Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացած գալա համերգը սոսկ մեկօրյա տոնախմբություն չէր, այլ հայ երաժշտարվեստի լուսավոր ու հուսալի վաղվա օրվա յուրօրինակ ավետիս. Աննա Ասատրյան

Հունիս 26,2026 12:58 Share

Հայաստանյան մշակութային կյանքում տարբեր միջոցառումների ժամանակ երբեմն հնչել են ստեղծագործություններ միացյալ երգչախմբերի կատարմամբ։ Ամենամեծ կազմով երգչախումբը՝ 2750 հոգանոց, առաջին և միակ անգամ՝ 1968 թ. Երևանի քաղաքի հիմնադրման տոնակատարությունների շրջանակում կատարել է Պարույր Սևակի խոսքերով կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» խմբերգը, որը միաժամանակ ղեկավարել են մեծանուն արվեստագետներ Թաթուլ Ալթունյանը, Էմմա Աղաբեկյանը և Հովհաննես Չեքիջյանը։ Մեր ժամանակներում էլ երբեմն-երբեմն այս կամ այն տոնախմբության կամ որևէ կոմպոզիտորի ստեղծագործության մեկնաբանումը պահանջում է միացյալ երգչախմբեր։ Բայց այն, ինչ կատարվեց օրերս, իսկապես բացառիկ էր ու աննախադեպ։

Երևանի օպերային թատրոնում կայացած գալա համերգում բեմում միավորվել էին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն ու Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական և Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջների նվագախմբերը՝ իրանցի դիրիժոր Կարեն Ամիր Լաթիֆիի ղեկավարությամբ։ Օպերային թատրոնի մեներգիչների մասնակցությամբ հնչեցին արիաներ, դուետներ հայկական և համաշխարհային օպերաներից, հատվածներ բալետային գրականությունից, ինչպես նաև նվագախմբային երկեր։ Համերգն ավարտվեց «Էրեբունի-Երևան» խմբերգով։

Թե ի՞նչ խորհուրդ ու կարևորություն ուներ այս մշակութային իրադարձությունը, Aravot.am-ը փորձեց պարզել Արվեստի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հետ ունեցած զրույցում։ Ներկայացնում ենք ճանաչված մասնագետին ուղղված մեր մեկ հարցի պատասխանն առանց միջամտության։

— Պիտի խոստովանեմ, որ չկարողացա ներկա գտնվել այդ խորհրդանշական համերգին, որտեղ փայլում էր նաև իմ հարազատ կրթօջախի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի նվագախումբը։ Պատճառը, սակայն, չափազանց պարտավորեցնող էր. այդ օրերին ես Հայաստանի Հանրապետության ազգային պատվիրակության կազմում մեկնել էի Բիշքեկ՝ մասնակցելու հունիսի 8–11-ը կայացած ԱՊՀ անդամ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 19-րդ ֆորումի աշխատանքներին։

Նախևառաջ ցանկանում եմ իմ անկեղծ հիացմունքն արտահայտել մաեստրո Կարեն Դուրգարյանի բեղմնավոր գործունեության հանդեպ։ Նրա ջանքերն ուղղված են ոչ միայն թատրոնի անդադար վերելքին՝ խաղացանկի հարստացմանն ու միջազգային հեղինակավոր արտիստների ու դիրիժորների ներգրավմանը, այլև հույժ կարևոր մի առաքելության՝ օպերային թատրոնի «ապագա արտիստների» հետ տարվող հետևողական աշխատանքին։

Դեռ թարմ են տպավորությունները «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի վերջերս կայացած պրեմիերայից, որն արդեն իր հաստատուն տեղն է զբաղեցրել թատրոնի խաղացանկում։ Այդ հրաշալի կատարման հենասյունը դարձան պատանի երաժիշտները՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի սաներից բաղկացած 400-հոգանոց հավաքական երգչախումբը։ Տաղանդավոր խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ այս պատանիները բեմում գործեցին իսկական մի սխրանք։

Եվ ահա մեր առջև է Կարեն Դուրգարյանի նոր, ներշնչող նախաձեռնությունը։

Ինչ խոսք, պատանի երաժիշտների համար մեր մշակութային պանթեոնի՝ օպերային թատրոնի սրբազան բեմ բարձրանալը և նվագախմբի երախտավորների հետ կողք կողքի նվագելը բացառիկ վարպետության դաս էր։ Սա մի անգնահատելի դպրոց էր, որը կանխորոշելու է նրանց ապագան։ Լիահույս եմ, որ այս տաղանդաշատ պատանիները հետագայում կընտրեն երաժշտի վեհ կոչումն ու կկատարելագործվեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Ապագայում նրանցից ոմանք կնվաճեն մեծ բեմեր՝ որպես մենակատարներ, իսկ շատերն էլ իրենց տեղը կզբաղեցնեն օպերային թատրոնի և ՀԱՖՆ-ի հեղինակավոր նվագախմբերում։ Ու նրանք երբեք չեն մոռանա, որ դեպի մեծ արվեստ տանող իրենց առաջին քայլն արվել է հենց այստեղ՝ 2026 թվականի հունիսի 8-ին։

