«Մեր համոզված ենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկն է», RTVI-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
— Կա նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագիր, որի գործողության ժամկետը նախատեսված է մինչև 2044 թվականը։ Կա՞ն արդյոք այժմ որևէ ազդակներ, որ այդ համաձայնագրի պայմանները կարող են վերանայվել, օրինակ՝ վարձակալության վճարի բարձրացման կամ ընդհանրապես համաձայնագրի վերանայման ուղղությամբ։
— Գիտեք, առայժմ հայկական կողմից նման ազդակներ չեն եղել։ Ավելին, պաշտոնական մակարդակով հայկական կողմը հայտարարում է, որ Երևանը չի քննարկում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի գործունեությունը դադարեցնելու հարցը։
Մենք համոզված ենք, որ այդ ռազմաբազան թե Հայաստանի, և թե ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկն է։ Միաժամանակ տեսնում ենք, որ, ցավոք, որոշ քաղաքական ուժեր և որոշ արևմտամետ հայկական հասարակական կազմակերպություններ փորձում են վարկաբեկել Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը՝ այն ներկայացնելով գրեթե որպես օկուպացիայի գործիք կամ Հայաստանի նկատմամբ փակության ու, այսպես ասած, ոչ բարեկամական վերաբերմունքի դրսևորում։
Կարդացեք նաև
Սակայն այդ բոլոր փորձերն ապարդյուն են, քանի որ բախվում են տեղի բնակչության բարեկամական վերաբերմունքին ռուսական ռազմաբազայի նկատմամբ։ Այն ոչ միայն ռազմական օբյեկտ է, այլև յուրատեսակ ձգողական կենտրոն տեղացիների համար։ Այդ մասին է վկայում նաև բաց դռների օրերին ռազմաբազա այցելող մարդկանց մեծ թիվը, որոնցից վերջինը տեղի է ունեցել հունիսի 12-ին։
— Այդ բաց դռների օրերը բոլոր բնակիչների համա՞ր են։
— Այո՛։
— Եվ կարելի՞ է գալ և տեսնել, թե ինչպես է այն կազմակերպված։
— Այո՛, այո՛։
— Ի դեպ, եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, իսկ 2044 թվականը դեռ բավական հեռու է, մի՞թե այն կարող է անդամակցել Եվրամիությանը՝ իր տարածքում ունենալով ռուսական ռազմաբազա։
— Գիտեք, այս դեպքում դա քննարկման առարկա է հենց հայկական կողմի համար՝ թե Հայաստանին ինչ է թույլատրվում և ինչ՝ ոչ, եթե այն որոշի անդամակցել Եվրամիությանը։ Մենք ելնում ենք նրանից, որ գոյություն ունի գործող համաձայնագիր, այն կատարվում է, և մենք պատրաստ ենք կատարել դրանով ստանձնած մեր պարտավորությունները։ Նույնն էլ ակնկալում ենք հայկական կողմից։


















































