Այս պահին Սահմանադրական դատարանը (ՍԴ) ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները քննում է արդեն բաց նիստով։
Արդեն տեղեկացրել ենք, ՍԴ-ն օրվա առաջին կեսից մինչև ժամը 17։30-ի նիստի հատվածն անցկացնում էր դռնփակ։ ՍԴ-ն արդեն 5 օր է քննում հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշման դեմ 7 կուսակցությունների ներկայացրած դիմումները, որոնցով վիճարկվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Երեկվա նիստում ներկայացված միջնորդությունների հետ կապված ՍԴ որոշումների մասին ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ասաց․ «Բավարարվել է միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ մասնակի՝ միավորված գործով՝ որպես ապացույց գործին սոցիոլոգ Մարիամ Մխիթարյանի եզրակացությունը կցելու վերաբերյալ միջնորդությունը։ Մասնակի է բավարարվել, որովհետև Մարիամ Մխիթարյանի՝ որպես վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
ԲՀԿ միջնորդությունը՝ գործի քննության շրջանակներում առանցքային նշանակություն ունեցող ԸՕ 95-րդ հոդվածի 2-րդ մասի անճշտությունների թվի գումարման մասով, Սահմանադրության 2-րդ, 7-րդ և 89-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին մասին համապատասխանելիությունը որոշելու վերաբերյալ, մերժվել է, բայց բովանդակային առումով դրան անդրադարձ կկատարի ՍԴ զեկուցող դատավորը»։
Կարդացեք նաև
Արման Դիլանյանը հիշեցրեց, որ բավարարել էին նաև ապացույց պահանջելու միջնորդությունը և ԿԸՀ-ից պահանջել ներկայացնել քվեաթերթիկ և ծրարներ․ «Փորձաքննություն նշանակելու մասով մերժվել էր միջնորդությունն այն տրամաբանությամբ, որ մենք կհետազոտենք դրանք դատական նիստի ընթացքում։ Ապացույցները ներկայացվել են, կարող ենք նիստին հետազոտել դրանք»։
ԿԸՀ ներկայացուցիչ Արմեն Սմբատյանը տեղեկացրեց․ «Ներկայացվել է 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների տրամադրության տակ եղած 5-ական ծրար՝ փաթեթներով, և 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց ծրարները կամ արդեն հանձնել են ԿԸՀ, կամ որպես մակուլատուրա են հանձնել։
Հինգ ծրար էլ բերվել է ԿԸՀ պահեստից, որտեղ խառը ծրարներ էին։ Եվ բերվել է մեկ քվեարկության պարկ՝ 1/17 տեղամասինը, որտեղ բոլոր կուսակցությունները կամ դաշինքները ստացել են գոնե մեկական ձայն, որ հնարավոր լինի այնտեղից քվեաթերթիկներ դիտարկել։ Այն քվեաթերթիկներն են բերվել, որոնք օգտագործվել են ընտրության ընթացքում»։
ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց․ «Իմ առաջարկն է՝ քվեաթերթիկը դնել ծրարի մեջ և բոլոր մասնակիցների մոտով անցկացնել»։ Նաև հավելեց․ «Մեզ անհրաժեշտ է, որ դա լինի պատահական ընտրանք, այլ ոչ թե հատուկ նայված լինի՝ որոնք թափանցիկ ծրարներ են, որոնք՝ ոչ։ Եթե պատահական ընտրանքով է ընտրված տարբեր տեղերից, խնդիր չեմ տեսնում, կարող ենք 27 տեղամասերով շարժվել։ Ասել եք՝ առաջին պատահած հինգ ծրարը դնեն, թե՞ նայեն, որ չթափանցի»։
Արմեն Սմբատյանը վստահեցրեց․ «Ասվել է՝ ՍԴ պահանջով ցանկացած հինգ ծրար դրեք փաթեթի մեջ և ուղարկեք ԿԸՀ»։
Այնուհետև ՍԴ-ում սկսվեց փորձարկումը՝ արդյոք ծրարները թափանցում են, թե՞ ոչ։
ՍԴ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































