստ են տրամադրել համապատասխան արտոնություններ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությամբ ՀՀ-ի և ԱՄԷ կողմից ստանձնած պարտավորությունների համեմատ: Մասնավորապես՝ հայկական կողմից էմիրաթական կողմի համար նախատեսվել են արտոնություններ գյուղատնտեսական, որսորդական, անտառտնտեսություններին առնչվող, ինչպես նաև ինժեներիայի ոլորտներում գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահական, կրթական, բնապահպանական և փոստային ծառայությունների մատուցման մասով։ Էմիրաթական կողմից հայկական կողմի համար նախատեսվել են արտոնություններ համակարգչային, գիտատեխնիկական խորհրդատվության, սարքավորումների վերանորոգման, քարտեզագրման, հեռախոսակապի ոլորտներում, ինչպես նաև նախատեսվել են որոշ պարզեցումներ իրավաբանական, շինարարական, հաշվապահական և աուդիտի ոլորտներում ծառայությունների մատուցման մասով։

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 80 մլն եվրո արժողությամբ համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավվմանը: Բարեփոխումների շրջանակը, որը նույնական է Համաշխարհային բանկի հետ ս.թ. հունիսի 3-ին և հունիսի 8-ին ստորագրված՝ 170.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ, մասնավորապես, ներառում է՝ ներդրումների և առևտրի ազատականացումը և մրցակցության խրախուսումը, տնտեսական մրցակցության պաշտպանություն, թվայնացում և կիբեռանվտանգություն, ավելի կանաչ և ավելի դիմակայուն աճի ապահովում, արտանետումների կառավարում և այլն։

Հավանություն է տրվել  «Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Ուզբեկստանի միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջև փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը: Համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է՝ կարգավորել երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացման գործընթացը, խթանել ապրանքների, ծառայությունների և մարդկանց ավելի սահուն տեղաշարժը ողջ տարածաշրջանում։ Հաշվի առնելով այն փաստը, որ երկու երկրներն էլ չունեն ելք դեպի ծով, տրանսպորտային կապերի բարելավումը կօգնի մեղմել լոգիստիկ մարտահրավերները և նվազեցնել տրանսպորտային ծախսերը, ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը՝ խթանելով քաղաքական և տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև։ Բացի այդ, Հայաստանի համար դեպի Կենտրոնական Ասիա ավելի ամուր ուղիների ստեղծումը կարող է ծառայել որպես այլընտրանքային առևտրային միջանցք՝ նվազեցնելով կախվածությունը ավանդական ուղիներից և բարձրացնելով նրա տնտեսական ճկունությունը։

Գործադիրի հավանությանն է արժանացել «Եվրասիական զարգացման բանկի միջոցներից «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար կազմի կարողությունների զարգացում. ուսուցողական սեմինարի անցկացում» տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագրին կից լրացուցիչ թիվ 1 համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը նախատեսվում է իրականացնել ֆինանսների նախարարության աշխատակիցների կարողությունների զարգացման համալիր ծրագրի (բովանդակային, ֆինանսական և կազմակերպչական դրույթների վերանայում։ Ծրագրի շրջանակում նախատեսված ինտենսիվ ուսուցման միջոցառումները, որոնք ներառում են կարիքների գնահատում, սիմուլյացիոն վարժություններ, անհատական քոուչ-սեմինարներ և աշխատակիցների հոգեբանական պրոֆիլների կազմում, վերահաստատվում և համապատասխանեցվում են իրականացման նոր օրացուցային պլանին։

Կապահովվի կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը

Կառավարության որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կապահովվի համապատասխան  օրենսդրական ակտերով, մասնավորապես՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով,  պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների աուդիտորական ծառայությունների դիմաց ֆինանսավորումը: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված մեթոդաբանությունը՝ պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունների՝ 2025 թ. տարեկան հաշվետվությունների աուդիտի պայմանագրի գները սահմանվել են հետևյալ կերպ՝ «Վերածնվող Հայաստան»-1 470 000 դրամ, «Հայ Յեղափոխական դաշնակցություն»-3 780 000 դրամ, «Բարգավաճ Հայաստան»-2 400 000        դրամ,  «Հանրապետություն»-1 960 000 դրամ,  «Քաղաքացիական պայմանագիր»-8 340 000 դրամ։

Որոշմամբ նշված օտարերկրացիներին հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027թ. հուլիսի 1-ը

