Լեգենդար հետախույզ-հրամանատար, Արցախյան պատերազմների մասնակից, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար և պատգամավորության թեկնածու Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխելուց հետո դատարանը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց։
Այդ ընթացքում Արթուր Ավանեսյանը պատասխանեց դատական նիստը լուսաբանող լրատվամիջոցների մի քանի հարցերի։
-Տնային կալանքը ձեզ համար ընդունելի՞ խափանման միջոց է։
-Ոչ։ Պիտի ազատ արձակեին առանց որևէ մի հարցի։
Կարդացեք նաև
-Այսինքն, ձեզ մեղսագրվող արարքը դուք չե՞ք ընդունում։
-Չեք ամաչո՞ւմ՝ այդպիսի հարց եք տալիս։
-Բայց ձայնագրություն կա, որ նախընտրական խոստում եք տալիս։
-Ձայնագրությունն ինչի՞ մասին է։ Դա կաշառք չի։ Ձայնագրությունում եղել է մեր ծրագրի ներկայացումը։ Հարյուր տարվա մեր ղարաբաղցին են՝ գիտեք ինձ համար ուրի՞շ են։ Ով որ զանգեր, տենց էի ասելու, ծրագիրն էի ներկայացնելու։ Դա սկի նախընտրական քարոզչության ընթացքում էլ չի եղել՝ փետրվարին։
-Ընդդիմությունը մանդատները կվերցնի՞, թե՞ չէ։ Պե՞տք է գնալ Ազգային ժողով։
-Դեռ մանդատների ժամանակի չի։ Դեռ գործողություն կա անելու։ Մանդատների հարցը՝ հետո։
-«Ուժեղ Հայաստանը» իր ցուցակի վրա ինչքանո՞վ է վստահ, որ գեղամնազարյաններ չի ունենա, որ այս կալանավորումների տեղատարափի արդյունքում որոշեն իրենք էլ գնան ու դառնան քպական։
-Հիմա տնային կալանք են տվել։ Որ էդ հարցերին պատասխանեմ, նորից կալանավորելու են։
-Աննա Հակոբյանն ասում է, որ ձեզ չի տեսել, երբ եղել էր Արցախում։ Ասում էր չեմ ճանաչում, ո՞վ է Արթուր Ավանեսյանը։ Դուք իրեն տեսել ե՞ք։
-Ես Աննա Հակոբյանին տեսել եմ։ Տելեվիզորով։ Հեռուստացույցով։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































