Պետական քարոզչությունը մարդկանց ուղղում է անիմաստ եւ վնասակար բնազդների դաշտ
Ավստրիացի հոգեբան Ալֆրեդ Ադլերի ուսումնասիրության հիմնական ուղղություններից մեկը թերարժեքության եւ գերազանցության բարդույթներն էին՝ իրենց համալիր, փոխկապակցված դրսեւորումներով: Թերարժեքության կամ առավելության զգացում ունենք բոլորս՝ շատ բնական է, որ մենք մեզ թերարժեք ենք զգում ինչ-որ մարդկանց հետ համեմատ, ինչպես նաեւ ձգտում ենք ինչ-որ հարցերում առավելությունների հասնել: Չկան 100 տոկոսով ինքնաբավ մարդիկ, մեզ անպայման ինչ-որ բան չի բավականացնում (նյութական եւ ոչ նյութական ոլորտներում), եւ, շատ նորմալ է, որ մենք ձգտում ենք այդ «ինչ-որ բանը» ձեռք բերել: Թերարժեքության ու գերազանցության զգացումները վերածվում են բարդույթի, պաթոլոգիայի միայն այն պարագայում, երբ մարդիկ չեն կարող նորմալ ինտեգրվել հասարակությանը եւ իրենց ամբողջ ջանքերն ուղղում են իրենց եւ իրենց շրջապատի համար վնասակար նպատակներին հասնելու վրա:
Որպես հոգեվերլուծաբան՝ Ադլերն, իհարկե, պատճառահետեւանքային արմատներ է փնտրում մանկության, դրա մասին հիշողությունների մեջ: Ի՞նչը կարող է նպաստել մարդու բարդույթավորվելուն: Հոգեբանը բերում է մի քանի բնորոշ դեպքեր. ծնողները չափից դուրս շատ են երես տվել, կամ հակառակը՝ պատշաճ ուշադրություն չեն դարձրել երեխային, կամ ինքը՝ երեխան, ինչ-որ ֆիզիկական արատներ է ունեցել, որոնց վրա կենտրոնացել են ինքն ու շրջապատը, կամ՝ նա առաջին երեխան էր ընտանիքում, որոշ ժամանակ ամեն ինչի տերուտիրականն էր, բայց հետո ծնվել է երկրորդ երեխան, եւ նրան, այսպես ասած, «իջեցրել են պատվանդանից»:
Այդպիսի երեխաները հաճախ դրսեւորում են բռնապետական հակումներ. մեծանալով՝ ցանկանում են բոլորին ու ամեն ինչ վերահսկել, հաճախ են ընկնում դեպրեսիաների մեջ, կենտրոնացած են սեփական ցավերի, ապրումների, «ինքնախղճահարության» վրա: Շատերը դառնում են նաեւ հանցագործ, քանի որ, ըստ Ադլերի, արիություն չունեն առերեսվել կյանքի մարտահրավերներին, իսկ հանցագործություն կատարելով, փախչում են իրականությունից, «շրջանցում են» այն: Հոգեբանի կարծիքով՝ հանցագործները հաճախ իրենց հերոս են զգում, բայց իրականում վախկոտ մարդիկ են: Վերը հիշատակած բարդույթների դեպքում սեփական անճարակությունը համակում է մարդուն եւ մղում է նրան անիմաստ, զարգացմանը խոչընդոտող գոյատեւմանը: Այսքանից պարզ է, որ որպես բարդույթներ՝ թերարժեքությունն ու գերազանցությունը մեդալի երկու կողմերն են:
Կարդացեք նաև
Անհատական եւ սոցիալական հոգեբանությունները սերտորեն կապված են իրար հետ: Նույն Ադլերը նշում է, որ, եթե խոսքը մարդու մասին է, ապա անհատականը չի կարող սոցիալական չլինել, քանի որ մարդը դրսեւորվում է միայն սոցիալական միջավայրում: Անհատական պաթոլոգիաները վերը նկարագրված դեպքերում ի հայտ են գալիս, երբ, օրինակ, երեխան, որն այս կամ այն պատճառով ուշադրության կենտրոնում էր, հանկարծ զրկվում է այդ ուշադրությունից եւ ստիպված է նոր հարաբերություններ կառուցել հասարակական միջավայրում (օրինակ, դպրոցում):
Իրենց հերթին սոցիալական պաթոլոգիաներն առաջանում են անհատներին սխալ ուղղորդելու, սխալ կողմնորոշելու արդյունքում: Ներկայիս ՔՊ-ական ռեժիմի հիմքում դրված է հենց սոցիալական պաթոլոգիա, որը շահագործում է թերարժեքության բարդույթը: 30 տարուց ավելի մարդկանց սերնդեսերունդ համոզում էին եւ շարունակում են համոզել, որ «չար ուժերն» իրենց ինչ-որ բանից զրկել են: Եվ այդ «զրկվածների» կյանքի նպատակը պետք է լինի իրենց «զրկողներից» վրեժ լուծել՝ այդ վրեժն անվանելով «արդարություն»: Այսինքն՝ թերարժեքության եւ գերազանցության միանգամայն բնական զգացմունքները տասնամյակներ շարունակ ուղղորդվում էին անիմաստ, աննպատակ, անօգուտ մի ոլորտ՝ ձեռք բերելով բարդույթի, այսինքն՝ պաթոլոգիայի կարգավիճակ:
Այստեղից պարզ է, թե ինչու է ներկայիս պետական քարոզչությունը կառուցվում՝ հիմնվելով մարդկանց ստորին բնազդների, նախեւառաջ՝ նախանձի վրա: «Ծառուկյանից տունը խլենք, ծերանոց սարքենք ու այնտեղ ապրենք»: Ընդ որում, իշխանությունը «քսի է տալիս» այն հարուստների վրա, որոնք այս կամ այն չափով հակադրվում են Փաշինյանին: Թոխմախի Մհերի տունը խլելու մասին խոսք չկա, որովհետեւ անցած ընտրություններում այդ, մեղմ ասած, ոչ միանշանակ անձնավորությունն աշխատում էր ՔՊ-ի համար: Ավելին՝ խոսք չկա անգամ «Սաշիկի» մասին, չնայած իշխանափոխությունից առաջ այդ անունը կրկնվում էր օրը մի քանի անգամ:
Այդպիսով, թերարժեքության բարդույթը սոցիալական մակարդակով ոչ միայն չի բուժվում, այլեւ, հակառակը՝ միտումնավոր զարգացվում է եւ խորացվում:
«Ռուբեն Վարդանյանն իր հիմար խելքից է հայտնվել Բաքվի բանտում»: Նման բաներ խոսացող կամ գրող մարդիկ տառապում են խորը եւ անբուժելի հոգեկան հիվանդությամբ: Հիվանդություն, որը միանգամայն հարիր է «իրական Հայաստանին»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.06.2026

















































