Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը։ Դատարանը մեղադրական վերդիկտ է կայացրել նրա նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատավորի, դատախազի և քննիչի մասնագիտական գործունեության հետ կապված նրանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:
Ըստ մեղադրանքի՝ 2025 թվականի հոկտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված հրապարակմամբ նա, անդրադառնալով Մկրտիչ Սրբազանի կալանավորմանը վերաբերող քրեական վարույթին, քննիչների, հսկող դատախազի և կալանավորման որոշում կայացրած դատավորի վերաբերյալ օգտագործել էր արտահայտություններ, որոնք, մեղադրող կողմի գնահատմամբ, արատավորել էին նրանց պատիվն ու արժանապատվությունը և վնաս պատճառել իրավունքներին ու օրինական շահերին։


















































