«Երբ ես լսեցի Իսրայելի կառավարության այդ որոշման մասին, վիրավորանք ու ամոթ ապրեցի։ Ամաչեցի, որովհետև Իսրայելի բոլոր կառավարությունները հրաժարվել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մի ժողովրդի համար, որը նույնպես ցեղասպանություն է տեսել, սա անընդունելի է, և որևէ քաղաքական կամ այլ հաշվարկ այդտեղ չպետք է տեղ ունենա… Ցավոք, մեր կառավարությունը տարբեր պատրվակներով ցինիկաբար հրաժարվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես կարելի է… Ինձ համար դա նույնն է, ինչ որևէ կառավարություն ասեր. «Իսկ մենք չենք ճանաչում հրեաների ցեղասպանությունը։ Մենք դրա վերաբերյալ մեր սեփական կարծիքն ունենք»։ Եվ, այո՛, կային երկրներ ու քաղաքական շարժումներ, որոնք չէին ճանաչում հրեաների ցեղասպանությունը»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ նշեց Իսրայելի «Նատիվ» գաղտնի ծառայության նախկին ղեկավար, քաղաքագետ Յակով Կեդմին։
Նրա ձևակերպմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ դեր է ունեցել հայկական հզոր սփյուռքը, որը, նրա կարծիքով, տարբերվում է հրեականից. «Հայկական սփյուռքը բավականին ուժեղ է Ֆրանսիայում։ Համեմատաբար՝ Միացյալ Նահանգների արևմտյան ափին։ Իր ժամանակին ուժեղ է եղել Եգիպտոսում։ Ես դեռ հիշում եմ՝ ԲԿՄԱ-ում (ЦСКА) խաղում էր մի հիանալի բասկետբոլիստ Արմենակ Ալաջաջյանը։ Այո՛, կար այդպիսի մեկը։ Օրինակ, նա ծնվել էր Եգիպտոսում, վերադարձել Հայաստան, որովհետև հայերի մոտ նույնպես գոյություն ուներ այդ երևույթը՝ վերադարձ դեպի սեփական հայրենիք… Արմենակին ես հիշում եմ»,- հավելեց քաղաքագետը։
Նրա ձևակերպմամբ, հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանությունները միայն իրականացման ձևով են տարբերվում։ Նա հիշեց նաև, որ ժամանակին Երուսաղեմում թուրքական կառավարիչը ևս որոշել էր Երուսաղեմից վռնդել բոլոր հայերին ու հրեաներին, բայց թուրքական բանակի կողքին գերմանացի գեներալներ կային, որոնց կարծիքով դա անմարդկային էր, ու ճնշումների ներքո չեղարկվեց հրեաների և հայերի արտաքսումը Երուսաղեմից և Յաֆֆայից։
Յակով Կեդմին ասաց, որ այն, ինչ տեղի է ունեցել այս օրերին, հիմքում քաղաքական ու տնտեսական հաշվարկներ ունի. «Մեր երկիրը պետք է առաջինը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը անկախություն ձեռք բերելուց հետո, իսկ այն, ինչ տեղի է ունեցել դրանից հետո, բավականին ուշացած է, չնայած ես գոհ եմ, որ, այնուամենայնիվ, պրոցեսը գնացել է… Թուրքիան Պաղեստինի հետ կապված վեր կացավ ու մեղադրեց Իսրայելին՝ թե դու ինքդ ես ցեղասպանություն արել։ Իսրայելում էլ մտածեցին՝ եկեք մենք էլ դրանց պատասխանենք քաղաքական բանավեճի շրջանակներում։ Ոչ թե նրա համար, որ կիսում ենք հայ ժողովրդի վիշտը… Ախր հայ ժողովուրդը մեծաթիվ չէ։ 1,5 միլիոն ցեղասպանված հայը չափազանց շատ է այս ժողովրդի համար…
Կարդացեք նաև
Մեր Սուրբ Գրքում գրված է, որ շատ հաճախ Աստված արդար գործերն անում է ուրիշների ձեռքերով։ Կամ կա մեկ ուրիշ տարբերակ՝ սրիկաների ձեռքերով։ Տվյալ դեպքում դա կիրառելի է… Այո՛, դա արդար գործ է արվել, սուրբ գործ։ Բայց դա արվել է կեղտոտ ձեռքերով, կեղտոտ հաշվարկների հիման վրա։ Բայց փառք Աստծո, որ դա արվել է»։
Յակով Կեդմին կոշտ քննադատություն հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը, իր տպավորությամբ, կարծես գոհ չէ այս ճանաչումից։ «Ո՞նց կարող է որևէ հայ քվեարկել նրա իշխանության օգտին»։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, թե արձագանքի կարիք չեն տեսնում, որովհետև կարծում են, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































