Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարել է իր առաջին ՀԲԸՄ «Գլոբալ վազք» համաշխարհային հանգանակային նախաձեռնության մեկնարկը, որը տեղի կունենա կիրակի, 2026թ․ սեպտեմբերի 20-ին։
Աշխարհի 21 քաղաքներում և այլ վայրերում հարյուրավոր վազորդներ ու քայլարշավորդներ մասնակցելու են 10 կմ վազքի կամ 5 կմ քայլքի՝ ի նպաստ ՀԲԸՄ «Նաիրի» անվճար վերականգնողական ամառային ճամբարին, որը հյուրընկալում է Հայաստանում ու Արցախում պատերազմի, տեղահանության և երկարատև անորոշության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին։
ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վարդգես Քնաջյանը, որը ղեկավարում է այս նախաձեռնությունը, ասել է.
«Վազքն իմ կյանքի մասն է դարձել դեռ մանկությունից՝ Եթովպիայում, որտեղ այն խորապես ներմուծված է տեղի մշակույթում ու ինքնությունում։ 1997-ին ես մասնակցեցի Անտվերպենի մարաթոնին ու հանգանակեցի ավելի քան 50,000 դոլար՝ ՀԲԸՄ-ի Տարեցների ճաշարանների ծրագրի համար։ Այսօր հպարտ եմ ղեկավարելու առաջին «ՀԲԸՄ Գլոբալ վազքը», որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մասնակիցներին՝ հաջակցություն ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարի։ Այս նախաձեռնությունն օգնում է պատերազմից ու տեղահանությունից տուժած երեխաներին ու ընտանիքներին՝ հնարավորություն տալով բուժվելու, վերամիավորվելու ու զարգանալու։ Յուրաքանչյուր նվիրատվութուն նպաստում է հոգեկան առողջության ծառայությունների ու կենսական ծրագրերի ընդլայնմանը»։
Կարդացեք նաև
2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, հազարավոր երեխաներ Արցախից ու Հայաստանից անցել են խորքային հոգեբանական տրավմայով՝ ականատես լինելով ընտանիքի անդամների ցավալի կորստին ու սիրելիների վիրավորվելուն։ Երեք տարի անց, շրջափակումը, որը արգելափակել էր սննդի, էլեկտրաէներգիայի ու անհրաժեշտ պաշարների հասանելիությունը, հարկադրեց շուրջ 120,000 հայերի լքել իրենց հայրենի տները՝ ևս մի նոր սերունդ ենթարկելով հանկարծակի տեղահանության ու կորստի փորձառությանը։
ՀԲԸՄ «Նաիրի» ճամբարը ստեղծվել է այս հրատապ կարիքներին դիմակայելու համար։ Ճամբարը երեխաներին ու ընտանիքներին տրամադրում է անվտանգ միջավայր՝ ապաքինման, ինքնազննման ու ժամանցային կապերի համար՝ հոգեկան առողջության մասնագետների ղեկավարությամբ։ Բացի ճամբարային ծրագրից, ՀԲԸՄ-ն կազմակերպում է նաև ընտանեկան շաբաթավերջյան հանգիստ, որի ընթացքում ծնողներն ու երեխաները ստանում են արվեստաթերապիա, երաժշտաթերապիա ու այլ հոգեբանական աջակցություն։
2026թ․ ՀԲԸՄ-ն նպատակ ունի ամառային ճամբարի ծրագրերի միջոցով հյուրընկալել մինչև 800 երեխայի, ինչպես նաև ընտանեկան ծրագրերով աջակցել շուրջ 800 երեխայի և 450 մայրերի՝ ապահովելով, որ ոչ մի խոցելի ընտանիք չմնա առանց աջակցության։
Հանգանակված գումարները ծառայելու են երեք հիմնական նպատակի․
- ճամբարային ժամանցային ծրագրերի որակի բարելավմանը,
- պատրաստված հոգեկան առողջության մասնագետների աշխատանքի ներգրավմանը,
- ծրագրի կարողությունների ընդլայնմանը՝ երեխաների ու մայրերի առավել մեծ թվի աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Միջոցառման հանգանակային նպատակ է սահմանվել 200,000 ԱՄՆ դոլարը․ մասնակիցները միանալու են քաղաքային այն խմբերին, որոնք ձևավորվել են Բարսելոնայում, Բոստոնում, Բրյուսելում, Ժնևում, Մեծն Լոս Անջելեսում, Լոնդոնում, Մելբուռնում, Մոսկվայում, Նյու Յորքում, Նիսում, Հյուսիսային Կալիֆոռնիայում, Փարիզում, Ֆիլադելֆիայում, Սան Պաուլոյում, Շանհայում, Սիդնեյում, Տոկիոյում, Տորոնտոյում, Վալանսում, Երևանում ու Ցյուրիխում, ինչպես նաև անհատ վազորդների ու քայլարշավող խմբերին։
ՀԲԸՄ Զարգացման ու արտաքին կապերի տնօրեն Քարեն Փափազյանն ասում է.
«Մենք խորապես երախտապարտ ենք այս նախաձեռնության հանդեպ ցուցաբերված մեծ ոգևորության համար։ Աշխարհի տարբեր համայնքների աջակցությունն ապացուցում է մեր միասնական հանձնառությունը՝ օգնելու այս երեխաներին ու ընտանիքներին։ Միասին մենք կկարողանանք համերաշխությունն իրական գործողության վերածել և ապահովել, որ ավելի մեծ թվով երեխաներ օգտվեն ՀԲԸՄ «Նաիրի ճամբար»-ի վերականգնողական ու աջակցող ծրագրերից»։
Նրանք, ովքեր ցանկանում են նոր քաղաքային խմբեր ստեղծել, կարող են կապ հաստատել ՀԲԸՄ-ի Զարգացման ու արտաքին կապերի բաժանմունքի հետ՝ [email protected] էլ․ հասցեով։ Իսկ նրանք, ովքեր ցանկանություն կհայտնեն միանալու որևէ խմբի, մասնակցել անհատապես կամ կատարել նվիրատվութուն, կարող են գրանցվել՝ ՀԲԸՄ-ի կայքի միջոցով։
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպությունն է, որի նպատակն է բարեփոխել հայերի կյանքը կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր տարի ՀԲԸՄ-ն նպաստում է Հայաստանում և սփյուռքում բնակվող շուրջ 500,000 հայերի կյանքի որակի բարելավմանը: 1906 թվականից ի վեր ՀԲԸՄ-ն հավատարիմ է իր՝ համայն հայության բարգավաճմանն ու բարօրությանն ուղղված առաքելությանը: ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքում: ՀԲԸՄ Հայաստանի մասին հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք www.agbu.am:
ՀԲԸՄ մամուլի գրասենյակ


















































