Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում օրերս կայացած Երևանյան բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում ներկայացվեց «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան և «Թամար» բալետային ներկայացումը։
«Սասունցի Դավիթ» մեգանախագիծը ծանոթ է մեր հանդիսատեսին։ Aravot.am-ը 2025 թ. վերջին անդրադարձել էր Երևանի օպերային թատրոնում ներկայացված էպոսի բեմական մեկնաբանությանը։
Կարդացեք նաև
Իսկ «Թամարի» համար հիմք է հանդիսացել քաջածանոթ «Ախթամար» լեգենդը։ Ի դեպ, սա համաշխարհային պրեմիերա է. երաժշտության հեղինակն է շվեյցարաբնակ, մեր ընթերցողին ծանոթ կոմպոզիտոր Վալերի Տոլստովը, բեմադրության հեղինակը՝ անվանի խորեոգրաֆ Իլյա Ժիվոյն է, որն առաջին անգամ էր ներկայանում հայ հանդիսատեսին։
Փառատոնի շրջանակում չորս օր ներկայացված վերոնշյալ բեմադրությունները, ինչպես ընդունված է ասել, հանդիսատեսի պակաս չունեցան, որոնց ստույգ թիվը թեև հրապարակված չէ, բայց եթե անցյալ տարի փառատոնային հինգ օրերում հանդիսատեսի թիվը շուրջ 80 հազար էր, ապա այս անգամ հազարների թիվը փոքր-ինչ պակաս էր, ինչը միանշանակ պայմանավորված էր այդ օրերին ընթացող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավով։
Ու քանի որ, ինչպես նշեցինք, «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիային անդրադարձել ենք, հիմա անդրադառնանք «Ախթամարին»։ Զրուցեցինք բանասիրական գիտությունների թեկնածու Կարեն Մանուչարյանի հետ, ինչը գուցե ժանրային իմաստով առաջին հայացքից տարօրինակ թվա։
Նկատեցինք՝ բանահյուսական և գրական ստեղծագործությունները միշտ էլ սնուցիչ աղբյուր են եղել մյուս արվեստների համար։ Արվեստագետները հաճախ են գրական-բանահյուսական երկերի սյուժեները ներկայացրել կերպարվեստի, թատերարվեստի, կինոարվեստի լեզուներով։ Այս առումով բանահյուսությունն ու գրականությունը նախահիմք արվեստներ են։ Դրանց այլարվեստային մեկնաբանությունները շատ հաճախ վերհանում են ստեղծագործության քողարկված շերտերը։ Միևնույն ժամանակ հատկապես կոլեկտիվ արվեստներն ավելի հասանելի ու հանրամատչելի են դարձնում գրական-բանահյուսական արվեստների ուղերձները։ Դիտարկումներին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Համակարծիք եմ։ Հայ իրականությունն այս առումով բացառություն չէ։ Գրական շատ ստեղծագործություններ լայն զանգվածներին հասանելի են դարձել կերպարվեստի, բեմական արվեստի, կինոարվեստի միջոցով։ Հայ բանահյուսական ստեղծագործությունների հանրահռչակումն ունի կրթամշակութային մեծ նշանակություն։ Դա է պատճառը, որ հատկապես բանահյուսական երկերի բեմադրություններն ու էկրանավորումները մեր օրերում ունեն առաջնային կարևորություն։ «Սասնա ծռեր» էպոսը և «Աղթամար» լեգենդը մշտապես լայն արձագանքներ են ունեցել հայ գրականության մեջ, ենթարկվել են տարբեր մշակումների։ Ուրախալի է այն փաստը, որ հայաստանյան իրականության մեջ այսօր դրանք ներկայացվում են նաև բալետային արվեստի ձևաչափով»։
Նա հայտնեց, թե արվեստներից յուրաքանչյուրն ունի պայմանականությունների իր համակարգը, որոնք յուրովի բազմաձայնություն են հաղորդում բանահյուսական նյութին՝ մեր ժամանակների մարդուն ներկայացնելով դրա հավերժականությունը։ Բալետը կոլեկտիվ արվեստ է և պահանջում է թիմային լուրջ աշխատանք։
Գրականագետը, չմտնելով մասնագիտական տիրույթ, փաստեց, որ կենդանի արվեստները մեծ ազդեցություն են թողնում հանդիսատեսի ներաշխարհի վրա, ինչը բավականին հարմար եղանակ է հանդիսատեսին էպոսի և ընդհանրապես բանահյուսական նյութի գլխավոր ուղերձները հասցնելու համար։ «Իհարկե, ենթադրելի է, որ շատ կլինեն սիմվոլները, դեպքերի, իրադարձությունների անուղղակի պատկերումները, բայց դա է՛լ ավելի է ընդգծում բանահյուսական նյութի հմայքը»,- խոսքը եզրափակեց Կարեն Մանուչարյանը։
Հիմա ընդհանուր գծերով, հակիրճ ներկայացնենք «Թամար» բալետը, ինչի համար հիմք է հանդիսացել «Ախթամար» բալլադը, որը մշակել են հայ և այլազգի շատ գրողներ։ Հայ իրականության մեջ բալլադի ամենահայտնի մշակումը Հովհաննես Թումանյանինն է։ «Թամար» բեմադրության լիբրետոյի հեղինակը՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն է, որն, ըստ մեզ հասած տեղեկությունների, անձամբ է զբաղվել այս մեգանախագծի իրականացմամբ։ Փաստենք, որ նա լիբրետո է ներմուծել նոր կերպարներ՝ Թամարը՝ նկարչուհի, Արամ, Թամարի հայր, տնօրեն։
Կոմպոզիտոր Վալերի Տոլստովը ոչ միայն երաժշտության հեղինակն է, այլ անձամբ է գործիքավորել, «հավաքել» այն։ Բեմադրության փորձերին հատկացված ժամանակը շատ սուղ էր՝ մոտ երեք ամիս։ Մեզ հետ հանդիպման ժամանակ խորեոգրաֆ Իլյա Ժիվոյն ընդամենը իր զարմանքն ու շնորհակալությունը հայտնեց Երևանի քաղաքապետին, որի անձնական հրավերով էր ժամանել Հայաստան։
Նա հիացած էր կորդեբալետի արտիստների պրոֆեսիոնալիզմով և առանձնահատուկ նշեց. «Այս բեմադրության մեջ որպես մենապարողներ ներգրավված Անահիտ Վասիլյանը, Վալերիա Բեսսոնովան, Յուրա Մարտիրոսյանը, Գոռ Սարգսյանը, Սևակ Ավետիսյանը, Արտաշես Հակոբյանն ու Համլետ Միրզոյանը պարզապես գանձեր են։ Շնորհակալ եմ երևանյան փառատոնին, որի միջոցով հրաշալի բարեկամ ձեռք բերեցի՝ հանձին Վալերի Տոլստովի։ Հիացմունքի խոսքեր չեմ ասի՝ ուղղված հայ հանդիսատեսին, քանի որ ինչ կամ ինչեր էլ ասեմ, քիչ կլինի։ Մի բան էլ՝ հիացած եմ հայրենիքով ու Հայաստանով։ Մի բան էլ չեմ կարող չասել՝ կազմակերպչական աշխատանքները, բացօթյա բեմը, լուսավորությունը, հնչյունային աշխատանքը համապատասխանում էին միջազգային չափանիշներին»։
Սամվել Դանիելյան
Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից լուսանկարներում՝ տեսարաններ Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնից, «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի և «Թամար» բալետային ներկայացումներից։
































