Կառավարության որոշմամբ առաջարկվում է  Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ (ՀՀ մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ) ունեցող օտարերկրացիների համար սահմանված առանց մուտքի վիզայի ռեժիմի ժամկետը երկարաձգել: Որոշմամբ նշված օտարերկրացիներին հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027թ. հուլիսի 1-ը:  Հիմնավորման համաձայն՝ վերոհիշյալ պետություններն ունեն զարգացած տնտեսություն՝ բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ։ Իրենց տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները ևս ունեն տնտեսական ակտիվություն, բիզնես շահեր և ֆինանսական կարողություններ։ Տվյալ համատեքստում մուտքի վիզայի ռեժիմի ազատականացման ժամկետի երկարաձգումը կնպաստի ՀՀ ներդրումային գրավչության բարձրացմանը՝ այս խմբից ավելի շատ ներդրողների, գործարարների և գործնական այցերի խրախուսմամբ։ Բացի այդ, մուտքի վիզայի ազատականացման ժամկետը կարող է խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչն իր հերթին կհանդիսանա լրացուցիչ խթան տեղական տնտեսության համար՝ հատկապես զբոսաշրջային, հյուրանոցային, սպասարկման և ռեստորանային ոլորտներում։

Կամրապնդվի բարձրագույն կրթության և տնտեսության կապը, կստեղծվի մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմքը

Կառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների և դրանց դասիչների (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը), դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկը և դրանց ուսուցման ձևերը։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը (դասակարգիչը) կրում է նորմատիվ բնույթ և հանդիսանում է բարձրագույն կրթության համակարգի պետական կարգավորման գործիք։ Որոշմամբ՝ սահմանվել է նաև «մասնագիտություն» հասկացությունը որպես՝ պետության կողմից հաստատված բարձրագույն կրթության տիրույթ, որը բնութագրում է շրջանավարտի մասնագիտական գործունեության լայն շրջանակը, տալիս է նրա մասնագիտական զբաղվածության սահմանները և միավորում է մեկ կամ մի քանի կրթական ծրագրեր։ Առաջարկվող մոդելով հստակ տարանջատվում են կարգավորման մակարդակները՝ մասնագիտություն-դասակարգման նորմատիվ միավոր, կրթական ծրագիր-լիցենզավորման և հավատարմագրման օբյեկտ, որակավորում- կոնկրետ կրթական ծրագրի ավարտի արդյունք, որը համապատասխանում է տվյալ մասնագիտության շրջանակներում բարձրագույն կրթության համապատասխան մակարդակին։ Առաջարկվող մոդելում լիցենզավորումն ու հավատարմագրումը կիրականացվեն բացառապես կրթական ծրագրերի մակարդակում։ Այս կարգավորումը կապահովի բուհերի ակադեմիական ինքնավարությունը և ծրագրերի բազմազանությունը՝ պահպանելով համակարգի նորմատիվ կառուցվածքային կայունությունը: Դասակարգիչն ապահովում է նաև համակարգի կառավարելիությունը և միջազգային համադրելիությունը։ Միջազգային հաշվետվողականության նպատակով կրթական ծրագրերը կոդավորվում են՝ համաձայն ISCED-F 2013 (International Standard Classification of Education) դասակարգման, որը մշակվել է UNESCO-ի կողմից։ Միաժամանակ միջազգային դասակարգումը կիրառվում է բացառապես որպես վիճակագրական համադրելիության գործիք և չի սահմանում ՀՀ բարձրագույն կրթության համակարգի ներքին նորմատիվ կառուցվածքը։ Ապագայում, նոր դասիչներով մասնագիտությունների և Զբաղմունքների, պաշտոնների և կարողունակությունների (կոմպետենցիաների) ազգային դասակարգչի փոխկապակցվածության ապահովման նոր հնարավորություններ կստեղծի քաղաքացիների և գործատուների համար։ Քաղաքացիների համար հնարավորություն կառաջանա կրթության պլանավորման փուլում առավել պարզ պատկերացնել հետագա աշխատանքային հնարավորությունները, իսկ գործատուները կկարողանան առավել ճիշտ ընտրություն անել պաշտոնին համապատասխան կարողություններով օժտված մասնագետներ աշխատանքի ընդունելիս։ Որոշումը հնարավորություն կտա  վերացնել մասնագիտությունների կրկնությունն ու ավելորդ մանրամասնեցումը, ապահովել միջազգային համադրելիությունը, ամրապնդել բարձրագույն կրթության և տնտեսության կապը, ստեղծել մասնագիտությունների և կրթական ծրագրերի թվային ռեեստրի հիմք, ապահովել մասնագիտությունների և որակավորումների ինտեգրումը որակավորումների ազգային շրջանակի հետ, բարձրացնել ռազմավարական պլանավորման, պետական կարիքների գնահատման և հաշվետվողականության արդյունավետությունը։

