Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 26-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում: Ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունեն, եւ այդ դժվարությունները ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին ԱԺ մշտական հանձնաժողովում: ԱԺ գլխադասային հանձնաժողովն այս առումով հատկապես առողջության համընդհանուր ապահովագրության ներդնումից հետո շահառուներից ստացել է գրություններ եւ ազդակներ:
Քննարկմանը մասնակցել են Առողջապահության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, «Արմեդ» համակարգի, ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ:
2021 թվականի հունվարի 1-ից Առողջության ապահովագրության հիմնադրամում գրանցված են 72 ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնք ունեն լիցենզիա ստոմատոլոգիական գործունեությամբ զբաղվելու եւ միաժամանակ գրանցված են «Արմեդ» համակարգում:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ «Արմեդ» համակարգը կապի տարբեր միջոցներով՝ վեբինարներով, մեթոդական ձեռնարկներով, հաղորդակցվում է ոլորտի շահառուների հետ: Բժշկական հաստատությունների ներկայացուցիչներն էլ իրենց հերթին մատնանշել են այն խնդիրները, որոնց բախվում են համակարգից օգտվելիս: Բարձրացվել են փոքր եւ մարզերում ծառայություններ մատուցող կլինիկաների՝ համակարգից օգտվելու սահմանափակ հնարավորությունների, շահառուների շրջանում իրազեկման անհրաժեշտության հարցերը, համակարգ ծառայությունների մուտքագրման եւ նույնականացման ընթացքում առաջացող եւ այլ խնդիրները: Քննարկվել է նաեւ ՊԵԿ վճարումները, ըստ օրենքի, «Արմեդի» համապատասխան ծածկագրի միջոցով իրականացնելու խոչընդոտներին վերաբերող հարցը: ՊԵԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ կառույցը լայնածավալ իրազեկում է իրականացրել, անգամ հասցեական իրազեկել է ընկերություններին, որպեսզի վերջիններս օրենքով սահմանված պահանջները կատարեն եւ չտուգանվեն:
Կարդացեք նաև
Քննարկումների ընթացքում աշխատանքային խումբ ստեղծելու, խնդիրները փուլային տարբերակով լուծելու եւ ճանապարհային քարտեզ մշակելու առաջարկ է հնչել:
ԱԺ


















































