Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական հակառակորդին նվաստացնելն իշխանությանը երբեք չի դարձնում ավելի ուժեղ». «Ջենեսիս Արմենիա»

Հուլիս 07,2026 23:50 Share

Այսօր, երբ ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ ցուցադրաբար տարան Քննչական կոմիտե, Հայաստանի քաղաքական կյանքում հերթական անգամ հատվեց այն սահմանը, որը բաժանում է օրենքի գերակայությունը քաղաքական հաշվեհարդարից։

Երբ պետական ուժային մեքենան օգտագործվում է ոչ միայն քրեական վարույթ իրականացնելու, այլև մարդու քաղաքական հեղինակությունը հրապարակավ խորտակելու համար, վտանգվում է հենց պետության իրավական հիմքը։

Ցուցադրական կադրերը, հրապարակային նվաստացման մթնոլորտը, ոչ անհրաժեշտ ուժի ցուցադրումը և դրան հաջորդած երկու ամսվա կալանքը շատերի համար դարձան ոչ թե արդարադատության, այլ քաղաքական վրեժխնդրության խորհրդանիշ, ինչին ՀՀ հասարակությունն ու աշխարհասփյուռ հայությունը ականատեսն են վերջին 8 տարում։

Եթե իշխանությունը վստահ է իր իրավական դիրքորոշմանը, ապա այդ մասին պարտավոր է խոսել դատարանում՝ ապացույցներով, այլ ոչ թե տեսախցիկների առջև կազմակերպված ուժային ցուցադրական ներկայացումներով։

Քաղաքական հակառակորդին նվաստացնելն իշխանությանը երբեք չի դարձնում ավելի ուժեղ․ հակառակը, դա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանում կեղծված ընտրություններով վերարտադրված ՔՊ իշխանության օրոք պետական ինստիտուտները վերածվել են քաղաքական անհաշտ և անհանդուրժող պայքարի գործիքների։ Երբ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները հանրության աչքում սկսում են ընկալվել որպես իշխանության քաղաքական կամակորությունները կյանքի կոչող ռոբոտ-մեխանիզմներ, կասկածի տակ է դրվում նրանց անկախությունն ու ամբողջ իրավապահ համակարգի հեղինակությունը։

Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ ընդդիմադիր գործիչ, լրագրող, հասարակական ակտիվիստ կամ պարզապես իշխանությանը քննադատող քաղաքացի։ Երբ իրավունքն ստորադասվում է քաղաքական վենդետային ու նպատակահարմարությանը, վտանգվում է յուրաքանչյուրի ազատությունն ու անվտանգությունը։

Պետությունը չի հզորանում ցուցադրական ձերբակալություններով, նվաստացնող կադրերով և քաղաքական հակառակորդների մեկուսացմամբ։ Ուժեղ պետությունը կառուցվում է օրենքի անաչառ կիրառմամբ, դատարանների անկախությամբ և այն սկզբունքով, որ նույնիսկ կոմպրոմիսի չգնացող քաղաքական հակառակորդն ունի արժանապատվության և արդար դատաքննության անքակտելի իրավունք։

Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական հաշվեհարդարի ճանապարհն ընտրած իշխանությունները ժամանակավորապես կարող են լռեցնել իրենց հակառակորդներին, սակայն երբեք չեն կարող այդ ճանապարհով ամրապնդել պետությունը։ Նրանք միայն խորացնում են հասարակական բաժանումները, թուլացնում պետական ինստիտուտները և խարխլում այն վստահությունը, որի վրա պետք է հենվի ցանկացած ժողովրդավարական և իրավական պետություն։

 

«Ջենեսիս Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031