Գումար է հատկացվել հուշանվերային արտադրանքի իրացման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հուշանվերային արտադրանքի իրացման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով «Մշակույթի զարգացման» հիմնադրամին հատկացնել  22680 հազար դրամ։ Որոշման  իրականացումը հնարավորություն կտա յուրաքանչյուր թանգարանի բարձրացնել  մրցունակությունը՝ համադրելով միջազգային լավագույն փորձի հետ, ինչպես նաև կխթանի մշակութային տուրիզմի և հանրային հետաքրքրության աճը։  Հուշանվերների ձեռքբերումը  կապահովի Թանգարանների պատշաճ ներկայացումն ու արդյունավետ իրացումը, ինչպես նաև հուշանվերների ամբողջական և միասնական շարքի ձևավորումը կդառնա լրացուցիչ և կայուն եկամտի աղբյուր՝ նպաստելով դրանց ֆինանսական ինքնուրույնության բարձրացմանը: Հիմնավորման համաձայն՝ հուշանվերների փաթեթում նախատեսված է 10 անուն հուշանվերների (ապրանքատեսակի) ձեռքբերում՝ բաժակ, մագնիս, գրիչ, կախազարդ, պայուսակ, էջանշան, նոթատետր, մատիտ, բաժակի տակդիր, մոմակալ։ Հուշանվերների ընտրությունը պայմանավորված է տեղացի և օտարերկրյա այցելուների շրջանում պահանջվածությամբ, ինչպես նաև թանգարանային բովանդակության և մշակութային խորհրդանիշների ներկայացման արդյունավետ հնարավորությամբ։

Ճանապարհների ենթակառուցվածքի և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներում միջազգային ստանդարտների և լավագույն փորձի տարածում 

Համաշխարհային ճանապարհային ասոցիացիայի (Permanent International Association of Road Congresses «PIARC») անդամակցությամբ PIARC ին 2024 և 2025 թվականների, ինչպես նաև 2026 թվականի անդամավճարները վճարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ն 2024 թ. անդամակցում է PIARC-ին։ Այն  ճանապարհային ոլորտում կայուն ենթակառուցվածքների ձևավորման, զարգացման և միջազգային համագործակցության առաջատար կազմակերպություն է, որին անդամակցում են շուրջ 125 երկրներ։ PIARC-ի աշխատանքում ներգրավված են ավելի քան 20 տեխնիկական կոմիտեներ և թիրախային խմբեր, որոնք միավորում են աշխարհի ավելի քան 1,500 փորձագետների՝ դառնալով աշխարհում ճանապարհային տնտեսության գծով մասնագետների ամենախոշոր ցանցը։ PIARC-ի հետ համագործակցությունը կնպաստի միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհների ենթակառուցվածքի և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտների զարգացմանը, գիտելիքների փոխանակմանը և նորարարական մեթոդների, ժամանակակից և առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև Հայաստանի ներգրավմանը ոլորտային համագործակցության տարբեր ձևաչափերում և նախագծերում՝ դրանով իսկ բարելավելով տրանսպորտային ենթակառուցվածքի կառավարման մշակույթը և ճանապարհային ենթակառուցվածքի պահպանման և զարգացման նոր գործելակերպը:

Կսահմանվի նաև ավտոմոբիլային ճանապարհներ թեմատիկ շերտի վերաբերյալ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը

Կառավարությունը հաստատել է ավտոմոբիլային ճանապարհների թեմատիկ շերտերը, ինչը թույլ կտա «Ավտոմոբիլային ճանապարհներ» թեմատիկ շերտի մեթոդաբանությանը (ուղեցույցին) համապատասխան  իրականացնել տարածական և թեմատիկ տվյալների հավաքագրումը և ազգային գեոպորտալում դրանց շարունակական արտացոլումը։ Նախատեսվում են «Ճանապարհատրանսպորտային ցանց» թեմատիկ խմբի ավտոմոբիլային ճանապարհի կոնստրուկցիոն տարրերի թվով 39 թեմատիկ շերտեր, այդ թվում՝ ճանապարհի տարրեր՝ առանցքային գիծ, բարձրանիշ, պատվածք, օտարման շերտ, հորիզոնական կոր, երկայնական և լայնական թեքություն, մայթեր, ջրահեռացում, տեսանելիություն, կառչման գործակից և ակոսացում,  ճանապարհածածկի ամրություն, անհարթության միջազգային ցուցանիշ (IRI), խաչմերուկներ/փոխհատումներ, ճանապարհների հետ հատվող երկաթուղային գծանցներև այլն։ ՏԿԵ նախարարի հրամանով կսահմանվի նաև ավտոմոբիլային ճանապարհներ թեմատիկ շերտի վերաբերյալ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը, որը գտնվում է մշակման փուլում:

