Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորություն ունեմ, որ կա հստակ հանձնարարություն Վարդան Ղուկասյանին սադրելու»․ Արամայիս Հայրապետյան

Մայիս 28,2026 21:21 Share

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ Հակակոռուպցիոն դատարանի դահլիճում ոստիկանների կողմից իր պաշտպանյալին հրելով, քաշքշելով՝ հեռացնելուն, որպեսզի նա չպատասխանի լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ Գյումրիում նոր ՏԻՄ ընտրություններ է անցկացնելու, ասաց․ «Վարդան Ղուկասյանը չէր պատրաստվում հարցերի պատասխանել այն պարզ պատճառով, որ մայիսի 30-ին Գյումրու Վարդանանց հրապարակում հնչելու է նրա ուղերձը։ Նա տվյալ պահին լրագրողներին պիտի խնդրեր՝ լսել իր ուղերձը։

Ոստիկանների նման պահվածքը կապ ունի թե՛ քաղաքականության հետ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու Վարդանանց հրապարակում հնչեցրած ելույթի, և թե՛ առհասարակ Վարդան Ղուկասյանին թիրախավորելու հետ։

Դատական նիստը նորմալ ընթացավ, մենք հայտարարություն արեցինք՝ կասկածի տակ դնելով վարչապետի ազդեցությունը դատական պրոցեսի վրա։

Ոստիկանները կանգնած պիտի լինեին Վարդան Ղուկասյանի մոտ, իրենց պարտականությունը դա էր։ Ոստիկանների մի մասը դահլիճի այլ հատվածներում էին կանգնած, թե ինչու, դա ես չգիտեմ։ Երբ դատական նիստն ավարտվեց, ես իմ փաստաթղթերն էի հավաքում, չէի էլ նայում ոստիկանների ուղղությամբ։

Ոստիկաններից մեկը դահլիճի ինչ-որ մի մասից գալիս է Վարդան Ղուկասյանի մոտ և ընթացքում իմ ձեռքից բռնելով՝ ինձ մի կողմ են հրում և սկսում են հարձակվել Վարդան Ղուկասյանի վրա, որը այդ պահին լրագրողների ոչ մի հարցի չէր պատասխանում։

Սա լռեցնելու փորձ էր, որ հանկարծ նա ոչ մի բան չխոսի, ոստիկանները ոչ թե ասում են՝ արի գնանք, այլ քաշում են, չեն թողնում մարդը տեղից վեր կենա։ Քաշում են՝ շատ կոպիտ ու գռեհիկ ձևով։ Տեսնելով, որ մարդուն քաշքշելով են տանում, մտա նրանց մեջ, Վարդան Ղուկասյանը շատ հանգիստ շարունակեց գնալ։

Այսինքն՝ եթե մարդուն չքաշեին, ինքը գնում էր։ Երբ որ ես մոտեցա, Վարդան Ղուկասյանը հանգիստ գնաց, տեսագրությունները կան։ Քաշքշելը կողքի աչքի համար էլ է նյարդայնացնող, անթույլատրելի է և գռեհիկ է։ Ինչո՞ւ եք մարդու քաշքշում»,- ասում է Արամայիս Հայրապետյանը։

Մեր հարցին, թե Վարդան Ղուկասյանին քաշքշելը փորձելո՞ւ են արժանացնել իրավական գնահատականի, Արամայիս Հայրապետյանը նշեց, որ սա նմանատիպ առաջին միջադեպը չէ, իրենք այս դեպքում էլ բարձրաձայնելու են դատարանում։

«Մենք դատարանում միշտ հայտարարել ենք, որ ավելորդ ճնշումներ են բանեցվում թե՛ դատական պրոցեսի վրա, և թե՛ Վարդան Ղուկասյանի անձի վրա։ Վարդան Ղուկասյանի վարքագիծը օրենքի սահմաններում է, բայց տպավորություն է նաև իմ մոտ, որ կարծես հանձնարարություն ունեն նրան ինչ-որ բանում սադրելու։ Մենք ունեցել ենք նախադեպ, երբ անհասկանալի ձևով այս մարդու նկատմամբ քրեական հետապնդում իրականացրեցին դատարանում հնչեցրած իր տեսակետների համար, մինչև հիմա գործը քննվում է։

Պատկերացրեք, մարդը դեռ չի կարողանում տեղից բարձրանալ, դե պիտի բարձրանա չէ՞, որ գնա, սկսում են քաշել, չեն թույլատրում անգամ բարձրանա, գռեհիկ, կոպիտ ձևով քաշում են։ Տպավորությունն այնպիսին է, որ նախ չեն թույլատրում խոսի, թեև ինքը որևէ բան չէր խոսում, և երկրորդ՝ իրենց ագրեսիվությունը սադրիչ տպավորություն է թողնում։

Նորից եմ կրկնում, Վարդան Ղուկասյանը չէր պատրաստվում հարցերի պատասխանել, բայց եթե անգամ պատասխաներ, նա քաղաքացիական անձ է, իրավունք ունի չէ՞ կարծիք հայտնելու, եթե Նիկոլ Փաշինյանին գովերգեր, այդ նույն ոստիկանները սկսեին ծափահարել, չէ՞»։

Փաստաբանը տեղեկացրեց, որ 13 վկաներից երեք վկաների հարցաքննություն է մնացել։ Ըստ նրա՝ այնպիսի վկաներ կան, որոնք եկել են դատարան, ասել՝ որտեղ են ծնվել, որ թվականին ու վերջին անգամ երբ են եկել Գյումրի, ու այսպիսի վկաներ ունենալով՝ Վարդան Ղուկասյանին կալանքի տակ են պահում։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031