«Ոչ մեկի փեսան չեմ, 27 տարի է՝ դատավոր եմ։ Շատերը որևէ խնդիր չունեն այդ առումով։ Կարող են լինել առանձին անձինք, որոնք ինչ-որ մեկի բարեկամն են, բայց դա չի նշանակում, որ այդ դատավորները կոռումպացված են»,- դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պարզեք՝ որ դատավորը ում հարսն է, որը՝ ում փեսան, ասաց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը։
Հարցին, թե ինչպես պետք է դատավորներն իրենց հաշիվ տան, որպեսզի դառնան Նիկոլ Փաշինյանի «սրտի դատավորները», Համբարձումյանն ասաց. «Մեր գործն ենք անում»։
Հիշեցնենք, որ այսօր ընթանում է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի երեք անդամի ընտրությունն է։
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաև, որ հանձնաժողովը նախկինում կազմված էր վեց դատավոր և երկու ոչ դատավոր անդամից, սակայն քաղաքացիական հասարակության պահանջով ոչ դատավոր անդամների թիվն ավելացվել է երեքով՝ կազմը դարձնելով վեց դատավոր և հինգ ոչ դատավոր անդամ։
Թափուր երեք տեղի համար առաջադրվել է յոթ թեկնածու՝ դատավոր Արմինե Թումասյանը, Վճռաբեկ դատարանի աշխատակից Մելիք Մելիքյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անուշ Մկրտչյանը, իրավաբան Լուսինե Հակոբյանը և Արտակ Մկրտչյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