Կապահովվի կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման  աշխատանքների իրականացումը

Կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ Արմավիրի մարզում նոր կառուցվող և վերանորոգվող թվով 5 դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումը ներառված է մարզի  2026 թ. առաջին կիսամյակի առաջնահերթություններում։ Կնքվել է պայմանագիր՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբիի միջնակարգ դպրոցի, Վաղարշապատ համայնքի Հովտամեջի միջնակարգ դպրոցի, Վաղարշապատ համայնքի Գեղակերտի միջնակարգ դպրոցի, Վաղարշապատ համայնքի Ամբերդի Հ. Նավասարդյանի անվ. միջնակարգ դպրոցի և Արմավիր համայնքի Այգեվանի Մ.Խորենացու անվան միջնակարգ դպրոցի տանող ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Դպրոցները ներառված են նաև Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» հնգամյա ծրագրում և ներկայումս գտնվում են կառուցման/հիմնանորոգման փուլում։ Այդ ճանապարհներով նախատեսվում է նաև 3 բնակավայրերից (Գտաշեն, Ջրաձոր, Արեգնադեմ) աշակերտների տեղաշարժ ապահովել դեպի Արեգնադեմ բնակավայրի նորակառույց կլաստերային դպրոց։

Կխթանվի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայուն զարգացումը

Գործադիրը հաստատել է նաև պետական և հանրային մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա կրթաթոշակով (լրիվ կամ մասնակի) ընդունելության տեղերի ձևավորման և ըստ մասնագիտական ուսումնական հաստատությունների հատկացնելու կարգը։ Կարգի կիրարկումը կհանգեցնի կրթաթոշակային տեղերի համաչափ բաշխմանը, մի կողմից կկարգավորի որոշ մասնագիտությունների գերհագեցվածությունը, մյուս կողմից այլ՝ պահանջարկ ունեցող մասնագիտությունների սակավ զարգացման հնարավորությունները: Ակնկալվում է, որ կարգի կիրարկումը կնպաստի մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի կայուն զարգացմանը, պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը, կապահովի պետական քաղաքականության համապատասխանեցումը աշխատաշուկայի իրական պահանջներին: Մասնագիտությունների ցանկերի վերանայումը՝ տարածաշրջանային և ոլորտային զարգացմանը համապատասխան, կնպաստի աշխատաշուկայում պահանջարկ չվայելող մասնագիտությունների բաժինների փակմանը և պետության, ՀՀ մարզերի զարգացման համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող, ինչպես նաև աշխատաշուկայում առավել պահանջարկված ոլորտների գծով նոր մասնագիտությունների ընդգրկմանը ցանկերում, մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի մասնագիտությունների արդիականացմանը:

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում  Մարտունի համայնքի Ծակքար գյուղի  2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, 2 հողամաս հասցեում գտնվող անշարժ գույքն ամրացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝ բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով։ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով՝ 2023-2026թթ․ ընթացքում նախատեսվում է կառուցել ՀՀ մարզերում գործող, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող 29 բժշկական կազմակերպությունների շենքեր, հագեցնել դրանք բժշկական կահույքով, սարքավորումներով և պարագաներով։

Գործադիր ընդունել է «Գույք ամրացնելու մասին»  որոշում. Թալինի 3-րդ հերթի ջրանցքի վերջնամասում նախատեսվում է Դաշտադեմի պոմպակայանի ջրընդունիչ ավազանի վերակառուցում: Արդյունքում՝ կբարելավվի ոռոգման ծառայությունների մակարդակը։

