Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չենք կարող դիտորդի նման հետեւել, թե ոնց կարող են միջազգային երկաթգծերը մտնել Հայաստան եւ շրջանցել Հայաստանը»․ Նիկոլ Փաշինյան

Հուլիս 02,2026 19:16 Share

«Հնարավոր չէ, որ Հայկական երկաթուղու հարցով վերանայենք մեր մոտեցումը, բայց մյուս կողմից, այն, ինչ մենք հայտարարել ենք, դա էլ չենք պատրաստվում վերանայել»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ռուսական կողմի հետ քննարկումներում Հայկական երկաթուղու հարցով նոր զարգացումներ կա՞ն։

Նա նշեց, որ արդեն գործընթացներ են սկսվել, որոնք միտված են Գյումրի-Ախուրիկ եւ Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնմանը։ «Եվ մենք անելու ենք այդ աշխատանքները։ Ինչ վերաբերում է մնացած հատվածին, մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում՝ մեր գործընկերների հետ։ Եվ մեր դիրքորոշումները չեն փոխվել ու չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետեւել, թե այդ թվում՝ մեր կողմից գործողություններ չձեռնարկելու պատճառով ոնց կարող են միջազգային երկաթգծերը գալ, մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով՝ շրջանցել Հայաստանը։ Չի կարող այդպիսի բան լինել»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ երկաթուղին ՀՀ սեփականությունն է եւ պետք է ծառայի ՀՀ շահերին, Հայաստանի կառավարությունը պետք է ելնի այս ելակետից․ «Եվ մենք մեր սեփականությունը պետք է կառավարենք։ Մանրամասներ չեմ կարող ասել, որովհետեւ այդ թվում՝ իրավական կոնսուլտացիաների ու աշխատանքային քննարկումների արդյունքում պետք է այդ հարցերը լուծենք»։

Փաշինյանը նշեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը բոլոր գործընթացներին ներգրավված է, այսինքն՝ իրենք տեղյակ են, թե ինչ է տեղի ունենում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել