Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի երկու որդիների նկատմամբ հայտարարվել է հետախուզում, գրավը փոխարինվել կալանքով

Հուլիս 02,2026 18:46 Share

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ արտասահմանում գտնվող որդիների՝ Արտյոմ և Արամ Խաչատրյանների նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանն այսօր խափանման միջոց գրավը փոխեց կալանքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Խաչատրյանները առողջական խնդիրների պատճառով չէին կարողացել ներկայանալ այսօրվա դատական նիստին, սակայն հանրային մեղադրողը միջնորդել է գրավը փոխել և կիրառել կալանք։

«Մենք առարկեցինք այդ միջնորդության դեմ՝ հիմնավորելով, որ օրենքը նախատեսում է՝ եթե անձը հարգելի պատճառով չի ներկայացել նիստին, ապա խափանման միջոցը չի կարող փոփոխվել։ Այն կարող էր փոխվել միայն անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում։ Դատարանին ներկայացրել ենք առողջական վիճակին վերաբերող փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ նրանք այս պահին չէին կարող թռիչք իրականացնել։ Նրանք պետք է անցնեն անհրաժեշտ հետազոտություններ, հետո նոր կարողանան մեկնել։ Ընդամենը պետք էր սպասել երկու օր»,- ասաց Սարգսյանը։

Նա ընդգծեց, որ երկու տարվա ընթացքում բազմաթիվ դատական նիստեր են եղել, և չի եղել որևէ դեպք, երբ Խաչատրյանները չներկայանան, և նիստը նրանց պատճառով հետաձգվի։

«Արտյոմ Խաչատրյանը բիզնես գործունեության բերումով բազմաթիվ անգամներ մեկնել և վերադարձել է։ Այսօր, սակայն, միանգամից եզրակացնում են, թե նրանք թաքնվում են քննությունից և խոչընդոտում դատական նիստի բնականոն ընթացքը։

Մենք նաև միջնորդում էինք, որ այս հարցի քննությունը հետաձգվի մինչև հուլիսի 7-ը՝ ընդամենը հինգ օրով։ Նշում էինք, որ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք կարող են միջնորդել, որպեսզի դատական նիստը կայանա առանց իրենց ներկայության։ Այդ փոփոխությունն ուժի մեջ է մտնում հուլիսի 6-ին։ Սակայն դատարանը բավարարեց հանրային մեղադրողի միջնորդությունը և չսպասեց մի քանի օր»,- ասաց պաշտպանը։

Սարգսյանի խոսքով՝ դատարանի այս որոշումից հետո իրենց պաշտպանյալները երկար ժամանակ գտնվելու են իրավական անորոշ վիճակում, քանի որ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և կիրառվել է կալանք։

«Հակասական իրավիճակ ստեղծեցին, քանի որ Խաչատրյանների նկատմամբ այս գործընթացը սկսվեց ընտրություններից առաջ։ Այստեղ ակնհայտ է, որ գործընթացներն այլ նպատակներ ունեն, քան իրավականը։

Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ մեկ այլ քրեական գործով ևս մեղադրանք է առաջադրվել, և նրա նկատմամբ կալանքի որոշում է կայացվել։ Խոսքը վերաբերում է 2010 թվականին ենթադրյալ կատարված արարքին, որը քննվել է 2019 թվականին, և այն ժամանակ հաստատվել էր, որ հանցագործություն չկա։ Սակայն նույն ապացույցների հիման վրա, ընտրություններից երկու օր առաջ, որոշվել է, որ արդեն հանցագործություն կա և պետք է կալանավորվի։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն ապացույցները 2019 թվականին հանցագործություն չէին, իսկ 2026 թվականին դարձան հանցագործություն։ Այս հարցին պատասխան չկա։ Սա պարզապես կամայական որոշում է և վկայում է, որ այստեղ իրավական գործընթացներ չեն ընթանում, այլ առկա են քաղաքական կամ այլ նպատակներ, որոնք հետագայում կպարզվեն»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031