Եղեգնաձորում  պետբյուջեի  միջոցներով կկառուցվի  սպորտային համալիր

Եղեգնաձոր համայնքի տիպային մարզահամալիրի կառուցման ծրագրի գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ծրագրով Եղեգնաձոր համայնքում նախատեսվում է պետբյուջեի  միջոցներով կառուցել սպորտային համալիր: Ըստ այդմ՝ Վայոց ձորի մարզպետարանն առաջարկել է Եղեգնաձոր համայնքի սեփականություն հանդիսացող Եղեգնաձոր քաղաքի  Սպանդարյան փողոց 40/3 հասցեում գտնվող  2.2446 հա տարածքը և վերջինիս վրա գտնվող շինությունները նվիրաբերել ՀՀ-ին։ Կարգավորման նպատակն է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզակառույցի առկայություն, որն անպայման պետք է ներառի լողավազան և ֆիթնես սրահ, ինչպես նաև սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։

Կապահովվի Սյունիքի մարզում  հանրային շենքերի և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը

Կառավարության որոշմամբ կապահովվի Սյունիքի մարզում  հանրային շենքերի (պոլիկլինիկաներ, առողջության առաջնային պահպանման և ամբուլատոր բուժհաստատություններ) և երկու միջին մասնագիտական քոլեջների կառուցման, վերանորոգման աշխատանքների ընթացքը և շարունակականությունը, ինչպես նաև վարկային համաձայնագրի շրջանակներում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարումը։ Ըստ հիմնավորման՝ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Դիմակայուն Սյունիք» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում են  առողջապահական և կրթական ոլորտներում վերակառուցման/նոր շենքերի կառուցման, ինչպես նաև ջրամատակարարման աշխատանքները,  որոնք ուղղված են Սյունիքի սոցիալ-տնտեսական վերականգնմանը և երկարաժամկետ դիմակայուն զարգացմանը։ Ծրագիրն իրականացվում է վարկային համաձայնագրի միջոցներով և ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորմամբ: Մասնավորապես, ծրագրի շրջանակում նախատեսում է թվով 11 առողջապահական և 2 միջին մասնագիտական քոլեջների կառուցում/վերանորոգում:

Արտոնություններ՝ ներդրումային հերթական ծրագրերին

Կառավարության որոշումներով հերթականն ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն  ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։

«Աշտարակ միլկ» ՍՊԸ նախատեսում է օգտագործել կաթնամթերքի և պաղպաղակի արտադրության համար։ Թողարկված արտադրանքը իրացվում է «Աշտարակ կաթ» ապրանքային նշանի անվան ներքո։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․39 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող հումքի արժեքը)։ Ներկայումս առկա է 217 աշխատատեղ՝ 163 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 232-ի՝ 175 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 180 մլն դրամ։

«Ունիվերսալ հոսպիտալ պրոդակտ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բժշկական վիրակապերի և բժշկական անձեռոցիկների արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 80 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 14 աշխատատեղ՝ 223 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է ստեղծել 1 նոր աշխատատեղեր՝ 282 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 80․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 8 մլն դրամ։

Այլ որոշումներ. սահմանվել է վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևը և լրացման կարգը

Կառավարության որոշմամբ կհստակեցվեն դրոշմանիշային վճարի հաշվարկման նպատակով հիմք ընդունվող համապատասխան հաշվարկների անվանումները։ Ըստ այդմ, առաջարկվում է սահմանել՝ դրոշմանիշային վճար վճարողի կողմից (ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով) հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա առաջացած՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում հարկային մարմինը, հատուցման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով, նշված անձանց (այդ թվում՝ վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) և դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին։ Սահմանվել է նաև, որ hատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցելուց հետո փոխանցված գումարի վերաբերյալ տվյալը հարկային մարմնի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար։ Սահմանվել է նաև վճարողի սահմանված չափից ավելի վճարված դրոշմանիշային վճարի գումարի մնացորդի վերադարձի դիմումի նոր ձևը և լրացման կարգը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որը կնպաստի ջրօգտագործման թույլտվության տրամադրման թվայնացման գործընթացի լիարժեք իրականացմանը, կթեթևացնի ջրօգտագործողի վարչական բեռը։ Ըստ այդմ, մասնավորապես՝  հստակեցվել է ջրօգտագործման թույլտվության ստացման հայտի ներկայացման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության տրամադրման, երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման գործընթացները, որոնք իրականացվելու են թույլտվությունների տրամադրման https://nature.e-gov.am/ էլեկտրոնային հարթակի միջոցով։

Մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել են Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններ վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ներկայացվող տեղեկությունների կազմը, դրանց ներկայացման (հասանելի դառնալու) ժամկետը և կարգը։ Գործադիրը սահմանել է նաև Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930