Անհնար է անտարբեր անցնել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի վերջին տարիների տպավորիչ հաջողությունների ու թռիչքային վերելքի կողքով. սա մի արդյունք է, որն անմիջականորեն կապված է տնօրենի՝ տաղանդավոր ջութակահար Վարազդատ Խաչումյանի անվան հետ։ Ոգևորիչ է տեսնել, թե ինչպես են քոլեջի տարբեր նվագախմբերն իրենց կատարողական բարձր մակարդակով հասել նրան, որ ի զորու են մեկ բեմ կիսել օպերային թատրոնի վաստակաշատ երաժիշտների հետ։ Առանձնահատուկ հարգանքի է արժանի այն, որ, չլինելով այս կրթօջախի շրջանավարտ, Վարազդատ Խաչումյանը քոլեջի կոլեկտիվի ու ուսանողների հանդեպ տածում է հարազատի ջերմություն, հայրական հոգատարություն ու մասնագիտական վեհ խստապահանջություն։

Ցանկանում եմ առանձնակի ընդգծել Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի տնօրենի՝ տաղանդավոր դաշնակահար և երաժշտական կրթության հմուտ կազմակերպիչ Արտյոմ Հարությունյանի անսահման նվիրումը սեփական առաքելությանը։ Որպես երիտասարդ, բայց կազմակերպչական ոլորտում արդեն իսկ հարուստ փորձ կուտակած գործող երաժիշտ՝ նա իր ողջ էներգիան ներդնում է հարազատ կրթօջախի զարգացման գործում։

Երևանի այս երկու երաժշտական կրթօջախներում սիմֆոնիկ նվագախմբերի կայացումն ինքնին խորհրդանշական է։ Սա փաստում է ոչ միայն տաղանդաշատ երեխաների առատության, այլև նվիրյալ ուսուցիչների այն անմնացորդ ջանքերի մասին, որոնք նրանք սիրով ներդնում են հանուն մատաղ սերնդի երաժշտական ապագայի։

Այս համերգը ևս մեկ անգամ փաստեց, որ մայրաքաղաքի մանկական երաժշտական ու արվեստի դպրոցները նոր շունչ են առել։ Դրանք շնորհալի սաներ են պատրաստում նախ երաժշտական քոլեջների, ապա՝ կոնսերվատորիայի և, ի վերջո, ողջ Հայաստանի երաժշտական կյանքի համար։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես արժևորել երաժշտական և արվեստի դպրոցների տնօրենների ու մանկավարժական կոլեկտիվների բացառիկ աշխատանքը։ Եվ, անշուշտ, հարկ է երախտագիտությամբ հիշատակել Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես՝ Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ամենօրյա հոգածությունն ու ուշադրությունը։

Ամփոփելով՝ կարող ենք վստահորեն արձանագրել, որ հունիսի 8-ին կայացած գալա համերգը սոսկ մեկօրյա տոնախմբություն չէր, այլ հայ երաժշտարվեստի լուսավոր ու հուսալի վաղվա օրվա յուրօրինակ ավետիս։ Երբ մեկ սրբազան բեմում միախառնվում են օպերային թատրոնի տարիների փորձառությունն ու պատանի երաժիշտների անսպառ ու վառվռուն էներգիան, իսկ այդ ամենի թիկունքին կանգնում են նվիրյալ մանկավարժներ, հոգատար ղեկավարներ ու մաեստրո Կարեն Դուրգարյանի պես հեռատես արվեստագետներ, արդյունքն անխուսափելիորեն դառնում է բացառիկ։ Սա մի նոր նշաձող էր, որը փաստեց, որ մեր մշակութային հերթափոխն արդեն իսկ պատրաստ է նվաճելու արվեստի ամենաբարձր ու անհասանելի թվացող գագաթները։

Aravot.am-ը ժամանակին ներկայացրել է դիրիժոր Կարեն Ամիր Լաթիֆիին։ Տեղին է հիշեցնել նրա կենսագրության արժանահիշատակ հետևյալ դրվագները՝ հակիրճ։ Կարեն Ամիր Լաթիֆին ծննդավայրում՝ Իրանում, ընտրել էր մաթեմատիկոսի մասնագիտությունը՝ զուգահեռ հաճախելով դաշնամուրի դասերի։ Հետո ստացվում է այնպես, որ ավստրիացիները, տաղանդավոր պատանի դաշնակահարներ հայտնաբերելու նպատակով, ժամանում են Թեհրան և ընտրում հինգ պատանիների։ Բայց Կարենը հստակ որոշում է կայացնում երաժշտի իր կարիերան շարունակելու ոչ թե Վիեննայի Ռիչարդ Վագների անվան կոնսերվատորիայում, այլ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Պատճառը հայկական երաժշտությամբ, մասնավորապես Կոմիտասով, նրա տարված լինելն էր։

Երևանում ուսանում է Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, զուգահեռ աշխատանքի է հրավիրվում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց՝ ղեկավարելու ավագ երգչախումբը։ Նրան հետաքրքրում է նաև սիմֆոնիկ դիրիժորությունը… Կարենը մասնակցում է աշխարհահռչակ դիրիժոր Վասիլի Պետրենկոյի ակադեմիայի՝ Երևանում անցկացվող դասընթացներին, իսկ հետո՝ 2023 թ. մասնակցում է Իտալիայում կայացած երիտասարդ դիրիժորների մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակի։

Օպերային թատրոնում 2025 թ. բեմադրված Լորիս Ճգնավորյանի «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի նախապատրաստական աշխատանքներում դիրիժորը Ճգնավորյանի ասիստենտն էր։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Պատրաստ էր հոդվածը, երբ տեղեկացանք, որ Կարեն Ամիր Լաթիֆին այլևս Երևանի օպերային թատրոնի դիրիժոր է։

Լուսանկարները՝ օպերային թատրոնում կայացած գալա համերգից, տրամադրել է Ամիր Լաթիֆին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930